«Մենք մեր հին հայկական ավանդույթներով կոշիկ կարողների հետեւորդներն ենք: Փորձում ենք ավելի հին ձեւերով, բայց կատարելագործված մեթոդներով կարել կոշիկները: Մենք կարում ենք ժամանակակից կոշիկներ, նաեւ արտադրում ենք հին ոճերի կոշիկներ: Արհեստավորի հիմանական գործունեությունը հենց այն է, որ կարողանա ապահովել ցանկացած ոճի եւ պահանջարկի արտադրանք»,- այսպես ներկայացրին հայ կոշկակարները հայկական ավանդական կոշիկների ստեղծման պատմությունը այսօր տեղի ունեցած «Chust Shoes» տեղական արտադրանքի կոշիկի խանութի բացման շնորհանդեսի ժամանակ :
Խանութի շնորհանդեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան հենց տեղում ծանոթանալու հայկական արտադրության կոշիկների ստեղծման ընթացքին եւ առանձնահատկություններին:
Մանրամասն՝ տեսանյութում
«Chust Shoes» խանութը ազգագրական ծրագիր է, որը նպատակ ունի վերականգնել հայկական կոշկագործության ավանդույթները եւ դրանք հասանելի դարձնել հանրությանը:Նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ծանոթանալ Հայաստանում կոշիկի արտադրության պատմությանը եւ ձեռքբերումներին :
Խանութի տնօրեն Դավիթ Սահակյանը Aravot.am-ի հետ խոսելով այս ազգագրական ծրագրից եւ դրա նպատակներից, ասաց, որ ինքը, ապրելով Հայաստանից դուրս, ցանկություն է հայտնել կոշիկի արտադրությունը զարգացնել ոչ միայն արտերկրում, այլ հենց Հայաստանում. «Սովետական միության տարիներին Հայաստանը եղել է առաջատար կոշիկ արտադրող երկրներից մեկը, եւ այդ ավանդույթը պետք է վերսկսել եւ ամրապնդել Հայաստանում: Այդ իսկ պատճառով որոշեցինք բացել կոշիկի այս խանութը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում կարած, ձեռքի աշխատանքի կոշիկներ: Նախագիծը միավորում է 4 հայկական կոշիկի արտադրության ընկերություններ»: Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայկական կոշիկի արտադրությունը պետք է նորից զարգացնել մեր երկրում:
Խանութի տնօրենը այս նախագիծը համարում է գլոբալ, քանի որ հետագայում լավագույն մոդելները կարտահանվեն արտերկիր, որոնց ճանաչման շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել թեթև արդյունաբերությունը Հայաստանում:
Դավիթ Սահակյանի խոսքերով՝ նախագծի շնորհիվ ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր հայ կոշկակարների եւ ոլորտի հետ առնչվող մարդկանց համար:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ