Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Տանձուտ գյուղը 20 տարեկան է

Մայիս 04,2014 12:08

Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքը ձգվում է Աղավնո գետի երկայնքով: Կազմված է 4 գյուղերից՝ Ծիծեռնավանք, Արավուս, Մելիքաշեն և Տանձուտ: Վերջինս ունի մոտ 30 ընտանիք՝ 100-ից ավելի բնակիչ: Գյուղը հիմնադրվել է 1994 թվականի գարնանը՝ ազատագրումից մեկ տարի հետո:

Մայիսի 3-ին նշվեց Տանձուտի հիմնադրման 20 ամյակը, որին ներկա էին գյուղի ողջ բնակչությունը, շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, բնակիչներ, հյուրեր: Ներկաներին ողջունեց և միջոցառումը բացեց համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանը՝ շնորհավորելով տանձուտցիներին՝ մաղթելով բարգավաճում և, որ իրականանա երեխաների բարի երազանքը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, շնորհավորելով բոլորին օրվա և մայիսյան բոլոր տոների առթիվ, ասաց՝ 20 տարիների ընթացքում եղել են լավ ու վատ օրեր, խնդիրներ այսօր էլ շատ կան, բայց կարևորն այն է, որ միասին աշխատելով կշենանա գյուղը:Տանուտ..

Այնուհետև Դ. Դավթյանն ընթերցեց շրջվարչակազմի ղեկավարի կարգադրությունը և Տանձուտի կայացման գործում նշանակալի ավանդի համար շրջվարչակազմի պատվոգրերով պարգևատրեց նի խումբ հնաբնակների: Ներկաներին ողջունեց և Տանձուտի հիմնադրման պատմությունը ներկայացրեց գյուղի առաջին բնակիչ, դպրոցի նախկին ուսուցիչ Ռազմիկ Վիրաբյանը՝ տեղեկացնելով, որ այստեղ 1994 թ. ապրիլի 30-ին եկել են Չարենցավանի բնակիչներ՝ 16 հոգի: Հիշեց, թե ինչ դժվարությամբ է կայացել գյուղը, որն սկզբում կոչվում էր Քաշաթաղ: Կարևորեց դպրոցի դերը՝ շնորհակալություն հայտնելով առաջին տնօրենին, ով դեսից դենից նստարան ու սեղան, գրատախտակ ու դասագրքեր էր հայթայթում, կայացավ դպրոցը, որտեղ նաև Ծիծեռնավանք, Մելիքաշեն, Մոշաթաղ գյուղերի դպրոցականներն էլ էին հաճախում: Այժմյան տնօրեն Գագիկ Համբարձումյանը տեղեկացրեց, որ հիմնական դպրոցում սովորում են 11 աշակերտ, աշխատում 9 ուսուցիչ, կարևորեց այն, որ երիտասարդները մնան գյուղում, շենացնեն հայոց քաջերի արյամբ ազատագրված ու սրբացած հողը: Ազատագրված հայրենիքում բնակվելն ու շենացնելը համարեց յուրահատուկ հաշվետվություն նահատակների առջև: Դպրոցն այժմ գործում է 4 կոմպլեկտ-դասարանով: Առաջին դասարանում սովորում են 2 աշակերտ: Այս տարվա սեպտեմբերին ևս 2 առաջին դասարանցի կհամալրեն աշակերտների քանակը: Այնուհետև ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին դպրոցի աշակերտները՝ հավաստիացնելով, որ իրենք են այս երկրի վաղվա տերն ու շենացնողը: Տանձուտի դպրոցի հիմնադիր տնօրեն Կամո Պետրոսյանը, ով նաև գյուղի առաջին բնակիչներից է, ասաց, որ այս դպրոցը շրջանում բացված 4-րդ կրթօջախն է, Աղավնո գետի հովտում՝ առաջինը, սկսել է գործել 1994 թ. սեպտեմբերից:

Առաջին տարին այստեղ են սովորել տարածքի բնակավայրերի աշակերտները, որոնց քանակը գերազանցել է 70-ը: Նույն ուստարվա 8 շրջանավարտներից 2 հոգի՝ Լուսինե Բաբայանը և Շամշադ Մուսայելյանն այժմ աշխատում են հարազատ կրթօջախում որպես ուսուցիչ: Հուշեր պատմեցին նաև նախկին գյուղապետ ու հնաբնակ Բորիկ Մուսայելյանը, այլոք: Տնօրեն Գ. Համբարձումյանը տեղեկացրեց, որ դպրոցի տարածքը ցանկապատվել է, Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակի կապակցությամբ տնկելու են 100 ծառ:

Արդեն հիսուն տնկի հանձնվել է մայր հողին, իսկ մնացածը կտնկեն աշնանը: Կարևորեց այն, որ տարածքն ապահովված է ոռոգման ջրով: Գյուղում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է կաթի ընդունման կետը: Համայնքի ղեկավարն ասաց, որ այժմ կաթի մթերումը կատարվում է օրը մեջ, սակայն շուտով, կաթի քանակի ավելացման հետ կապված, ամեն օր այստեղ կգա կաթ ընդունող մեքենան:

Տանձուտն ունի նաև պատմական անցյալ: Այդ են հավաստում գյուղի արևելյան մասում գտնվող միջնադարյան ժայռափոր եկեղեցին, հյուսիսային մասում պահպանված հնամենի ամրոցատեղին և հյուսիս-արևմտյան կողմում՝ Աղավնոյի աջ ափին ժայռեղեն բլրակի վրա բազմած Մկնատամի Խաչ 12-րդ դարի մատուռ-եկեղեցին:

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031