Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք մտնում ենք այնպիսի միջավայր, որտեղ խոսքի ազատությունը հիմնական արժեքներից չէ». Բորիս Նավասարդյանը՝ ՄՄ անդամակցության մասին

Մայիս 03,2014 14:26

Հայաստանում մեկ տարվա ընթացքում մամուլի զարգացման գործընթացում էական առաջընթաց չի եղել: Մամուլի ազատության համաշխարհային օրվա մասին խոսելիս այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Բորիս Նավասարդյանը համարում է, որ Հայաստանում բավականին լավ են զարգանում առցանց լրատվամիջոցները: Սակայն, այդ ոլորտում նույնպես կան ազատության սահմանափակումներ, որոնք ունեն իրենց օբյեկտիվ պատճառները.

«Պատճառներից մեկը ծանր ֆինանսատնտեսական իրավիճակն է, որոնց առկայության դեպքում առցանց լրատվամիջոցները, ունենալով մեծ լսարան, ստիպված են օգտվել տարբեր դոտացիաներից՝ այդ թվում սպիտակ եւ սեւ, որոնք կարող են երբեմն կաշկանդել լրագրողի ազատ գործունեությունը»:

Անդրադառնալով տպագիր լրատվամիջոցներին, պրն Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ տպագիր լրատվամիջոցները Հայաստանում բավականին ազատ են, սակայն, տեսնում է միայն մշուշոտ հեռանկարները , քանի որ տպագիր լրատվամիջոցների լսարանը օր օրի պակասում է եւ մեծացման մասին խոսք չի կարող գնալ:

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ հեռուստատեսությունը Հայաստանում մնում է նույն վիճակում ինչ նախորդ տարիներին. «Այսինքն, գտնվելով քաղաքական էլիտայի հսկողության տակ, այն չի կարող ապահովել լրատվության բազմազանությունը եւ բավարար չափով քաղաքացիների տեղեկատվական պահանջարկը»:

Պրն Նավասարդյանը մտահոգություն հայտնեց, որ հեռուստաընկերությունների հիմնական առաքելության կատարման հարցում թերացումը վաղ թե ուշ բերելու է նրան, որ արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկատվական եւ քաղաքական առումով ավելի մեծ ազդեցություն ունենան Հայաստանի հանրության վրա:

«Այսօր արդեն ականատես ենք լինում այդ երեւույթին, երբ քաղաքացիները ավելի շատ վստահում են ռուսական հեռուստաալիքների հաղորդումներին, քան հայրենական: Մինչդեռ հայրենական հեռուստաալիքները մեծամասամբ ապահովում են հասարակության ժամանցային պահանջարկը»:

Հանդիպման ժամանակ բանախոսը նաեւ մեջբերեց Freedom House-ի կատարած հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց անցյալ տարի Հայաստանը համարվել է մամուլի եւ խոսքի ազատության առումով առաջընթաց ապահովող երկրներից մեկը:

«Freadom House-ի վարկանիշները ձեւավորող՝ օրենսդրական միջավայրի եւ տնտեսական ազատության առումով Հայաստանն ունեցել է նույն ցուցանիշները, ինչ նախորդ տարի, սակայն մեկ միավորով անկում է գրանցվել կապված քաղաքական միջավայրի հետ»,- հայտնեց պրն Նավասարդյանը:

Պրն Նավասարդյանը այդ մեկ միավոր անկումը բացատրում է Հայաստանում նախագահական ընտրություններով, որոնք, բանախոսի խոսքերով, պրոբլեմատիկ էին եւ 2013 թվականի ընթացքում ձեւավորեց քաղաքական մենաշնորհի իրավիճակ, որն էլ անդրադարձավ լրատվամիջոցների ազատության սահմանափակման վրա:

«Այս պարագայում Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցությունը նույնպես պետք է դիտարկել, -ասաց բանախոսը եւ հավելեց,- մենք մտնում ենք այնպիսի միջավայր, որտեղ խոսքի ազատությունը հիմնական արժեքներից չէ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031