Կառավարության նոր կազմից ի՞նչ սպասելիքներ ունեք՝ հարցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պատասխանը սա է.«Ինչ որ հնից. մի քիչ պակաս, որովհետեւ նույնն են»:
Պարույր Հայրիկյանի համոզմամբ, նոր կառավարությունը չի կարողանալու լուծել ոչ մի հիմնախնդիր.«Քանի որ իրենց տերերի հիմնախնդիրը իշխանություն պահպանելն է, հնարավոր չէ , որ ազգի համար կարեւոր հիմնախնդիրներն ուշադրության արժանան: Որ պահին Սերժ Սարգսյանն ինչ ցանկանա, պետք է ասի վարչապետին, անձերի հետ խնդիր չունեմ, գիտեմ նրանց աշխատաոճը: Որեւէ բան ասում են, նայում են՝ տեսնես նախագահը գիտի՞, նախագահն ի՞նչ կասի: Նրանց վրա կարող էր ազդել միայն ԱԺ մեծամասնությունը, բայց մեծամասնությունն էլ, բերանը բացած, նայում է՝ ինչ կասի Սերժ Սարգսյանը»:
Քառյակի հետագա գործունեությանն էլ պարոն Հայրիկյանը թերահավատորեն է վերաբերում. «Լավ էլի… որեւէ ողջախոհ մարդ կարո՞ղ է նորից ընդդիմություն խաղացող ՕԵԿ-ին հավատալ, չէ՞ որ մի անգամ խաղացել է: Մի անգամ խաբել է, չէ՞, ընդդիմություն խաղաց, հետո մտավ կոալիցիա: Կամ՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանության դեմ է պայքարում, բայց գնացին միաձայն քվեարկեցին Գալուստ Սահակյանին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ