Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ նախագահի եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության միջեւ

Մայիս 03,2014 21:11
LXH

ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքը  տեղեկացնում է՝  մայիսի 2-ին ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ նախագահի եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության միջեւ:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքերով նման հանդիպումները կարեւոր են այն առումով, որ երկրի նախագահը պատկերացում է կազմում տարբեր հարցերի վերաբերյալ կուսակցությունների տեսակետների եւ մտահոգությունների մասին: Հանդիպումների պարբերականությունը առիթ կհանդիսանա արծարծվող հարցերն ու խնդիրները ոչ միայն քննարկելու, այլեւ դրանց լուծման եղանակներ առաջարկելու, եւ ստուգելու կատարված աշխատանքների արդյունավետությունը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը բազում հանդիպումներ է ունենում տարբեր համայնքներում (90-ից ավել), եւ մանրամասն է տիրապետում ժողովրդին մտահոգող խնդիրներին, որոնք էլ ներկայացվեցին նախագահին:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը առնչվող մի շարք կարեւորագույն հարցեր, կարեւորվեցին իշխանությունների կողմից տարվող աշխատանքները՝ մասնավորապես, վերաբնակեցման քաղաքականությունը, գյուղապետերի վերապատրաստման գործընթացը, արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների կողմից կատարված արմատական փոփոխությունը, որի արդյունքում իշխանությունները ձեռնամուխ եղան սկսելու ԼՂՀ ճանաչման գործընթացը, օգտագործելով ամբողջ սփյուռքի, հատկապես ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ներուժը,- ասաց Արմեն Սարգսյանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառավարման համակարգի, կադրերի ընտրության վերաբերյալ հարցեր, որտեղ կառավարման համակարգում խմբակցության կողմից շեշտվեց նոր մտածելակերպ ունեցող ուժերի ներգրավվածության անհրաժեշտությունը:

Ինչպես նշեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը` անդրադարձ եղավ ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Խմբակցության կողմից կարեւորվեց 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաեւ խորհրդարանական համակարգին անցնելու հարցերը:

Մտքեր ծավալվեցին բուհական համակարգի կատարելագործման անհրաժեշտության շուրջ:

Երկուստեք հատուկ կարեւորություն տվեցին լրատվամիջոցներով եւ իշխանություն-ժողովուրդ ուղղակի շփումների արդյունքում ազգաբնակչությանը երկրում առկա խնդիրներին տեղյակ պահելու վերաբերյալ:
Միաժամանակ անկաշկանդ մթնոլորտում քննարկումների նյութ դարձան այնպիսի հարցեր, որոնք, ըստ էության, խոչընդոտ են հանդիսանում երկրի լիարյուն կենսագործունեությանը: Կայուն եւ դինամիկ զարգացող կառավարման համակարգ ունենալու համար կարեւորվեց երկրի քաղաքական ուժերի պատասխանատվություն ստանձնելու հարցը:

Նախագահի առաջարկով նմանատիպ հանդիպումներ կլինեն ամեն եռամսյակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031