Այսօր առավոտյան Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ալվար գյուղի 53-ամյա գյուղապետ Արտավազդ Մկրտչյանը թիկունքի կողմից դանակահարել է կնոջն ու հարսին. բարեբախտաբար վերջիններիս բարեհաջող վիրահատել են Աշոցքի հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն փոխարենն այս պահին Գյումրիի բժշկական կենտրոնում պայքարում են հենց գյուղապետի կյանքի համար:
Գյուղապետը կնոջն ու հարսին դանակահարելուց հետո որոշել է գալ Գյումրի, սակայն ճանապարհին իր մեքենայով ձորն է ընկել, որի պատճառով մեքենան հրկիզվել է, գյուղապետը կյանքին անհամատեղելի այրվածքներ է ստացել: Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս պահին մենք հիվանդանոցում ենք, բակում ասեղ գցելու տեղ չկա, համագյուղացիներն ու հարակից գյուղերի գյուղապետերը այստեղ են` անհանգստացած իրենց ընկերոջ համար: Նրան բնութագրում են որպես լուրջ ու բարի անձնավորության: Թե ինչ է կատարվել վերջինիս հետ՝ հավաքվածներից ոչ մեկին հայտնի չէ, թեև խոսակցություններ են պտտվում, որ վերջին 10 օրերին նրա հետ ինչ-որ բան այն չէ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև