Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անկախության հռչակման մեկ օր ուշացումն այլևս հանցագործություն է

Մայիս 05,2014 11:15

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանի հայտարարությունն Արցախի արտաքին քաղաքականության շուրջ

Վերջին ամիսների քաղաքական զարգացումները` կապված Ուկրաինայի և մասնավորապես Ղրիմի շուրջ, ստեղծել են նոր իրավիճակ նաև Հարավային Կովկասի քաղաքական զարգացումների համար: Եվրոպական վերլուծաբանները և այդ թվում սլովակ քաղաքական գործիչներն իրենց տարակուսանքն են հայտնում Հայաստանի իշխանությունների հաշտվողական ու իներտ վերաբերմունքի շուրջ` կապված Արցախի խնդրի հետ: Ցեղասպանության 99-ամյակի իր ելույթում սլովակ հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ, Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամ Յան Չառնոգուրսկին նշեց, որ «Սլովակիայից կարելի է սպասել հսկայական օգնություն, եթե այսօր Ադրբեջանն Արցախի և կամ Հայաստանի դեմ ոտնձգություններ սկսի»:

Մենք հաստատում ենք, որ Սլովակիայի հետ դիվանագիտական և քաղաքական աշխատանքների զարգացման դեպքում Սլովակիան Հայաստանին ու Արցախին կօգնի, ինչպես ռազմավարական գործընկեր: Հարկ է նշել նաև, որ Սլովակիայում Հայաստանի դեսպանի դեֆակտո բացակայությունը /Սլովակիան դեյուրե ծածկում է Պրագայում հայկական դեսպանությունը, որի ակտիվությունը Սլովակիայում համարյա հավասարվում է զրոյի/, թույլ չի տալիս հայ-սլովակական հարաբերությունների զարգացման այնպիսի մակարդակ, որին ձգտում են հասցնել Սլովակիայի հայ լոբիստները: Լիովին անհասկանալի է նաև Արցախի իշխանությունների դիրքորոշումն արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Եվրոպայում շատերը կարծում էին, որ, օգտվելով Ղրիմի Ռուսաստանին կայծակնորեն միանալու փաստից, Արցախը նույնպես կսկսի սրընթաց գործընթաց և նույնքան արագորեն կմիանա Հայաստանին, կամ գոնե կհաստատի իր անկախությունը` պահանջելով մի շարք բարեկամ երկրներից ու ամենից առաջ Հայաստանից իր անկախության հաստատումը: Սակայն ավաղ, արցախյան իշխանությունները քնած են լեթարգիական քնով` հար և նման Հայաստանի նախագահին և արտգործնախարարին: Մենք հաստատում ենք, որ աշխատանքների լավ զարգացման դեպքում հնարավոր էր վերջին տարիների ընթացքում Սլովակիայում և մի շարք բարեկամ երկրներում բարձրացնել Արցախի անկախության հարցը: Մեր խորին համոզմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ զարգացման դեպքում այսօր էլ կարելի է արագորեն լուծել Արցախի Հայաստանին միանալու խնդիրը: Այս թեմայի շուրջ խորհելու տեղիք է տալիս օրեր առաջ «Ռեգնում»-ում տպագրված փորձագետ Վիկտոր Յաղուբյանի վերլուծությունը, որտեղ տրվում է գնահատական Ադրբեջանի ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին և դրան ոչ համարժեք ՀՀ-ի և Արցախի իշխանությունների արձագանքին: Իսկապես Ադրբեջանն իրադրությունը լարում է «բլից կրիգով» Արցախը գրավելու երազանքով, որին ի պատասխան հայկական կողմն ակնհայտորեն ոչինչ չի կարողանում ձեռնարկել: Այս իրադրությունից դուրս գալու իդեալական ելքն Արցախը Հայաստանին միացնելու գործընթացի կայծակնային իրականացումն է, որի համար մենք դիմում ենք արցախյան իշխանություններին` պահանջելով շտապ և մտածված քայլեր կատարել: Պահանջել բառն օգտագործում եմ` ելնելով այն տրամաբանությունից, որ պասիվ քաղաքականությունը շարունակելու դեպքում Ադրբեջանը կարող է գործել ճակատագրական սխալ և հարձկվել Արցախի վրա, որի արդյունքում ԵՀՄՖ-ը և արտերկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները դիմելու են արտերկրի հայությանն` Արցախին օգնելու պահանջով, և հայտնվելու են բազմակի անգամ ավելի ծանր իրավիճակի մեջ. որքան ավելի հեշտ է այսօր կատարել մտածված քայլեր` 10 միլիոն հայությանն ապագայում ծանր իրավիճակի մեջ չդնելու միտումով:

Հուսով ենք, որ Արցախի նախագահը և ԱԳՆ-ը կձեռբազատվեն Հայաստանից եկող ճնշումներից ու, ընկալելով ՀՀ-ում ներքին քաղաքական ոչ պարզ իրավիճակից բխող հետևանքների առկայությունը, կլինեն նախահարձակ և կկատարեն որոշակի խիզախություն պահանջող և իրավիճակին համարժեք ակտիվ քայլեր` ընդհուպ մինչև Հայաստանին միանալու գործընթացի սրընթաց իրականացումը:

ԵՀՄՖ-ի նախագահ

Աշոտ Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031