Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական, բելառուսական, ղազախական մամուլում կիրառվող մեթոդները կարող են միգրացիա լինել այստեղ. Գեղամ Վարդանյան

Մայիս 02,2014 16:53

«Ինքնագնահատումը շատ ավելի կարեւոր է, քան այլ երկրներում գտնվող փորձագետների գնահատականները»,- այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Freedom House» կազմակերպության «Մամուլի ազատությունն աշխարհում – 2014» զեկույցին , հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ ըստ այդ զեկույցի՝ հայկական մամուլը հետընթաց է գրանցել եւ աշխարհի պետությունների շարքում զբաղեցնում է 134-րդ տեղը:

Սամվել Մարտիրոսյանը կանխատեսելի է համարում այդ արդյունքը, քանի որ 2013-ը բարելավման տարի չի համարում՝ անցած տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների պատճառով: Փորձագետը կարծում է, որ այդ առումով 2014 թվականին հայկական մամուլն ավելի դրական արդյունքներ կգրանցի. «Եթե ուսումնասիրեք զեկույցը, այնտեղ տագնապ կա, ոչ Հայաստանի առումով, ընդհանուր առմամբ, իրենք փաստել են, որ վերջին տաս տարվա ընթացքում աշխարհում ամենավատ իրավիճակն է՝ խոսքի ազատության հետ կապված»:

Իրավաբան Արա Ղազարյանի համար անսպասելի  էին զեկույցի արդյունքները, եւ կարծում է, որ դրանք չափազանցված են, քանի որ, ըստ նրա, ոլորտում էական փոփոխություններ չեն արձանագրվել. «Իմ գնահատմամբ լրատվական բովանդակությունը կամ տեղեկատվության ծավալները չեն փոխվել: Դատաքննությունը, քաղաքական գործընթացները լուսաբանվել են այնպես, ինչպես լուսաբանվում էին նախկինում»:

Ի տարբերություն Արա Ղազարյանի՝ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ 2013 թվականին ֆիզիկական բռնությունների, ճնշումների քանակն ավելացել է. «Ընտրությունների ընթացքում եղել են ֆիզիկական բռնությունների, ճնշումների, խոչընդոտումների դեպքեր, ակտիվիստների շարժումների ժամանակ բազմաթիվ դեպքեր են եղել, եւ դրանք ազդում են լրագրողների եւ լրատվամիջոցների ազատ գործունեության վրա, դա միանշանակ է»:

Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանն էլ համարում է, որ վարկանիշը կարող է հոգեբանորեն կապ ունենալ Եվրասիական միության հետ ինտեգրացիոն գործընթացի հետ. «Մտնելով ռուսական տարածք, գոնե հոգեբանորեն, կարող ես ընտրել այն խաղի կանոնները, այն վատը, որ կա հետխորհրդային տարածքի, հատկապես՝  եվրասիական տարածքում: Այն մեթոդները, որոնք կիրառվում են Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում կարող են միգրացիա լինել այստեղ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031