Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը կլուծի՞ տաքսիստների հարցերը, թե` Գագիկ Բեգլարյանը

Մայիս 05,2014 21:05

Ապրիլի 16-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ավտոներկրողների հետ, որի ընթացքում մի խումբ ավտոներկրողներ, ուղեւորափոխադրում իրականացնող վարորդներ եւ տաքսիստներ մաքսազերծման պարզեցման, օրենսդրական բացերի եւ տուգանքների խոշոր լինելու հետ կապված հարցեր են բարձրացրել: Պարոն Ծառուկյանն էլ խոստացել էր օրենսդրական նախաձեռնություններով հարցը բարձրացնել ԱԺ-ում:  Բառացիորեն երկու օր հետո տաքսիստներին ընդունել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որն էլ վստահեցրել էր, թե Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել օրենսդրական փաթեթ, որն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Պարոն Բեգլարյանը նաեւ հայտնել էր, որ նոր օրենքով նախատեսվում է ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավո րուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշների պահանջը` այն փոխարինելով ինքնակպչուն ներդիրներով: Ըստ նախարարի, օրենքը նպատակ ունի բարեփոխել նաեւ մատուցվող ծառայությունների որակը:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Բեգլարյանը որոշեց տաքսիստներին ընդունել հենց այդ օրերին, երբ նրանց հարցերը խոստացել է լուծել Գագիկ Ծառուկյանը, այն դեպքում, երբ ամիսներ նույնիսկ տարիներ շարունակ նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Գագիկ Բեգլարյանի մոտ գնացել են քամելիոն, գրպանային հասարակական կազմակերպություններ, որոնք հաշվիչների արտադրություն ունեն Հայաստանում եւ ինքնակպչուն կտրոնի հետ միասին ուզում են օրենքով պարտադրել հաշվիչ հասկացողությունը, որը անընդունելի է շրջանի բոլոր տաքսու վարորդներին:  Նրանք ներքաղաքային ծառայությունը մատուցում են 400-500 դրամով»:

Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ. «Ես դիմել եմ բոլոր կուսակցություններին ԱԺ խմբակցություններին, սակայն ընդդիմադիր դաշտի քառյակի շրջանակներում միայն պարոն Ծառուկյանն է մեզ ընդունել, մնացածը քնած են ուշքն ու մտքները իշխանափոխությունն է, համակարգի փոփոխությունը»:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավարը դիմել է նաեւ

ՀՀ նախագահին եւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Լսել եմ, որ քավոր-սանիկ մոտեցումները պետք է վերանան եւ պրոֆեսիոնալները կառավարեն, այդ պատճառով վարչապետին տեղեկացրել եմ, որ լիգայի անդամ հանդիսացող բոլոր հ/կ-ներում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք կարող են կառավարել ուղեւորափոխադրում ծառայությունը, տաքսու ոլորտը: Տրանսպորտի ցանկացած ոլորտում մենք ունենք մասնագետներ: Թող տան մեզ միջոցներ եւ մենք կկառավարենք: Գրանտային ծրագրերը ոչնչացնելու եմ: Ինչ խոսում են,  գրանտ ա, ինքնակպչուն ժապավեններն էլ են գրանտ: Քանի Բեգլարյանը տրանսպորտի նախարար է, այդ ոլորտը չի կարգավորվելու»:

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի, պետք է լինի մի քանի դասակարգմամբ տաքսիներ ու  վարորդներ` «հարսանիք-նշանդրեք» գնալու համար, «ոսկեզօծ», «քաղաքակիրթ, փողկապով եւ շփվելու բարձր մակարդակ ունեցող» տաքսիներ ու վարորդներ.

«Մենք Գագիկ Բեգլարյանին առաջարկել ենք կայանատեղեր ստեղծել Հայաստանում եւ մատնանշել ենք, թե որտեղ կան դրանք, գրանցել վարորդին, որպեսզի հասարակությունը վարորդից բողոք ունենալու դեպքում իմանա ում է դիմում, իսկ իրենք գնացին անմիջապես գրանտ շահեցին եւ բուժզննումն ու տեխզննումը դարձրին ֆիկտիվ: Ես ասում եմ օրենքով պետական վերահսկողություն իրականացրած վարորդի անձի եւ մեքենայի նկատմամբ, նրանք գնում գրանտ են «կպցնում»»:

Տիգրան Հովհաննիսյանը, մատնանշելով նախարարի` տաքսիստների հետ հանդիպումը, Գագիկ Բեգլարյանին հարցնում է. «էդ խի՞ Տիգրան Հովհաննիսյանին չես կանչել: Իրենք գաղափար գողացող են: Երեք անգամ հանդիպել եմ նրանց, մինչեւ հասել եմ տուն գրանտային ծրագիր են կպցրել եւ իմ գաղափարները կյանքի կոչել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031