Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Դորֆման. «Հայաստանում լինելն ինձ համար երազանքի նման մի բան էր»

Մայիս 02,2014 15:11

 

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակում կհյուրընկալի Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակութային հարցերով պատասխանատու Նենսի Վանհորնը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նախատեսված միջոցառումները չեն սահմանափակվելու միայն մայիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվելիք համերգով: Դրանք կներառեն են նաև պարի դասեր, վարպետության դասեր տեղի պարողների համար, համատեղ ստեղծագործական աշխատանք ԱՄՆ-ից ժամանած խմբի ու տեղի պարային համույթի միջև, ինչպես նաև ներկայացումներ խոցելի խմբերի համար:

«ԱրինաԱրարատյան» պարի թատրոնի տնօրեն, պարուսույց Արինա Արարատյանը կարևորում է այսպիսի միջոցառումները, որովհետև ժամանակակից պարը Հայաստանում, ինչպես նշեց նա, դեռ շատ երիտասարդ է, իր առաջին քայլերն է անում, և, հետևաբար, մեզ համար շատ կարևոր են այսպիսի շփումները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ սա ժողովուրդների միջև սերտ կապերի ձևավորման ու խորացման ուղղությամբ իրականացվող հերթական քայլերից մեկը համարեց, ինչը, ըստ նրա, դեսպանատան կարևորագույն խնդիրներից մեկն է:

«Այս այցը նաև տարածաշրջանային կարևոր բաղադրիչ ունի: Այստեղ մի քանի օր գտնվելուց հետո խումբը կմեկնի Թուրքիա, ապա՝ Տաջիկստան: Ուրախալի է, որ խումբը հնարավորություն ունի ծանոթանալու տարածաշրջանին և միգուցե նաև իր փոքրիկ ներդրումն ունենա ավելի սերտացնելու տարածաշրջանային հարաբերությունները»,- հավելեց դեսպանը:

Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Դեյվիդ Դորֆմանը երջանիկ է, որ Հայաստանում է: Նա վստահեցրեց, որ այստեղ գտնվելն իր և իր թատրոնի պարողների համար երազանքի նման մի բան է եղել: Նա նաև նշեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում իրենք հայկական պարեր պիտի սովորեն: «Դա կլինի այսօր երեկոյան, և մենք մեծ անհամբերությամբ ենք սպասում»,- ասաց Դ. Դորֆմանը:

Խոսելով իրենց պարի թատրոնի հիմնական ուղղվածության մասին՝ Դ. Դորֆմանն ասաց, որ աշխատում են տարբեր ոճեր կիրառել. «Շատ քիչ են էթնիկ տարրերը: Ես ինքս դիսկո պարող եմ, և դիսկոն գերակշռում է մեր պարերում, կիրառում ենք նաև աֆրիկյան պարի շատ տարրեր: Մեր հիմնական ուղղվածությունը ժամանակակից և հետժամանակակից (մոդեռն և պոստմոդեռն) պարն է»,- ասաց Դ. Դորֆմանի պարի թատրոնի հիմնադիրը:

Անդրադառնալով մայիսի 4-ին կայանալիք համերգին՝ նա ասաց, որ երկու պար կներկայացնեն, որոնցից մեկը կոչվում է «Կանխահաս ուրախություն». «Ես այն ընդդեմ պատերազմի ստեղծագործություն կանվանեի,- ասում է Դ. Դորֆմանը,- տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել: Մենք մի քանի ստեղծագործություններ ունենք, որոնք բռնության դեմ են ուղղված: Ինչևէ, «Կանխահաս ուրախություն» անվանումը լավատեսության և լավը գտնելու ձգտումն է նախանշում, ցույց է տալիս, որ դա կա, և կարող ենք գտնել: Ծրագիրը փակելու ենք «Լամպի տեսություն» կոչվող պարով, որը կորստի և կյանքի ուրախությունը վերագտնելու մասին է: Այս պարը ես սկսեցի որպես մենապար: Դա այն ժամանակ էր, երբ հայրս մահամերձ էր, իսկ մայրս շատ ավելի վաղ էր մահացել: Ինձ համար շատ ծանր էր նրանց կորուստը, և ես կարծում էի, որ եթե պարեմ, պարի միջոցով կկարողանամ ավելի լավ հասկանալ այդ ամենը, և դա, իրապես, արդարացրեց իրեն: Պարն այն մասին է, որ դու շրջապատված ես լավ մարդկանցով և ուրախությունն է թևածում շուրջդ»:

Դ. Դորֆմանը նկատեց նաև, որ իրենց պարի թատրոնի նպատակը ոչ այնքան հանդիսատեսին իր պարարվեստը ներկայացնելն է, որքան նրան իր հետ վերապրեցնելու այն զգացումները, որոնք կան բեմում:

Պարի թատրոնի պարող Քարլ Ռոջերսն էլ առանձնացրեց մի հատկանիշ, որով, ըստ նրա, իրենց թատրոնը տարբերվում է մյուսներից. «Մենք միշտ սատարում ենք միմյանց, և դուք կատարումների ժամանակ կտեսնեք, որ կանայք բարձրացնում են տղամարդկանց, վերջիններս էլ՝ կանանց: Մեր կանայք կարող են, նրանք ուժեղ են»,- ասաց պարողը:

Եվ վերջում պարոն Դորֆմանն ասաց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ընտրելու է 1-2 հայ պարողների, որոնք 2014 թ. ամռանը Նյու Յորքում կմասնակցեն պարուսուցման ծրագրերի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031