Նախօրեին Վանաձորի քրեակատարողական հիմնարկում ոտքերը մեխած դատապարտյալ 39 ամյա Արթուր Սմբատյանի առողջական վիճակը այսօր առավոտյան կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Երեւան: Այս մասին Aravot.am-ին ասաց Սմբատյանի կինը՝ Աննա Մանուկյանը:
Նրա պատմելով, ամուսնու առողջական վիճակը սկսել է վատթարանալ երեկ գիշերվանից: Վանաձորի քրեակատարողական հիմնարկում հերթապահ բուժքույրերը սկզբում շտապ օգնություն են կանչել, առաջին օգնությունը ամուսինը ստացել է, բայց առավոտյան այլ ելք չի մնացել, քան նրան Երեւանի դատապարտյալների հիվանդանոց բերելը:
Նա ասաց, որ ամուսնու հետ խոսել իրենց չի հաջողվել. «Միայն գիտենք, որ ամբողջ ոտքերը կապտած եւ ուռած են»:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Սմբատյանը ոտքերը մեխել էր՝ ի նշան բողոքի իրեն Երեւանից Վանաձոր տանելու: Նա այստեղ էր եկել բուժվելու, բայց բուժման կուրսը՝ դեռ չավարտած, նրան հետ էին տարել Վանաձոր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ