Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տոնի ու երջանկության մեխանիկան

Մայիս 03,2014 13:35

Երեկ գնում էի ուրախ միջոցառման ու  ճանապարհին տեսա, որ  փողոցներից մեկի երկայնքով (կարեւոր չէ, թե որ) ինչ-որ երիտասարդներ սեւ ժապավեններ են կապում, մի քանի տղամարդ էլ վերամբարձ կռունկ են բերել ու փորձում են  վերեւով՝ մայթից մայթ սգապաստառ փակցնել, որտեղ գրված է երիտասարդ մահացած մեկի տարիքը, անունը, անգամ կոտրված մեխակ է նկարված: Անկեղծ ասած, ինձ դուր չեն գալիս մեռելապաշտության նման դրսեւորումները:

Գիտեմ նաեւ, որ բոլոր տաղավար տոներին հաջորդում են մեռելոցները, բայց վերջին տարիներին դրանց պետականորեն տրված առանձնահատուկ նշանակությունը, ոչ աշխատանքային օրը հայտարարելը եւ այլն, մի տեսակ բացասական վերաբերմունք է դրսեւորել շատերի շրջանում:

Տա Աստված, որեւէ մեկը երիտասարդ տարիքում հարազատներ չկորցնի, իսկ եթե ճակատագրի բերումով նման բան է պատահել, ինչո՞ւ այդ վիշտը պարտադրել նաեւ ուրիշներին, անգամ փողոցով պատահաբար անցնող օտարին: Ի վերջո կյանքն  ու մահը հավերժական ուղեկիցներ են ու կողք կողքի ապրող հարեւաններ: Մի անկյունում կարող է հարսանիք լինել, մյուսում՝ հոգեհանգստյան արարողություն: Շիրիմներ զարդարելն ու գեղեցկացնելն ո՞ւմ է պետք, ի՞նչ է տալիս դա հանգուցյալին: Դրա փոխարեն կարելի է կենդանության օրոք մարդուն հարգել, պատվել, չզլանալ դրական զգացողություններ առաջացնող պահեր նվիրել, չչարանալ միմյանց հանդեպ, լինել ավելի լայնախոհ շատ հարցերում:

Ցավոք, հաճախ տխուր արարողությունների ու առիթների շուրջն ենք միավորվում, դրա համար էլ տոնի զգացողությունն է պակասում անգամ «պաշտոնական» տոնական օրերին: Հատուկ հետեւել եմ՝ տոն օրերին դժգոհ դեմքով ու բացակա հայացքով մարդիկ չեն պակասում:

Հատկապես նոր սերնդին պետք է տոնի ու դրականի հանդեպ սեր ներարկել, իհարկե նաեւ թանկ հիշատակների հանդեպ՝ հարգանք: Մեզ հաղթականության ոգին է պակասում, եւ սա այն դեպքում, երբ Արցախամարտում հաղթանակ տարած ժողովուրդ ենք, մեր պատմության էջերում բազում հաղթանակներ կան, բայց վերցրել ու միայն «սեւ» էջերն ենք փորփրում՝ լուսավորները թողած:

Գուցե տեղին չէ, այս գրառման մեջ հետեւյալ նախադասությունը զետեղելը, բայց, ես ուզում եմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, դատապարտվի, փոխհատուցվի, սակայն բնավ չեմ ցանկանում, որ աշխարհը մեզ ճանաչի միայն ցեղասպանությամբ: Թող Հայաստանն ու հայերը ուրիշների մտապատկերում զուգորդվեն փառահեղի, հաղթականի, հաջողությունների, արժանապատիվի ու դրականի հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Միանում եմ՝վիշտդ ուրիշներին մի փաթաթիր-ուախությունդ կիսիր բոլորի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031