Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողությունից տեղափոխում ենք կոնկրետ պահանջների դաշտ

Մայիս 02,2014 13:01

Արեւմտահայոց ազգային համագումարը նոր քայլեր է արձանագրում

«Անկարայի մտքի ազատության կեդրոն» նախաձեռնությունը եւ Արեւմտահայոց ազգային համագումարն այս տարվա հունվարի 18-ին Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպել էին ոգեկոչման համաժողով, որի ընթացքում քննարկվել են Եղեռնին առնչվող պատմական, իրավական եւ բարոյական խնդիրների լուծման հեռանկարները: Համաժողովի ընթացքում մի շարք մասնակիցներ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ իշխում էր փոխհատուցման տրամադրությունը:

Դեռեւս մի քանի ամիս առաջ կայացած ասուլիսում Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ասել էր, որ հայկական կողմը այդ հայտարարության տակ չի ստորագրել, քանի որ ներկայացված են եղել հայկական կողմի ոչ բոլոր պահանջները:

Hrant_Dinaq_01

«Առավոտի» հետ զրույցում պարոն Ախոյանը տեղեկացրեց, որ արդեն լույս է տեսել գրքույկ, որտեղ զետեղված են այդ համաժողովի մասնակիցների ելույթները եւ մասնակից մտավորականների պահանջները՝ ուղղված Թուրքիայի Հանրապետության ղեկավարությանը:

«Գրքի տպագրությունը հաճելի անակնկալ էր: Երբեմն նման ֆորումներ են արվում, վերջում էլ՝ հայտարարություններ, որոնք հաճախ մնում են թղթի վրա: Այս գրքով ապացուցվում է, որ նոր սկիզբ ու նոր պատուհան է բացվում երկխոսության: Քարացած թշնամական կարծրատիպերից պետք է ձերբազատվել: Հաճախ որոշ քաղաքական գործիչների, քաղաքագետների թվում է, որ ինչքան սահմանը ամուր պահենք, այնքան ապահով կլինենք: Մինչդեռ ինչքան սահմանը բաց լինի, կարողանանք տեսնել պատից այն կողմ ինչ կա, այդքան՝ ավելի լավ կլինի: Թուրքական դիվանագիտության վիրտուոզության մասին խոսելը ավելորդություն եմ համարում, եւ հետո ամեն ինչի տակ նենգություն փնտրելով ոչնչի չենք հասնի, դա որոշ քաղաքագետների անգործության հետեւանք է: Պետք է բաց աչքերով, տղամարդավարի գնալ բանակցությունների, ինչի համար մի փոքր կայծ է պետք, իսկ կայծն ահա մենք ստեղծել ենք»,- նշեց պարոն Ախոյանը:

Նա անդրադարձավ նաեւ քաղաքական գործիչ, Կանաչների միության հիմնադիր, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի հայաստանյան այցին ու թուրքական հեռուստաընկերություններին տված հարցազրույցներին:

Պատմեց, որ մի բանավեճի ժամանակ «գորշ գայլերին» ներկայացնող քաղաքական մեկնաբանը Ուֆուք Ուրասի հետ բանավեճից հետո տեղի է տվել ու եթերում հայտարարել, թե Հայաստանն իրենց հերթական հարեւանն է, Հայաստանն ու Արեւմտյան Հայաստանը տարբեր հասկացություններ են, ու արեւմտահայության պահանջատիրությունը Հայաստանի հարաբերությունների հետ կապ չունի:

Կրկին անդրադառնալով տպագրված գրքույկին, ԱԺ պատգամավորն այնտեղ մի քանի ելույթ առանձնացրեց, մասնավորապես՝ Չենգիզ Աքթարինը, որը «Ներեցեք մեզ, հայեր» հայտնի ակցիայի կազմակերպիչներից է: Ասաց, որ այդ ելույթներում բավականին ինֆորմացիա կա՝ Թուրքիայում ընթացող գործընթացների վերաբերյալ: Ի դեպ, գրքում զետեղված՝ մտավորականների կողմից հրապարակված պահանջներից մեկն էլ այն է, թե պետք է վերադարձնել նախագահական պալատը, որը հայ ընտանիքի ապարանք է եղել: Չնայած այդ հայտարարության տակ Արեւմտահայոց ազգային համագումարը չի ստորագրել, սակայն այն պատմական է համարում այնքանով, որ այդ պահանջները, անկախ դրանց մի քանիսի ոչ ընդունելի լինելուց, կարող են հետագա գործողությունների ու քննարկումների հիմք հանդիսանալ:

«Մեր ներդրումն այս գիտաժողովում այն է, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը հիշողությունից տեղափոխում ենք կոնկրետ պահանջների դաշտ, հստակ իրավական պահանջների եւ ոչ թե վիրտուալ ցանկությունների: Սա կոնկրետ պրոցես է, որ գծել ենք»,- նշեց Արագած Ախոյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի հայտնի հայտարարությանը, ապա պատգամավորի ձեւակերպմամբ. «Ինքը դրանով ասում է՝ եկեք խոսենք, բայց դա չի նշանակում, թե ուզում է զիջումների գնալ, բայց որ կա ռեալ զրույցի հեռանկար, ինչը առաջին քայլ է, դա փաստ է: Ցավոք, մեզանում պահանջատիրությունն ընկալվում է իբրեւ Սեւրի դաշնագիր, իսկ Էրդողանի հայտարարությունը չի նշանակում, թե պատրաստ է խոսել Սեւրի դաշնագրի մասին: Ի դեպ, մի քանի ուժեր եւ գործիչներ հայտարարել են, թե կասկածամտությամբ են մոտենում Էրդողանի հայտարարությանը: Դա երբեմն գալիս է քայլի նկատմամբ հստակ կարծիք չունենալուց: Մենք կասկածանքով չենք մոտենում, որովհետեւ ասում ենք՝ տեղափոխվենք իրավական պահանջների, մասնագիտական, կորուստների ճիշտ գնահատման եւ գիտակցման դաշտ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինե Վահրադյան says:

    – / Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի հայտնի հայտարարությանը, ապա պատգամավորի ձեւակերպմամբ. «Ինքը դրանով ասում է՝ եկեք խոսենք, բայց դա չի նշանակում, թե ուզում է զիջումների գնալ, բայց որ կա ռեալ զրույցի հեռանկար, ինչը առաջին քայլ է, դա փաստ է:/ …., վայ վայ վայ , էս ինչ միամտություն է…
    Մենք կասկածանքով չենք մոտենում, որովհետեւ ասում ենք՝ տեղափոխվենք իրավական պահանջների, մասնագիտական, կորուստների ճիշտ գնահատման եւ գիտակցման դաշտ»: / Արագած Ախոյան , /….Ու՞մ հանդեպ կասկածներով չեք մոտենում թուրքի՞…..Ցեղասպանությունը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, իսկ հանցագործության քննարկման վայրը ՄԱԿ -ի անվտանգության դատարանն է , ոչ թե թուրքի հետ բանակցելը , և որտեղ էլ հիմնավոր փաստաթղթեր պետք է ներկայացվի, այսինքն 1920թ.-ի նոյեմբորի 22-ին դատական անբեկանելի վճռով հաստատված ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ փաստաթղթերը , ոչ թե Էրդողանի ասածների հեռանկարին հավատալով ու խոսալով …. Իսկ Իրավարար վճիռը շնորհիվ միջազգայնագետ պն. Արա Պապյանի անկոտրուն ջանքերով արդեն հասու են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ , ԱՅՆՊԵՍ ՈՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻ հետ չէ որ պետք է բանակցի , ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ ….Իսկ ապրիլի 24-ին էլ կենտրոն հեռուստաալիքով հայտարարեցին , ցույց տալով Կարեն Միքաելյանին և իր կողմից միքանի հրավիրված թուրքերին , իրբրև բարեկամության կոչեր է անում , իսկ հատուցման խնդիրը ըստ իրեն առայժմ ժամանակավրեպ է , դա էլ ասվում է 99 տարի ա՞նց ժամանակի մասին…..Չգիտեմ խնդամ լամ , թե ողբամ ….

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/05/02/456864/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից/

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031