Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով». Pastinfo.am

Մայիս 03,2014 18:26

Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Այս ընթացքում նախագիծն արդեն իսկ մասնագետների կողմից տարբեր վերլուծությունների է արժանացել, այդ թվում նաև` մեր կայքի էջերին:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի, մասնավորապես` դրա դատական իշխանությանը վերաբերող որոշ դրույթների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանի հետ:

-Սահմանադրական բարեփոխումների հրապարակված հայեցակարգի «Դատական իշխանություն» գլուխը մի շարք հետաքրքիր փոփոխություններ է ենթադրում: Օրինակ, առաջարկվում է անցում կատարել եռաստիճան դատական համակարգից դեպի երկաստիճանի: Որքանո՞վ այս փոփոխությունը կազդի դատական համակարգի աշխատանքի արդյունավետության վրա, և որքանո՞վ է այս առաջարկն այսօր արդիական:

– Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:

Չէ՞ որ այն մեկնաբանողներն ու կիրառողները նույնն են մնում: Հետևյալ պատկերավոր օրինակի վրա ամեն ինչ պարզ կդառնա: Եթե մի պահ ենթադրենք, թե ՀՀ-ն ու Գերմանիան փոխանակում են իրենց Սահմանադրությունները և այսուհետ առաջնորդվում մեկը մյուսի Սահմանադրությամբ, ապա համոզված եղեք՝ ո՛չ ՀՀ-ն կդառնա Գերմանիայի նման հզոր ու գերզարգացած պետություն, ո՛չ էլ Գերմանիան կդառնա ՀՀ-ի նման թշվառ երկիր:

Պատճառն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը գերմանացի իրավաբանի համար լրիվ այլ իմաստ ունի, քան հայ իրավաբանի համար: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն արտագրված է Գերմանիայի Սահմանադրության 1-ին հոդվածի 3-րդ մասից: Կարդացեք այդ երկու նույն դրույթների մեկնաբանությունները գերմանական ու հայկական գրականության մեջ: Երբեք գլխի չեք ընկնի, թե միևնույն դրույթի մասին եք կարդում: Հետևաբար, ՀՀ-ում նախ պետք է ճիշտ սահմանադրական իրավունք սովորել ու դրանից հետո միայն նոր մտածել Սահմանադրությունը բարեփոխելու մասին:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա, իմ խորին համոզմամբ, դատական ատյանների քանակն այդքան էլ կարևոր չէ արդարադատության որակի համար: Կարևոր է, թե ովքեր են արդարադատություն իրականացնողները: Դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, ով ունի հրաշալի իրավական գիտելիքներ և ում արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Դա նշանակում է, որ դատավորը նախ պետք է գոնե իրավունքից բան հասկանա: Երկրորդ՝ դատավորը պետք է պատրաստ լինի իրականացնելու արդարադատություն՝ անկախ ամեն ինչից:

Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի բացարձակ անկախ ու համարձակ մարդ, ով կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, ապա մոռացեք արդարադատության մասին: Ամեն ինչ կմնա այնպիսին, ինչպիսին այսօր է՝ անկախ նրանից, թե դատական ատյանների քանակը 2 է, թե 12:

– Հայեցակարգում առաջին ատյանի դատարանների բեռնաթափման խնդիր է դրված: Այդ նպատակով առաջարկվում է տեղական դատարաններ հիմնել, որոնք մասնագիտացված գործառույթներով օժտված ատյաններ կլինեն: Արդյոք սահմանադրական կարգավորումն այս խնդրի միակ լուծման ճանապա՞րհն է: Հնարավոր չէ՞ արդյոք հարցը լուծել դատավորների մասնագիտացման տարանջատման միջոցով:

-Դա ամենևին սահմանադրական կարգավորման հարց չէ: Գործող Սահմանադրությունը նախատեսում է մասնագիտացված դատարաններ հիմնելու հնարավորություն: Մնացածն օրենսդրի կողմից օրենքով կարգավորման հարց է: Դրա համար պետք չէ Սահմանադրություն փոխել:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Pastinfo.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031