Հայաստանում մամուլի ազատությունը չափազանց շատ է: Մամուլի ազատության օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Բանախոսը մամուլը ազատ է համարում այն առումով, որ լրատվամիջոցների մեծ մասը հաճախ տարածում են նյութեր, որոնք պարունակում են չճշտված տեղեկություններ: «Կարծում եմ, որ մամուլի ազատությանը սահմանափակումներ դնելը մեծ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել: Հեռուստաընկերության պարագայում իրավիճակը այլ է: Հեռուստաընկերություններում աշխատում են լրագրողներ, որոնք հիմնականում փաստարկված տեղեկատվության կողմնակիցներ են»:
Կինովավերագրող, լրագրող Վարդուհի Սիմոնյանն էլ հակադարձ կարծիք հայտնեց ասուլիսի ժամանակ եւ ասաց, որ Հայաստանում մեդիան գտնվում է բավականին սուր եւ ծանր իրավիճակում: Այս իրավիճակը բանախոսը կապեց կառավարության անդամների վերջին կադրային փոփոխությունների հետ. «Կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ իշխանությունները բացարձակապես հաշվի չեն առնում հանրության կարծիքը: Մեդիան՝ որպես հանրային կարծիք ձեւավորող գործիք, իշխանության կողմից արժեզրկվում է»:
Տիկին Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի մեդիան բավական երկար զարգացման ճանապարհ է անցել, սակայն, այսօր մեծ վտանգ կա, որ այդ հանրային կարծիքը ձեւավորող ինստիտուտի պատճառով մեդիան կարող է հետընթաց ապրել: «Հանրության շրջանում վարկաբեկված կերպարները հետ են գալիս կառավարություն: Եվ դուրս է գալիս, որ մենք ամբողջ օրը գրում ենք կոռումպացված մարդկանց մասին: Դա հասնում է սարկազմի աստիճանի: Հնարավոր չէ մի երկրում հանրային կարծիքը չհամարել դոմինանտ, եւ այդ երկրում տեղի ունենան դրական զարգացումներ եւ առաջընթաց տարբեր ոլորտներում»:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ