Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոբելյանական փառատոն՝ տարբեր «խաչմերուկներով»

Մայիս 02,2014 13:15

Մարիամ Շահինյանը՝ «Ազգային պատկերասրահ»  
միջազգային երաժշտական փառատոնի մասին

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի համար տարին հոբելյանական է, այն արդեն 10 տարեկան է: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ եւ փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, «Ազգային պատկերասրահը» այս տարի կբացվի մայիսի 7-ին՝ Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Առաջին համերգը կներկայացնեն շվեյցարաբնակ հայտնի մեցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Մարիամ Շահինյանը շեշտեց, որ Վարդուհի Խաչատրյանն առաջին անգամ հանդես կգա «Ազգային պատկերասրահի» շրջանակներում, բայց մի քանի անգամ ելույթ է ունեցել «Վերադարձ» փառատոնում:

Բացման համերգի ծրագիրը հագեցած է, կներկայացնեն հատընտիր ստեղծագործություններ: «Երեկոն լի կլինի անակնկալներով, նաեւ ֆիլմ կցուցադրվի մեր անցած ճանապարհի մասին»,- հայտնեց փառատոնի հիմնադիրը:

Նրա խոսքով, հայ հանդիսատեսը փառատոնի շրջանակում հնարավորություն կունենա 6 համերգ ունկնդրել, ծրագրային եւ մասնակիցների առումով դրանք միմյանցից շատ տարբեր են: Եզրափակիչ համերգը կկայանա հունիսի 3-ին:

«Կարծում եմ՝ մեր փառատոնի տասնամյակը լուրջ հոբելյան է, տարիների ընթացքում ձեռք բերած մեր փորձը եւ իրականացրած համերգները կվկայեն այն մասին, որ փառատոնն ունի մեծ պահանջարկ եւ կենսագրություն: Այն կայացել է: Այս փառատոնի գաղափարը կար եւ վաղուց կիրառվում էր աշխարհում, այն է՝ դասական երաժշտությունը ներկայացնել ոչ համերգային դահլիճներում: Ազգային պատկերասրահը մեզ հետ միասին դարձավ Հայաստանում այդ գաղափարի իրականացման մասնակիցը եւ կրողը: Փորձեցինք դասական երաժշտությունը նորովի ներկայացնել գույնի եւ հնչյունի համադրությամբ: Արդյունքում՝ հանդիսատեսը ոչ թե նվազեց, այլ մեծաթիվ դարձավ, շատ երիտասարդներ համերգների այցելելով ծանոթացան Ազգային պատկերասրահին, իսկ Ազգային պատկերասրահ այցելելով՝ դասական երաժշտությանը: Յուրատեսակ սինթեզ եղավ նկարչության եւ երաժշտության:

Այս ամենը չէր լինի շարունակական եւ ամենամյա, եթե չլիներ մեր գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: 2008-ից «Ազգային պատկերասրահ» փառատոնն ընդգրկվեց նաեւ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող միջոցառումների շարքում»,- հավելեց Մարիամ Շահինյանը: Նրա հավաստմամբ, այս տարի փառատոնը կառանձնանա նրանով, որ ստեղծել են մշակութային խաչմերուկներ: Օրինակ, երկրորդ համերգը, որ կկայանա մայիսի 10-ին, անվանվել է «Հայ-ավստրիական մշակութային խաչմերուկներ»: Լարային քառյակ կներկայացվի Վիեննայից, որի կազմից երկուսը ազգությամբ հայ են: Նրանց կմիանան իսպանացի եւ ուկրաինացի երաժիշտներ: Համերգին հանդես կգան Լաիդա Ալբերդին (ջութակ, Իսպանիա), Միխայլո Զախարովը (ջութակ, Ուկրաինա/Ավստրիա), Գայանե Միրզոյանը (ալտ, Հայաստան/Ավստրիա), Ալեքսանդր Կարախանյանը (թավջութակ, Հայաստան/Ավստրա), հայաստանցի դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Եվ արեւմտաեվրոպական, եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ կհնչեն այդ օրը:

Մայիսի 16-ը հայտարարված է «Հոգեւոր երաժշտության երեկո»: Այս համերգին պրեմիերա է նախատեսված՝ կներկայացվի արական երգչախումբ, որի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Վահե Բեգոյանը: «Սա առաջին իրենց բեմելը կլինի լայն հանդիսատեսի առջեւ: Եվրոպայում շատ կան արական երգչախմբեր, ուրախալի է, որ մենք էլ մերը կներկայացնենք: Համերգին կլինեն նաեւ սոլիստներ»,- հայտնեց տիկին Շահինյանը: Մայիսի 21-ի համերգը նվիրված է անվանի երաժիշտ Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին, այն վոկալ երաժշտության երեկո կլինի: «Այդ համերգը շատ կարեւոր է մեր փառատոնի համար, քանի որ նվիրված էր մի մարդու, որը իր ուշադրության կենտրոնում էր պահում մշակութային դաշտը: Եթե նույն ժամին լինում էր մի քանի համերգ, նա փորձում էր բոլոր տեղերում լինել, իր խոսքն ասել:

Ռաֆայել Հակոբյանցը մեր փառատոնի ակունքներում էր կանգնած: Այս համերգը կներկայացնի շատ երիտասարդ, բայց տաղանդավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, կմասնակցեն նաեւ օպերային թատրոնի այլ մեներգիչներ՝ սոպրանո Նունե Բադալյանը, մեցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, Ռաֆայել Հակոբյանցի սան, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը»,- նշեց մեր զրուցակիցը:
Մայիսի 27-ի համերգը վերնագրված է «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ»: Պատվավոր հյուրն է Երեւանում ծնված, Հայաստանին հավատարիմ մի կոմպոզիտոր՝ Վիլլի Վայները, իսկ որպես դաշնակահար հանդես կգա Հայկ Մելիքյանը: Նույն օրը Վիլլի Վայների ձայնագրությունների CD-ի շնորհանդես կլինի:

Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա հունիսի 3-ին, համերգը կոչվում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ»: Եզրափակիչ համերգի պատվավոր հյուրը Ֆաբիան Մյուլերն է Շվեյցարիայից: Ելույթ կունենան նաեւ աշխարհահռչակ թավջութակահարուհի Պի-Չի Չիենը, (Շվեյցարիա), շվեյցարաբնակ դաշնակահարուհի Սոնա Շաբոյանը: Նրանց կմիանա տեղացի երաժիշտներից կազմված քառյակ՝ Սյուզի Երիցյան (ջութակ), Շաղիկ Մարտիրոսյան (ջութակ), Աննա Եսայանց (ալտ), Հասմիկ Վարդանյան (թավջութակ): Համերգին կներկայացվի շվեյցարացի կոմպոզիտորների երաժշտություն, նաեւ՝ Առնո Բաբաջանյան: Ափոփելով փառատոնային ծրագիրը, Մարիամ Շահինյանը ժպիտով ու գոհունակությամբ ասում է՝ մեր առջեւ դրված խնդիրները կարելի է համարել հաղթահարված:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031