Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնը լքում է Հայաստանը: Պատճառը՝ սպորտի պետական կառույցի անտարբերությունն է

Մայիս 04,2014 20:22

«Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն օրերս հայտարարեց, թե ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը մայիսի 11-ին Յարոսլավլ քաղաքում թուրք մրցակցի հետ չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտում վերջին անգամ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: «Դրանից հետո Դավիթը ութանկյուն կմտնի արդեն որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ», – ասել է չեմպիոնի մարզիչը:

Aravot.am-ին մտահոգեց այս հայտարարությունը, թեեւ թե Հայկ Ղուկասյանը, թե Դավիթ Խաչատրյանը ապրիլին Ռուսաստանում տարած հերթական հաղթանակից հետո հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին արդեն ակնարկել էին՝ նշելով, որ եթե Հայաստանը մարզիկին առաջարկի Ռուսաստանի եւ Իրանի առաջարկվող պայմանների թեկուզ 10 տոկոսը, Դավիթը հաստատ կմնա Հայաստանում:

Այսօր «Արմֆայթինգ» ֆեդերացիայում կայացած զրույցի ժամանակ Հայկ Ղուկասյանն Aravot.am-ին ասաց. «Մինչեւ հիմա ինչ արել ենք, միայն ու միայն մեր միջոցներով ենք արել: Պետությունից ոչ մի լումայի աջակցություն չենք ստացել: Սպորտում մարզիկի կյանքը կարճ է: Առավել եւս՝ պրոֆեսիոնալ մարտարվեստներում, որտեղ ռինգում անցկացրած ամեն մի մենամարտը հղի է առողջությանը սպառնացող վտանգներով: Դավիթն արդեն 26 տարեկան է, ընտանիք, երեխա ունի: Ու իր առողջությունը վտանգելով՝ նա վաստակում է մենամարտերով: Այս ամբողջ ընթացքում մենք նրա հետ միասին բոլոր հարցերը լուծել ենք մեր եղած հնարավորություններով: Հիմա նրա կարգավիճակն արդեն միանգամայն այլ է: Դավիթը համաշխարհային ճանաչում ունեցող մարտիկ է ու արդեն երեք տարի է՝ շատ երկրներ հետաքրքրված ու շահագրգռված են նրա ծառայություններով: Բազմաթիվ գայթակղիչ առաջարկներ են եղել այս ընթացքում: Բայց մենք մերժել ենք՝ հանուն Հայաստանի, Հայաստանի մարզական դրոշի պատվի… ու դրա դիմաց ստացել զրո ուշադրություն ու վերաբերմունք:

Պետությունից երբեք ոչ մի լումա ֆինանսավորում չի եղել: Ավելին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ինձ ասում էին, թե ՄՕԿ-ն ընդհանուր մենամարտերը որպես մարզաձեւ չի ընդունում: Ինչ-որ տեղ համաձայն եմ: Բայց չէ՞որ նախարարությունը զբաղվում է նաեւ երիտասարդության դաստիարակության հարցերով: Հայաստանի տարածքով մեկ մեր ֆեդերացիայի մասնաճյուղերում մարզվող հազարից ավելի պատանիներ ու երիտասարդներ, տիրապետելով, այսպես կոչված, « կռվելու» այբուբենին ու նրբություններին, դրանից հետո իրենք են սկսում կանխարգելել փողոցային կռիվները:
Իսկ ինչ վերաբերում է Դավիթին, նա արդեն շարքային մարզիկ չէ: Նա հաստատուն տեղ ունի աշխարհի էլիտայում: Ու հենց այնպես չէ, որ Ռուսաստանն ու Իրանը երեք տարի շարունակ համառորեն ձգտում են ձեռք բերել նրան՝ առաջարկելով իդեալական պայմաններ: Ի՞նչ է, նրանք չգիտե՞ն, որ մեր մարզաձեւն օլիմպիական չէ: Ես հիմա էլ չուզենալով եմ գնում այդ քայլին: Բայց այլընտրանք չկա: Թող անհամեստ չթվա, բայց այսօր յոթ երկրների մարզիկներ իրենց ցանկությամբ մարզվում են մեր ֆեդերացիայի՝ թիվ 188 դպրոցում վարձակալված փոքրիկ տարածքում ու ցանկանում են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Իսկ մենք…

Մենք մեր աշխարհի չեմպիոնին ուշադրության չենք արժանացնում: Ես արդեն չեմ կարողանում այստեղ, Հայաստանում իմ աճեցրած աշխարհի չեմպիոնին ասել մնա, եթե նրան չեմ կարողանում վարձատրել, նվազագույն անհրաժեշտ պահանջները բավարարել: Ու մի բան էլ. Դավիթ Խաչատրյանն այն մարզիկներից չի, որոնք պրոֆեսիոնալ ռինգում մեկ-երկու մենամարտ են անցկացնում ու արդեն մեծամտորեն պահանջներ են ներկայացնում: Պրոֆեսիոնալ ռինգում նրա անվան դիմաց ռեկորդային ցուցանիշ է գրանցված. 15 հաղթանակ եւ 2 պարտություն: Ընդորում, հաղթանակներ աշխարհի գործող չեմպիոնների նկատմամբ: Եվս չորս հաղթանակ էլ չի գրանցվել: Իսկ երկու պարտությունները իրականում սարքովի էին, կողմնակալության հետեւանք: Ի դեպ, վերջերս այդ երկու «երջանիկներից» մեկի մարզիչը տեսախցիկի առջեւ խոստովանեց, որ Դավիթը իրականում հաղթել է իր սանին, սակայն այդ հաղթանակը խլել են նրանից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Հայաստանում սպորտային ֆունկցիոներները այդպես էլ չհասկացան,որ մեր նման երկրի համար Հայաստան անունը միջազգային արենաներում հնչեցնելը լոկ դրոշի բարձրացում և հիմնի հնչեցնում չէ:Մեր ամեն մի ճանաչված մարզիկի ցույց տված արդյունքները տասնյակ դեսպանների կատարած աշխատանքի արդյունքների հետ կարելի է համեմատել՝առանց չաձազանցնելու: Իսկ թե որքան են անհրաժեշտ այդ հաղթանակները մեր մոլորված ժողովրդի համար,պետք է նրա մի մասնիկը լինել՝հասկանալու համար:Մեր հարևանները այլազգի ճանաչված մարզիկներին ամբողջ թիմերով է գնում ,որպեսզի ,ի հեճուկս մեզ ,մի ավելորդ անգամ հնչեցնի իր երկրի անունը,իսկ մենք նույնիսկ կայացած տղերքին չենք կարողանում պահել:Քանի անուն կարելի նշել,սկսած մեր երկրի առաջին օլիմպիական չեմպիոնից: Անհրաժեշտ է սպորտի կազմակերպման բնագավառում մտածելակերպ փոխել,քանի լրիվ չենք կորցրել լավ պահպանվածը:

  2. Արման says:

    Դավիթին ճանաչում եմ դեռ բանակային տարիքից, նա եղել ե իմ սերժանտը, ու հավատացեք շատերին է շատ բաներ սովորացրել ու միշտ փայլել է իր համեստությամբ: Այդ համեստությունն է որ հիմա քեզ խանգարում է Դավիթ ջան, քանի որ հերթական հաղթանակից հետո ինչպես շատերի նման չես բարձրաձայնում, այլ նշում ես նեղ շրջանակում: Երեվի ճիշտը հանրապետության հրապարակում մի 60 շրջան աղմուկով պտտվելն է. տեսեք ես եմ… Որ չի բացառվում դրանից հետո կառավարության պատուհաններից մեկից կնկատեին, որ Դավիթ Խաչատրյանը հերթական անգամ Հայոց Եռագունն է բարձրացրել արտասահմանում: Ու դու միակ մարզիկը չես որ գնում է. <> նույնը տարիներ առաջ կատարվեց նաև հրաձգության մեջ, շուտ չմոռացաք?
    Դավ ջան կարևորը մի ընկճվիր: Ու հաջողություններ քեզ ամսի 11-ին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031