Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը չի վստահում Հովիկ Աբրահամյանին

Մայիս 02,2014 13:40

Այս օրերին Ազգային ժողովի օրակարգում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, եւ այն տեսքով, որով այն ներկայացվել է խորհրդարան, «Դեմ եմ»-ի անդամների սրտով չէ: Ընդ որում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տված խոստումներն էլ, թե՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող խնդիրներին բոլորի համար ընդունելի լուծումներ կտան, «Դեմ եմ»-ի մոտ ոչ վստահություն է ներշնչում, ոչ էլ լավատեսություն:

«Վարչապետն ասաց, որ փաստացիորեն կասեցված է պարտադիրը, բայց այն նախագիծը, որը ներկայացվեց Ազգային ժողովին, փաստացի եւ «դե յուրե» ընդամենը նախատեսում է կասեցնել տույժերը: Այսինքն՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է կասեցվում պարտադիր բաղադրիչն այդ օրինագծով, որովհետեւ երբ ոչ իշխանական ուժերը խորհրդակցություն էին անում՝ որոշակի առաջարկություններով, իսկ այդ առաջարկների մեջ մեր պահանջն էլ կա՝ Պետեկամուտների այդ հաշվետվությունը դարձնել կամավոր, այս փոփոխությունները չկան վարչապետի ասած օրենսդրական փոփոխություններում: Մենք ասում ենք, որ օրենսդրական, իրավական առումով դեռ լավատեսություն չենք տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Խաժակյանը:
Ուշագրավն այն է, որ երբ ամիսներ առաջ Հովիկ Աբրահամյանը երկրի 2-րդ դեմքն էր՝ ԱԺ նախագահը, եւ երբ այդ ընթացքում էլ բազմիցս բողոքի ակցիաներ էին տեղի ունենում «պարտադիրի» դեմ, քաղաքացիական նախաձեռնությունն անգամ գրավոր նամակ է ուղղել ԱԺ, որտեղ ներկայացվել են իրենց մտահոգությունները, Հովիկ Աբրահամյանը ոչ մի անգամ, որպես ԱԺ նախագահ, չի արձագանքել հասարակության այդ մտահոգություններին, իսկ հենց դարձավ վարչապետ, անմիջապես մանրամասն ծանոթացավ դրանց, ինչի մասին վկայում են կառավարության պաշտոնական կայքում տեղադրված վարչապետի խոսքերը:

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը, լինելով ԱԺ նախագահ, չի ծանոթացել կուտակային համակարգի խնդիրներին, ավելին՝ կողմ է քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին, եւ միայն վարչապետ դառնալուց հետո նկատեց այդ խնդիրները՝ մեր այս դիտարկմանը Դավիթ Խաժակյանն ասաց. «Ձեր հարցը տեղին է, այդ հարցին ես կավելացնեմ եւս մեկը՝ երբ ոչ իշխանական ուժերն առաջարկեցին քննարկել հենց մտահոգությունների մասով հարցը, ինչո՞ւ այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խմբակցությունը բոյկոտեց այն եւ այդպես էլ չցանկացավ լսել մտահոգությունները դեռ այն ժամանակ»:

Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ «Դեմ եմ»-ը ամիսներ առաջ նամակ է ուղարկել ԱԺ եւ Հովիկ Աբրահամյանից պահանջել խորհրդարանում քննարկել հարցը, մի նամակ էլ կառավարություն էր ուղարկել՝ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, իսկ ՀՀ նախագահին էլ նամակ է ուղարկվել՝ որպես Սահմանադրության երաշխավորի. «3-ին էլ նամակ ուղղվել է, եւ այնպես չէ, որ հարցը նոր ծագեց, ու Հովիկ Աբրահամյանը նոր տեղեկացավ»:

Հովիկ Աբրահամյանի այս քայլի տրամաբանության մասին հետաքրքրվեցինք նաեւ նրա կուսակից ընկեր, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից, որն ասաց, թե վարչապետը ծանոթացել է այն մանրամասներին, որոնք բխում են օրենքի ընդունման արդյունքում. «Որովհետեւ կան բազմաթիվ այլ իրողություններ, որոնք օրենքի տեքստի մեջ արձանագրված չեն, խոսքը վերաբերում է հենց դրանց, այդ թվում՝ իրողություններ, որոնք կապված են հասարակական այս կամ այն շերտի վերաբերմունքին: Օրենքի նախագիծն ընդունվել է ավելի քան 3 տարի առաջ, եւ այդ ժամանակ այս ընդվզումները չկային: Ընդ որում, եթե ընդվզումները լինեին 1, 2, 3 տարի առաջ, զարգացումները շատ ավելի տրամաբանական հունով կընթանային: Օրենքն ընդունվել է տարիներ առաջ, եւ 3 տարին տրված է եղել, որպեսզի հասարակության տարբեր շերտեր մանրամասն ուսումնասիրելով օրենքի առանձնահատկությունները՝ ներկայացնեին իրենց դիրքորոշումները, անհամաձայնությունները, որոնք թույլ կտային տարիների ընթացքում բերել այն վիճակի, որոնք ընդունելի կլինեին հասարակության ավելի լայն շերտերի համար: Ցավոք, դա տեղի չունեցավ, եւ միայն հունվարի 1-ին, երբ օրենքը պիտի ուժի մեջ մտներ, վերջին ամիսների ընթացքում նման դրսեւորումներ տեղի ունեցան. սա է պատճառը որ մենք ցայտնոտի մեջ հայտնվեցինք»: Ապա պարոն Մինասյանը վստահեցրեց, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը լրացումներ կկատարեն օրենքում, որպեսզի ամբողջականորեն բավարարվի Սահմանադրական դատարանի որոշումներն ու ընդունելի լինի հասարակության լայն շերտերի համար:

Արդյոք նոր վարչապետի խոստումներն ընդամենը «փափուկ բարձ» դնել չի՞ ընդվզող զանգվածի «գլխի տակ»՝ ժամանակ շահելու համար, որպեսզի ի վերջո կենսաթոշակային բարեփոխումները կոշտ միջոցներով գործարկվեն, մանավանդ, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին կառավարությանն էր ներկայացնում արդեն որպես վարչապետ, շեշտել էր, որ նախորդ կառավարության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը անպայման շարունակվելու է: Այս առնչությամբ էլ Դավիթ Խաժակյանն ասաց, որ վստահությունը հիմնվում է միայն գործողությունների վրա, իսկ օրենսդրական ներկայիս փոփոխության դեպքում «Դեմ եմ»-ը չի տեսնում վստահություն ներշնչող գործողություններ. «Վարչապետի տված հավաստիացումները դեռ չեն վերածվել օրենսդրական փոփոխությունների, այս պարագայում վաղ է խոսել վստահություն ունենալու մասին: Եվ հետո՝ այս անորոշ իրադրությունը բարկացնում է ժողովրդին, կարելի է 1, 2 շաբաթ ձգել, բայց 3-րդ շաբաթը բողոքի ալիքն ավելի ուժեղ կլինի, բողոքի ձայնն ավելի քան լսելի կլինի, ու նրանք ստիպված կլինեն հապճեպ անել այդ փոփոխությունները»:

Հասարակության մտահոգություններին ծանոթանալու մասին իր խոսքում Հովիկ Աբրահամյանն ասել է. «Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար եւ կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»»: Այս ձեւակերպումն, ըստ «Դեմ եմ»-ի ներկայացուցչի, ոչ հստակ ձեւակերպում է. «Որովհետեւ, ըստ էության, պարտադիրը ներկայիս սոցվճարների համակարգն է նաեւ, մենք պարտադիր կատարում ենք սոցիալական վճարներ՝ եկամտահարկի տեսքով, այսինքն՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետը՝ պարտադիր, բայց արդեն վճարվո՞ղ գումարների շրջանակներում, թե՞ պարտադիր նոր վճարների շրջանակներում: Մենք ասում ենք՝ եթե խոսքը կուտակային կենսաթոշակների մասին է, այն պետք է լինի բացառապես կամավոր»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031