Անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին «Դիլիջան ԲՈՒԱՏ» ՓԲ ընկերությանը պատկանող «ԳԱԶ-322132-220» մակնիշի 0396 Լ ավտոմեքենայի վարորդ Սուրեն Հովսեփյանը Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ հատվածում՝ դեպի Իջեւան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, բախվել է Վաշտակ Գյուրջոյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 06 ՏՏ 789 ավտոմեքենային, վրաերթի ենթարկել այդ մեքենան հրողներին՝ Բակուր եւ Հայկ Գյուրջոյաններին: Հայկը մահացել էր, Բակուրը ստացել էր մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սեւանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
Իսկ նույն բաժանմունքի ավագ քննիչ Ա. Գաբրիելյանի 2013թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ նշանակվել է ավտոտեխնիկական, դատաբժշկագիտական փորձաքննություն:
Ըստ դատաբժշկագիտական փորձաքննության եզրակացության հետեւությունների, Հ. Գյուրջոյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից:
Հայտնաբերվել էին արյունազեղում գլխի մաշկի տակ, ձախ սրունքի շրջանի քերծվածք, սրունքի շրջանի սալջարդ, սալջարդ՝ ջնջխած վերք՝ ազդրի բազմաբեկոր կոտրվածք, որն ուղեկցվել է արտաքին սուր արյունահոսությամբ:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտման լաբորատորիայի վարիչ Արմեն Գեւորգյանի եւ նույն լաբորատորիայի փորձագետ Սարգիս Խաչատրյանի եզրակացության համաձայն, «Առաջադրված պայմաններում պատահարին մասնակցածներից յուրաքանչյուրի ցուցմունքի հիման վրա տեխնիկական տեսակետից կարող էր տեղի ունենալ տվյալ պատահարը, սակայն նույնպես բավարար հատկանիշների բացակայության պատճառով փորձագիտական եզրակացությամբ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ պատահարին մասնակիցներից որի ցուցմունքն է համապատասխանում տվյալ պատահարի առաջացման մեխանիզմին»:
Կարդացեք նաև
Ըստ Վաշտակ Գյուրջոյանի, ավտոմեքենայի վառելիքը վերջացել է, հայրը՝ Հայկ Գյուրջոյանը, եւ եղբայրը՝ Բակուրը, մեքենան հրելով փորձել են դուրս բերել երթեւեկելի մասի աջակողմյան հատված. «Ինքն ավտոմոբիլի վարորդի դուռը բաց թողնելով՝ մտել է ավտոմեքենայի մեջ, այդ պահին հայրը գտնվել է ավտոմեքենայի հետեւի աջ կողմում, իսկ եղբայրը՝ ձախ, եւ այդ ժամանակ էլ «ԳԱԶ-322132 220»-ը բախվել է իր ավտոմեքենայի հետեւի մասին, որի հետեւանքով իր ավտոմեքենան երթեւեկելի ուղեմասում պտույտ կատարելով՝ սահել է դեպի առաջ 35-40 մետր, կանգնել երթեւեկելի ուղեմասի կենտրոնում՝ առջեւի մասով դեպի Երեւանի ուղղությամբ: Ավտոմեքենայի բախվելու հետեւանքով հայրը տեղում մահացել է, եղբայրը ստացել է մարմնական վնասվածք»:
Փորձագետների եզրակացության համաձայն, «ԳԱԶ»-ի վարորդը պետք է միացրած լիներ վթարալուսային ազդանշանը, կամ՝ վթարային կանգառ ճանաչման նշանը՝ կարմիր թարթող լապտերիկը:
Ըստ փորձագետների՝ բախվող մեքենան տեխնիկական հնարավորություն չի ունեցել տվյալ պատահարը կանխելու:
Հայկի կինը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ, քրեական գործի նախաքննության փուլում մահացածի ընտանիքը չունի ներկայացուցիչ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, դրանք վիճարկելու իրավական ճանապարհով:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ