ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր ասուլիսի ժամանակ քննադատեց կոմունիստների երեկվա մայիսմեկյան երթերը:
«Վերջապես ինձ հաջողվեց սադրել, ես անընդմեջ ասում էի՝ մենք մի քանի միլիարդ անգամ ավելի շատ ենք, քան կոմունիստների կողմնակիցները, վերջապես իրենք ցույց տվեցին, թե ինչքան են, մարզերով հավաքվել են հեռուստագովազդով բերել են, եթե ես ԱԻՄ-ականներին մարզերից բերեմ, ավելի շատ մարդ կլինի… խեղճուկները ստիպված էին եղել նաեւ երեխաներին, իրենց թոռնիկներին ներգրավել: Այդ միջոցառումը ցույց տվեց, որ գաղափարական հենքից ոչ մի նյութ չկա: «Կեցցե Պուտին» էին գոռում, այ կոմունիստցիք, Պուտինի մեջ դուք ի՞նչ եք գտել, Պուտինը կոմունիստ չէ, չէ՞ որ դու կոմունիստ ես, ի՞նչ գործ ունես Պուտինի հետ… այսինքն, գործ ունենք հոգեկան զանգվածային խանգարման դեպքի հետ, մանկապատանեկան եւ ծերունական մառազմատիկ խանգարման հետ», – այսօր «Զարկերակ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդը:
Հետո անդրադարձավ մայիսի 18-ին Մաքսային միության դեմ նախատեսված ակցիային, ասաց. «Երթի մասնակիցները վաղը նախնական քննարկում կանցկացնեն Ազատության հրապարակում», բայց շեշտեց, որ դա չի լինելու իր կազմակերպած միջոցառումը եւ նկատեց. «Բոլոր նրանք, որոնք բարդույթավորված էին, որ ԱԻՄ-ն է անելու, իրենց բարդույթներն է՛լ չեն ունենա ու կարող են հանգիստ մասնակցել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը, թե Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունանում, որ ապագայում որոշիչ է լինելու միայն ՀՀԿ-ի ձայնը, պարոն Հայրիկյանն ասաց՝ ոչինչ, Շարմազանովը դեռ երիտասարդ է. «Ու քանի որ նրանց հոգեւոր հայրերը եղել են կոմունիստները, որոնք ասում էին մենք հավերժ ենք, մեր դեմ խաղ չկա, հետո ՀՀՇ-ականները, որ հրաժարական տվեցին… ՀՀԿ-ի ամրության մասին խոսելիս թող նկատի ունենա՝ ում վրա է հիմնված իրենց իշխանատիրությունը: Այն մարդու վրա, որը վաղը առավոտյան կարող է զարթնել եւ ասել, թե դառնալու ենք Չինաստանի կողմնակից»:
Պարույր Հայրիկյանը Շարմազանովի հայտարարությունը ընկալել է ՀՀԿ-ական դառնալու կոչ ու ասուլիսին ներկա ԱԻՄ-ականներին հարցրեց. «Աթոռի համար ՀՀԿ-ական դառնա՞նք»: Լսելով համակուսակիցների պատասխանը՝ կքննարկենք, ինքն էլ կրկնեց.«Կքննարկե՜նք… ՀՀԿ-ն ծնվել է ԱԻՄ-ից: Աշոտ Նավասարդյանը երեւի հիմա իր հանգստավայրում իրեն շատ վատ է զգում ՀՀԿ-ի ներկայիս պահվածքի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ