«Անկախության ձեռքբերումից ի վեր ամենամեծ ձեռքբերումը մեզ համար խոսքի ազատությունն է»,- այսօր՝ մայիսի 3-ին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում, հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:
Տիկին Գեւորգյանը խոստովանեց, որ իր լրագրող լինելու տարիներին չի վայելել խոսքի ազատությունը, բայց ներկայիս լրագրողները նման խնդիրների հետ էլ չեն առնչվում. «Լրագրողը չի կաշկանդվում, թե ի՞նչ մտքից սկսի, ի՞նչ վերնագիր դնի, ի՞նչ ամփոփում անի, որովհետեւ ինքը չի տեսնում ո՛չ գրաքննիչին, ո՛չ խմբագրի բիրտ հայացքը, ո՛չ օրենքով արգելանքը, դա արդեն մասնագիտական մեծ նվեր է»:
Միջոցառման ընթացքում մամուլի ազատությանը նպաստելու համար մրցանակ ստացավ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում «Մեդիա նախաձեռնությունների» կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ այդ մրցանակը տրվում է այն մարդուն, ով մեծ գործ է կատարել այդ ոլորտում: Նա նշեց, որ մինչեւ այս Մեսրոպ Հարությունյանին հնարավոր չէր ընտրել, քանի որ էթիկական կոնֆլիկտ կարող էր առաջանալ. պարոն Հարությունյանը երկար տարիներ աշխատել է Երեւանի մամուլի ակումբում:
Նունե Սարգսյանի խոսքերով՝ Մեսրոպ Հարությունյանը շատ բան է արել, որ ունենանք այն, ինչ ունենք. «Ես շատ եմ գնահատում իր հրապարակախոսական գործունեությունը, որի մեջ, միեւնույն է, այդ ազատությունները շատ կարեւորված են: Շատ կարեւոր է իր դասախոսական գործունեությունը, որը ամենամեծ քայլն է, որ անում է, եւ ես գիտեմ, թե ինչքան են իրեն սիրում ուսանողները, ինչքան հարգանք է վայելում եւ ինչքան հետաքրքրված է»:
Ինքը՝ Մեսրոպ Հարությունյանը, իր խոսքում առանձնացրեց մասնագիտական աճի երկու մակարդակ՝ երբ մասնագետն ունի պահանջարկ, եւ երբ համքարությունն է ճանաչում այդ մասնագետին որպես վարպետ՝ «Շնորհակալ եմ, որ ինձ վարպետ ձեռնադրեցիք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Դրա համար էլ հիմա ինչ հիմարություն ասես գրում են:Մարդ չի իմանում հավատա թե ոչ: