Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անկարան թուրք-հայկական երկխոսության կոչ է հնչեցնում. Azatutyun.am

Մայիս 04,2014 10:11

«Ազատություն». Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն ևս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին և երկխոսության կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի միջև:

Բրիտանական The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին, նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռում։ Դավութողլուն, այդուհանդերձ, որևէ խոսք չի ասել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Անկարայի պատրաստակամության մասին:

«Թուրքերը և հայերը հարաբերություններ են ունեցել դարեր շարունակ», – գրել է Թուրքիայի արտգործնախարարը, – «Հայերը Օսմանյան կայսրության ամենալայնորեն ինտեգրված համայնքներից էին, որոնք մեծապես հարստացրել են կայսրության սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքը, և անասելի արժեք են ներկայացրել կայսրության զարգացման տեսակետից պատերազմների և խաղաղության հաջորդական շրջաններում»:

«Օսմանյան հայերի ազդեցությունը երկրի ինտելեկտուալ կյանքում և արվեստի բնագավառում հնարավոր չէ գերագնահատել… Էդգար Մանասը, ևս մեկ հայ, Թուրքիայի ազգային հիմնի ստեղծողներից մեկն էր: 19-րդ դարի օսմանյան ճարտարապետությունը առանձնացել է օսմանյան սուլթանների կողմից պատվիրված և հայ ճարտարապետների կողմից կառուցված շինություններով, հատկապես Բալյան ընտանիքի կառուցապատողներով: Առանձնահատուկ հիշատակման են արժանի Ստամբուլի այնպիսի հանրահայտ ճարտարապետական կոթողներ, ինչպիսիք են կայսերական Դոլմաբաղչե և Բեյլերբեյի պալատները, որոնք վերագրվում են Բալյաններին, այնպես, ինչպես Բոսֆորի երկայնքով կառուցված մի քանի նշանակալից մզկիթներ», – գրել է Դավութօղլուն:

Շարունակելով` Թուրքիայի արտգործնախարարը գրել է, թե հայերը «մեծապես տուժել են» Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

«Հայկական համայնքի մի զգալի մասի տեղահանման հետևանքները անընդունելի էին և անմարդկային», – հավելել է Դավութօղլուն` իր օգտագործած այս ձևակերպումներով զգալիորեն հեռանալով տասնամյակներ շարունակված Հայոց ցեղասպանության ժխտման` Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական թեզից:

Այդուհանդերձ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հոդվածում կրկին խոսում է պատերազմի տարիներին նաև մահմեդականների մահվան մասին, որոնց մահվան մասին, նրա պնդմամբ, աշխարհը տեղեկացված չէ:

«Կարո՞ղ են արդյոք իրադարձությունների շարադրման թուրքական և հայկական տարբերակները մերձենալ, հնարավո՞ր է արդյոք «արդարացի հիշողության» հանգել», – հարցրել է նա: «Հավատալով, որ սա հնարավոր է, Թուրքիան առաջարկել է ստեղծել թուրք և հայ պատմաբաններից կազմված միացյալ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915 թվականի իրադարձությունները: Ստեղծվելու դեպքում, նման հանձնաժողովի եզրակացությունները կարող են բերել այս ողբերգական շրջանի առավել լավ ընկալմանը, և հուսով եմ` օգնել կարգավորել մեր հարաբերությունները», – հավելել է Դավութօղլուն:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբրույ կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031