Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Կապանում` ի դժգոհություն տրանսպորտի ուղեվարձի թանկացման

Մայիս 02,2014 13:47

Կապանում համար 6 երթուղու ուղեվարձի թանկացումը ուղեւորների դժգոհությունն է առաջացրել: Մայիսի 1-ից համար 6 ավտոբուսից օգտվողները 50 դրամի փոխարեն պետք է վճարեն 70 դրամ: Ուղեվարձի 20 դրամով թանկացումը բողոքի ալիքի պատճառ է դարձել մարզկենտրոնում:

Երեկ Կապանի քաղաքապետարանի դիմաց տարբեր դպրոցների աշակերտներ «Դեմ ենք 70 դրամին» պաստառներով և վանկարկումներով բողոքի ցույց էին կազմակերպել: Ցույցի մասնակիցները վստահեցրեցին, որ չեն սահմանափակվելու միայն մեկ բողոքի ակցիա անցկացնելով: Աշակերտների խոսքով` ստիպված են լինում օրական մի քանի անգամ օգտվել 6 համարի ավտոբուսից` դասերի եւ մասնավոր պարապմունքերի հաճախելու համար, իսկ այդ դեպքում` 20 դրամ թանկացումը մեկ ամսվա ընթացքում մեծ գումար է կազմում:

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը հարուցել է նաեւ Ձորք, Բաղաբերդ թաղամասերի մշտական բնակիչների եւ այդ թաղամասերում գործող ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների, մանկավարժների ու դասախոսների դժգոհթյունը: «Հիմնականում 6 համարի ավտոբուսով ենք քաղաք իջնում-բարձրանում, որովհետեւ օր ա լինում 2 կամ 3 անգամ քաղաք ենք գնում, իսկ 15 համարի մարշուտկայի ուղեվարձը կրկնակի թանկ է` 100 դրամ: Էս դժվար պայմաններում, մարդկանց ձեռին փող չկա, եղածով հազիվ էին բավարարվում, հիմա էլ 50 դրամի փոխարեն 70 դրամ են դարձրել ավտոբուսի տոմսը, առանց մեր մասին մտածելու…», – ասաց Բաղաբերդ թաղամասի բնակչուհի տիկին Գայանեն:

Կապանի կոմունալ ծառայության փողոցային լուսավորության եւ ճանապարհատրանսպորտային ծառայութնյան պետ Աշոտ Ոսկանյանը փոխանցեց, որ սեպտեմբերին հայտարարված մրցույթին միայն մեկ ընկերություն էր մասնակցում` «Լավ ընկեր» ՍՊԸ, վերջինս էլ ուղեվարձը 70 դրամ էր ներկայացրել, ուրիշ մրցակիցներ եւ ավելի էժան ուղեվարձ առաջարկողներ չեն եղել: «Մենք ընկերության տնօրենի հետ պայմանավորվեցինք չթանկացնել, մինչեւ Երեւանում տրանսպորտի ուղեվարձերի հետ կապված հարցերի կագարվորումը, բայց ինքը չհամբերեց ու մայիսի մեկից թանկացրեց, արդեն մեզանից կախված չէ, ինքը մրցույթում շահել է եւ իրավունք ունի թանկացնել, ուղղակի մենք` քաղաքապետի գլխավորությամբ, աշխատեցինք այնպես անել, որ թանկացում տեղի չունենա», – նշեց պարոն Ոսկանյանը:

Իսկ «Լավ ընկեր» ՍՊԸ տնօրեն Վահե Համբարձումյանը մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրեց, որ ուղեվարձի գնի բարձրացումը պայմանավորված էր վառելիքի, պահեստամասերի թանկացմամբ, եւ 50 դրամ ուղեվարձով սպասարկումն այլեւս ձեռնտու չէր ընկերությանը:

«Սեպտեմբերի 30-ին պետք է մրցույթը լիներ, լրանում էր նախկին մրցույթի ժամկետը, քաղաքապետի հետ բանակցությունների մեջ էինք, մրցույթային հանձնաժողովը մինչեւ նոր մրցույթի հայտարարումը` մեզ 6 ամիս ժամանակավոր հատկացում տվեց, դրանից հետո կրկին երկարացվեց այդ ժամանակը: Փետրվարի 12-ին մրցույթը կայացավ եւ մենք շահեցինք, մասնակից չկար ուրիշ, հանձնաժողվի հետ պայմանավորվեցինք, որ ինչքան հնարավոր լինի մենք 50 դրամով կսպասարկենք երթուղին, բայց էլ 50 դրամով հնարավոր չէր սպասարկել: 50 դրամով ուղեվարձ կա՞ հանրապետությունում…»,- ասաց «Լավ ընկեր» ՍՊԸ տնօրեն Վահե Համբարձումյանը եւ ավելացրեց, որ ընկերությունը երթուղու սպասարկումը կիրականացնի մինչեւ 2018թ.-ի մարտի 1-ը:

Ինչպես ճշտեցինք` Սիսիանում եւ Գորիսում քաղաքի ներսում գործող երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձերը 50 դրամ են կազմում եւ չեն թանկացել, իսկ Կապանում երթուղային տաքսիներն արդեն մի քանի ամիս է 70 դրամից դարձել են 100 դրամ, իսկ 6 համարի ավտոբուսն էլ մայիսի 1-ից 50 դրամի փոխարեն` 70 դրամ:

Իսկ մեր այն հարցին, թե երթուղու սպասարկման որակը կբարելավվի՞ ուղեվարձի թանկացումից հետո, քանի որ բնակչության կողմից բազմիցս են դժգոհություններ եղել այդ առումով, տնօրենը նշեց, որ անում են ամեն հնարավորը սպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու համար, սակայն դժգոհություններ այնուամենայնիվ լինում են:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էհ, մի վճարեք 70 դրամ: Ի՞նչ պիտի անեն: Կապանում էլ ՀՀԿ/հանքային կլանը սովոր է,որ մարդիկ հլու-հնազանդ ամեն ինչ կուլ տան: Որ ՁԵԶ հարգեք ու պահանջեք, տենց չի լինի: Իսկ սրա ԽՈՐՔԱՅԻՆ պրոբլեմը օլիգարխա-կլանային տնտեսական համակարգն է,որը թույլ չի տալիս արդար մրցակցություն: Իսկ ԼՈՒԾՈՒՄԸ Հայաստանում անկախ, բացառապե՛ս ՏԵՂԱԿԱՆ կուսակցությունների ստեղծումը հնարավոր դարձնելն է:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ապրե՛ն ակցիա կազմակերպող աշակերտները: Էդ քաղաքն ու երկիրը ձե՛րն է: «Լավ ընկերը» 50 դրամով եթե “շահույթ չի ապահովում”,թող ՍՆԱՆԿ իրեն հայտարարի. բա կանի՞:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031