Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից երեկ ստացվել է 25.04. 2014թ. որոշումը՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին: Խոսքը Նարինե Սարգսյանը, Հրանտ Սուվարյանն ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի, երրորդ անձ «Առավոտ» ՍՊ ընկերության պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործի մասին է:
Նարինե Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն է, Հրանտ Սուվարյանը՝ խնամին:
Դատավոր Սիմիզար Հովսեփյանի օգնական Ս. Աբովյանը միաժամանակ տեղեկացրել էր, որ գործի քննությունը նշանակվել է մայիսի 30-ին:
Դատարանի որոշումը 3 համակարգչային էջից է բաղկացած:
Կարդացեք նաև
Դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել էր պատասխանողների ներկայացուցչի՝ Յու. Խաչատրյանի միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու համար: Պատասխանողի ներկայացուցիչը հայտնել էր, որ սույն գործով Հրանտ Սուվարյանի եւ վարչական գործով անցնող մյուս երրորդ անձանց դիմումների հիման վրա, Հրանտ Սուվարյանի լիազորված անձ Հայկ Սարգսյանի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում 2013թ. նոյեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետի կողմից ընդունվել է թիվ 5896-Ա որոշումը: Ըստ այդ որոշման, ճանաչվել է նրա սեփականության իրավունքը 1036.13 քմ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող գույքի նկատմամբ: Իսկ շենք-շինությունների մեջ մտել է նաեւ Լեմբերիկ Խաչատրյանի կողմից կառուցված ավտոտնակը՝ առանց վերջինիս գիտության: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը վարչական գործով իր պատասխանում գրել է. «Նշված ավտոտնակը դեռեւս 1985թ. պատկանել է Հրանտ Սուվարյանին», այն դեպքում, երբ նա գործով անցնող հասցեում նվիրատվության պայմանագրով գույք է ձեռք բերել 1993 թվականին, եւ նշված ավտոտնակը ձեռքբերված գույքային միավորների մեջ չի մտնում:
Դատարանը կասեցման քննության վերաբերյալ որոշման մեջ նշել էր պատասխանողների այն տեղեկությունը, համաձայն որի՝ քաղաքապետարանի հիշյալ որոշումից հետո Հրանտ Սուվարյանի լիազորված անձը 3 առանձին դիմումներ է ներկայացրել անշարժ գույքի պետական կոմիտե՝ կադաստր, առանձին ներկայացնելով 3 բնակելի տներն ու ընդհանուր հողամասի հատակագիծը:
Դիմումը չի բավարարվել: Պետական գրանցում չի ստացել:
Դատարանն արձանագրել էր, որ Հրանտ Սուվարյանի կադաստրային գործի վարույթը կասեցվել էր, քանի որ Լեմբերիկ Խաչատրյանի ավտոտնակի հետ կապված առկա են եղել գույքի պատկանելությունը վիճարկող, պատասխանողի օգտին իրավահաստատող փաստաթղթեր:
Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր նաեւ, որ Լեմբերիկ Խաչատրյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր, որի 06/02/2014թ. թիվ ԱՏ -05/02/02/2014-2-0123 տեղեկանքով հայտնվել է, որ համաձայն կադաստրային գործի տվյալների՝ Հրանտ Սուվարյանի, Արթուր Խաչատրյանի, Հայկ Եղոյանի, լիազորված անձ Հայկ Սարգսյանի կողմից 04.02.2014-ին կրկին ներկայացվել է Ա. Տիգրանյան 17/2 հասցեով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմում: Չափագրումը կատարվել է «ԼԻԱՐՍԻՆ» ՍՊ ընկերության կողմից, եւ այդ հատակագիծն էլ ներկայացվել էր կադաստր:
Չափագրման մեջ նշվել էր նաեւ Լ. Խաչատրյանի ավտոտնակը, սակայն որպես ինքնակամ շինություն:
Լեմբերիկ Խաչատրյանը դիմել էր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանին, հայտնելով, թե կատարվածն առանց իր գիտության եւ թույլտվության է կատարվել, եւ որ չափագրող ՍՊ ընկերությունը դրանով իսկ խախտել է իր օրինական շինության՝ ավտոտնակի անձեռնմխելիությունը: Երվանդ Զախարյանից քաղաքացին նաեւ խնդրել էր ապահովել օրինականությունը, բացառել կեղծ փաստաթղթերի հիման վրա պետական գրանցումը:
Կողմի ներկայացուցիչն առաջարկել է, որպեսզի Լ. Խաչատրյանը չբողոքի, ավտոտնակի օրինական գրանցումից հետո այն անհատույց Լ. Խաչատրյանին տրամադրելու խոստմամբ:
Լ. Խաչատրյանը դիմել է նաեւ վարչապետին, որպեսզի նա ազդի խնամու վրա:
Եվ չստանալով պատասխան՝ նա «Առավոտով» բարձրաձայնել էր իրենց սեփականությունից զրկելու մասին:
Պատասխանող կողմը դիմել էր նաեւ վարչական դատարան:
Հայցվորների ներկայացուցիչ Ա. Սարգսյանը կասեցման միջնորդության դեմ է եղել, իսկ դատարանը մերժել է:
Իր մերժման հիմքում դատարանը հետեւյալ պատճառաբանություններն էր գրել. դատարանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պարտավոր էր կասեցնել գործի վարույթը, սակայն, պարզվել է, որ տվյալ դեպքում, վարչական դատարանում առկա է մի գործ, որով վիճարկվում է Երեւանի քաղաքապետի 22.11.2013թ. թիվ 5896-Ա որոշման անվավերության հարցը:
Դատարանի գնահատմամբ, պատասխանողի ներկայացուցիչը միջնորդության քննության ընթացքում չկարողացավ հիմնավորել, թե ինչով է պայմանավորված սույն հայցի քննության անհնարինությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ