Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին հարցրեց` մի՞թե նոր, թարմ դեմքեր չկան մեր երկրում, որ կառավարության կազմը անընդհատ համալրվում է հին, երբեմն վարկաբեկված կադրերով:
«Երկրում կան, Իշխանությունում գուցե չկան, իշխանությունը վերարտադրվում է, իսկ վերադասավորումները ճարահատյալ են անում՝ քառյակի ճնշման տակ, ինչպես արեցին «վարչապետ» կոչվող օպերացիան: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը ընդունելի, կայացած կադրերի սով ունի և բուրգի գագաթին կանգնած իշխանավորը` Սերժ Սարգսյանը, բնական է իր ճաշակով, իր տեսակով պետք է ձևավորի… Իսկ իր տեսակը հենց էն մարդիկ են, ովքեր որ զբաղեցրեցին երկրորդ, երրորդ կարգավիճակները, տեղերը, նաև նախարարական կաբինետները: Նույն տեսակն են, նույն ոճը` իրարից չտարբերվող»:
Իսկ ի՞նչ կասի ՀԱԿ պատասխանատուն կառավարության կազմում քոչարյանական կադրերին ընդգրկելու մասին: «Քոչարյանական կադր հասկացությունը չեմ ընդունում և չեմ էլ հասկանում, նույն սիամական երկվորյակներն են եղել Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, դա ապացուցվել է տասնամյակներով, մեկ ու կես տասնամյակով, իրար իշխանություն փոխանցելով: Չեմ կարող սահմանազատել Քոչարյանի կա՞դրն է, թե՞ Սերժ Սարգսյանի», – ասաց ՀԱԿ Գյումրու պատասխանատուն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ