Գորիսում հունիսի 8-ին համայնքի ղեկավարի ընտրություն է անցկացվելու: Մայիսի 4-ից մեկնարկել է քաղաքապետի թեկնածուների առաջադրումը եւ այն կշարունակվի մինչեւ մայիսի 9-ը ներառյալ: Սյունիքի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից մեզ փոխանցեցին, որ մինչեւ այս պահը առաջադրվողներ դեռ չեն եղել:
Գորիսի գործող քաղաքապետ, հանրապետական Նելսոն Ոսկանյանն ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում, չէր բացառել, որ հերթական անգամ կմասնակցի ընտրությանը եւ կառաջադրի իր թեկնածությունը` նշելով, որ իր առաջադրումը կախված է ՀՀԿ-ի որոշումից:
Գորիսում արդեն 14 տարի է՝ քաղաքապետ չի փոխվել, 2000 թվականից մինչեւ օրս համայնքը ղեկավարում է ներկայիս քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:
Գորիսում, որպես քաղաքապետի հավանական թեկնածուներ, շրջանառվում են նաեւ երիտասարդ գործարար, ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանի, ինչպես նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդու՝ Սասուն Խաչատրյանի, անունները:
Երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանը մեզ հետ ունեցած զրույցում չէր ժխտել, որ կառաջադրի իր թեկնածությունը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդ գործարարին սատարելու մտադրություն ունի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ Սասուն Խաչատրյանին՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Գորիսի քաղաքապետի թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 9-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 21-ին ու կավարտվի հունիսի 6-ին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ