«Ես լրագրողներին չորրորդ իշխանություն ասել չեմ կարող: Գուցե՝ տասներորդ, կամ, որ ավելի ճիշտ է, մամուլն այլևս իշխանություն չէ, որովհետև խորհրդային տարիներին մամուլը շատ լուրջ և կարևոր էր իշխանությունների համար: Ճիշտ է, վերահսկում էր ամեն ինչ, բայց մամուլի խոսքը կարևոր էր: Ես, օրինակ, իմ հաղորդումներով 3-4 նախարար հանել եմ տվել, իմ հաղորդումներից հետո նրանց պարզապես ազատել են աշխատանքից: Այսօր նման բան չկա, որովհետև իշխանությունները լուրջ տեղ չեն տալիս մամուլին, լրագրողի խոսքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց գրող, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլի դերին ու նշանակությանը այսօրվա մեր հասարակական-քաղաքական կյանքում:
«Սա որակի խնդիր է,- համոզված է բանախոսը:- Ի՞նչ որակի են մեր նախարարները, պետական այրերը, ինչպե՞ս են նրանք խոսում: Դուք՝ լրագրողներդ, հաճախ եք առիթ ունենում լսելու նրանց: Դուք ինտելեկտ զգո՞ւմ եք: Խոսքս, իհարկե, բոլորի մասին չէ: Ասածս ինչ է՝ եթե պետական այրերը լուրջ վերաբերվեն լրագրողների խոսքին, բոլորովին այլ պատկեր կստեղծվի»:
Ինչ վերաբերում է այսօրվա լրագրության բացթողումներին, պարոն Կարապետյանը նկատում է, որ հատկապես վերլուծական հոդվածների պակաս կա, և ինչ-որ տեղ անտեսված է լրագրության գերխնդիրներից մեկը, այն է՝ ժողովրդին պատրաստելը. «Ես լրագրողական կամ ավելի ճիշտ է ասել՝ հրապարակախոսական գործունեությամբ զբաղվել եմ մինչև 1988 թվականը՝ նպատակ ունենալով արցախյան խնդիրը ներկայացնելու ժողովրդին: Այստեղ լրագրողների դերը մեծ էր՝ ի՞նչ մատուցել, ինչպե՞ս մատուցել և ինչքա՞ն մատուցել, որպեսզի ժողովուրդը պատրաստ լիներ 88-ին: Եթե խնդիր կա, ժողովուրդը դրան պիտի պատրաստ լինի»,- ասաց Բ. Կարապետյանը:
Նա կարծում է, որ լրագրողներն այսօր ավելի շատ պիտի աշխատեն իրենց վրա, որպեսզի կարողանան լիովին օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է նրանց ներկա ժամանակը. «Այսօրվա լրագրողներն ունեն մի առավելություն, որ չունեին խորհրդային տարիների լրագրողները՝ ազատություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած անսպառ հնարավորություններ: Տեսեք, ինչ հրաշալի է, դու կարող ես այսօր ուղղակի տեղադրել քո նյութը համացանցում, և ամբողջ աշխարհը կարող է տեղեկանալ դրա մասին: Սա լուրջ հնարավորություն է, որից պիտի կարողանալ լիովին օգտվել», համոզված է հրապարակախոսը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ