Նկարչուհի Աշխեն Քուրդյանի տան պատերին կախված են իր ամենասիրելի ստեղծագործություններից մի քանիսը: Ասում է՝ դեռ պատրաստ չէ դրանք վաճառել, չափից դուրս հարազատ են, որպեսզի ինչ-որ անծանոթի տանն ապրեն: Հնարավոր է որոշ ժամանակ հետո իր գործերից մի քանիսը նվիրի հարազատ մարդկանց՝ չնայած դեռևս այդպիսի դեպք չի եղել: Այդպես ավելի հանգիստ կլինի, քանի որ իր կտավները հուսալի ձեռքերում կլինեն:
Երբ Աշխենին հարցրի՝ որ գույնին է իրեն նմանեցնում, ասաց՝ կարմիր: Եվ իրոք, աշխարհում կա կարմիրի շուրջ չորս հարյուր երանգ, բայց այնպիսի տպավորություն է, որ Աշխենի կտավների կարմիրը մեզ համար դեռևս անծանոթ, այն չորս հարյուր մեկերորդ երանգն է, որին կարելի է,երևի, «Աշխենակարմիր» անվանել.
-Այդ գույնը մշտապես իմ մտքերում է և գործողություններում: Եթե ուշադրություն դարձնեք իմ գործերին, կտեսնեք, որ ես կարմիր շատ եմ օգտագործում: Ի դեպ, երբ ես սկսում եմ նկարել, սկզբնական շրջանում որոշում չեմ ունենում, որ տվյալ նկարիս մեջ պետք է կարմիր գույնն օգտագործեմ: Գուցե ես այդ գործը պատկերացնում եմ կանաչի երանգներում, ինչ-որ ուրիշ գույների համադրությամբ: Բայց, միևնույնն է, կարմիրն անպակաս է իմ կյանքից: Դա ինքնաբերաբար է ստացվել: Ուղղակի այդ գույնի մեջ ես իմ լիարժեքությունն եմ գտնում. նրա մեջ ուրախություն կա, ջերմություն:
Կարդացեք նաև
-Ինչպե՞ս ես սկսել նկարել:
-Նկարչությունը մանկուց եմ սիրել: Հայրս հաճախ էր կարդում ինձ համար Վախթանգ Անանյանի ստեղծագործություններից: Պատկերացնում էի տվյալ կերպարներին, կենդանիներին ու դրանք նկարում: Ի վերջո, նկարչության նկատմամբ մեծ սերը ստիպեց ինձ նույնիսկ կիսատ թողնել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ուսումս երրորդ կուրսից: Շնչահեղձ էի լինում այնտեղ: Երբ պատճառն էին հարցնում, ժպտում ու պատասխանում էի, որ համալսարանի բոլոր դասախոսներին արդեն հասցրել եմ իրենց առարկաների տետրերի վերջին էջերում նկարել, էլ նկարելու բան չունեմ: Ուսումս կիսատ թողեցի, բայց եթե չթողնեի, ապա հենց ես կիսատ կմնայի: Հետո ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին: Ու սովորեցի մինչև վերջ:
-Ի՞նչն եք կարևորում Ձեր ստեղծագործությունների մեջ: Սիրու՞մ եք փորձարկումներ անել, և ե՞րբ եք սովորաբար նկարում, ի՞նչն է ոգեշնչում Ձեզ:
-Իմ ստեղծագործությունների մեջ կարևորում եմ կյանքը: Կտավը պետք է շնչի: Եթե բնություն եմ նկարում՝ կտավից դուրս պետք է զգացվի նկարում եղած օդի առկայությունը: Ես հուսով եմ՝ իմ կտավները թույլ են տալիս մարդկանց հիշել իրենց երազանքների մասին, մի պահ պոկվել առօրյա, աշխարհիկ կյանքից: Վերջին գործս այդ առումով բավական ազդեցիկ էր, ու դրա համար շատ ուրախ եմ: Խոսքը «Կարմիր հրեշտակ» կտավիս մասին է, որի մեջ ամեն մարդ տեսավ իր արտացոլումը. ներքին ուրախությունն ու ընկճվածությունը, հավատն ու երազանքները: Հրեշտակները, սովորաբար, կարմիր զգեստներ չեն կրում: Բայց իմ հրեշտակը հենց կարմիր հագուստ ունի և դա խորհրդանշական է: Առհասարակ չեմ վախենում փորձարկումներ անել, քանի որ կարգուկանոն նկարչության մեջ չեմ սիրում: Ու նաև չեմ սիրում նկարել, երբ տխուր եմ: Շատ նկարիչներ իրենց լավագույն գործերը նկարել են իրենց կյանքի ամենադժվար շրջանում: Բայց ես նկարելու համար պետք է շուրջբոլորս ուրախություն ու գեղեցկություն տեսնեմ: Ես փորձում եմ նկարներիս օգնությամբ ուրախություն ներարկել: Սիրում եմ նկարել ցերեկային ժամերին, գիշերային մարդ չեմ: Իհարկե, զգացմունքներս գիշերային ժամերին են ակտիվանում, բայց ես պիտի նկարելիս ամեն փոքրիկ մանրուքը զգամ, իսկ քնաթաթախ վիճակում ամեն փոքրիկ տատանում չես ընկալի:
-Մեր այսօրվա արվեստն ի՞նչ վիճակում է:
-Մեր արվեստը շատ «խճճված» է: Մեր արվեստագետները ավելին են, քան իրենց ներկայացնում են. իրենք ուղղակի չունեն հնարավորություն՝ իրենց ամբողջական ցույց տալու ու դրսևորվելու համար: Հենց այդ պատճառով հաճախ ստեղծագործելու ցանկությունը կարող է պակասել: Բայց որոշ ժամանակ հետո ստեղծագործելու ձգտումը վերածնվում է, քանի որ դա բնական, ասենք՝ սնվելու պահանջի նման մի բնազդ է դարձել: Եթե համեմատենք աշխարհի մասշտաբով, կարծում եմ, որ հայ արվեստը տարիներ հետո առաջատար է լինելու աշխարհում: Մենք ունենք յուրօրինակ ձեռագիր ու ասելիք: Մեր գեղանկարչական կոլորիտը շատ յուրահատուկ է: Ինչքան էլ մեր սերնդի ներկայացուցիչները «տառապեն» մոդեռնիզմով, իրենց բոլոր աշխատանքների մեջ տիպիկ հայկական ձեռագիր է զգացվում: Երբեմն ցուցահանդեսներում կարելի է տեսնել գործեր, որոնք այդքան էլ ստացված չեն: Բայց ստեղծագործությանը նայելով դու հասկանում ես, որ նկարիչն իր սեփական ձեռագիրն ունի ու ավելին կարող է անել: Միգուցե այս անգամ չի ստացվել: Ասենք՝ ժամկետներն են «խեղդել»: Եթե նկարիչներին բարձր հոնորար վճարեն, կարծում եմ՝ դա ևս կնպաստի լավ, որակյալ գործեր ստանալուն:
-Առաջիկայում անելիքները շա՞տ են:
-Անհատական ցուցահանդես եմ նախաձեռնում: Բայց ուզում եմ արժանավայել ներկայանալ մարդկանց: Ցուցահանդեսովս պետք է արդարացնեմ երկար ժամանակվա լռությունս: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ ակտիվ եմ եղել խմբակային ցուցահանդեսներում, բայց անհատականը մեծ պատասխանատվություն է ու քո արվեստի իսկական դեմքն է ցույց տալիս: Պատերից կախված է քո աշխարհը, որը բացեիբաց դրել ես մարդկանց առաջ: Ու շատ հետաքրքիր են հյուրերի մեկնաբանությունները, կարծիքները: Ինչ էլ խոսեն գործերիդ մասին, բոլորը հենց քեզ է վերաբերելու, քո մասին ես լսելու: Ցուցահանդեսը, ամենայն հավանականությամբ, կլինի սեպտեմբերին:
Սյունե ՍԵՎԱԴԱ