Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն կատարեց իր մինիմում ծրագիրը, հերթը մաքսիմումինն է»

Մայիս 02,2014 13:39

Դավիթ Հակոբյանն Էդուարդ Շարմազանովին հիշեցնում է Հռոմի եւ Պոմպեոսի վախճանը

«Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր»,- այսպես էր պատասխանել լրագրողների հարցին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ լրագրողները նկատել էին, որ նորանշանակ վարչապետը` Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդի խնամին է: «Բրավո, արքունիքի թութակը պատմությունը լավ գիտի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` զարմանալով, որ 21-րդ դարի դեմոկրատական հայտարարված Հայաստանը Շարմազանովը համեմատեց մեր թվարկությունից առաջ առաջին դարի ստրկատիրական Հռոմի հետ, ու հիշեցրեց. «Կեսարն իր դեռատի Յուլյային կնության տվեց հիսնամյա Պոմպեոսին՝ փոխարենը ստանալով հինգ լեգեոններ, որոնք Կեսարին Կեսար դարձրին:

Կեսարի եւ Պոմպեոսի խնամիական առեւտուրը Հռոմին արժեցավ ազգակործան քաղաքացիական պատերազմ, իսկ Պոմպեոսը գլուխը կորցրեց Նեղոսի ափերին: Ի՞նչ արհավիրք կբերի այդ խնամիական առեւտուրը հայ ժողովրդի գլխին…»: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ նշանակվելու ժամանակ մարքսիստն ասել էր. «Մկները փրկեցին Հռոմը, բայց կկործանեն Հայաստանը»: Այժմ ասում է. «Առաջին խնամիական գործարքի արդյունքում Հովիկ Աբրահամյանը գրավեց ԱԺ նախագահի պոստը, երրորդ խնամիական գործարքի արդյունքում ԲՀԿ-ն նրան մատուցեց գործամոլական կապիտալի աթոռը»: Ընդհանուր առմամբ, ըստ մարքսիստի, Հովիկ Աբրահամյանը հանրությանը հայտնի է որպես «վելիկիյ կոմբինատոր` Օստապ Իբրահիմովիչ»: Այս պիտակը մարքսիստը պատահական չի համարում. «Չորս հիմարիկ կուսակցությունների ինչպես օգտագործեց` տորպեդահարելու նախկին վարչապետին, եւ գրավեց այդ պոստը: Նա մեծ մանիպուլյատիվ, գործարարական ջիղ ունեցող անձնավորություն է, ով առավել կարդարացներ իրեն գործադիրի ցածր օղակներում»: Տնտեսական քաղաքականության ստրատեգի «պոստում» Դավիթ Հակոբյանը տեսնում է «այր խոհեմ հանճարոյ, այր փարթամ մտոք», ինչպես կասեր պատմագիրը` Ղեւոնդը: Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը, ըստ մարքսիստի, որպես «ռիսկային ֆակտոր գործամոլական կապիտալի գործառույթների առումով»՝ համապատասխանում է: Բայց իբրեւ նոր տնտեսական քաղաքականության ստրատեգ՝ մարքսիստը Հովիկ Աբրահամյանին չի տեսնում:

Մարքսիստը գտնում է, որ այս իրավիճակում հասարակության խնդիրն է նոր քաղաքական ուժի ասպարեզ իջեցումը` նոր անհատականություններով: Այդ նոր ուժը նա տեսնում է արտախորհրդարանական դաշտում: Դավիթ Հակոբյանն առաջարկում է Ռուսաստանի օրինակով ժողովրդական ճակատ ստեղծել` արտախորհրդարանական ուժերից եւ հասարակության անկուսակցական ներկայացուցիչներից. «Ես արտապառլամենտական դաշտին միաբանության կոչ եմ անում ու հիշեցնում եմ Պլուտարքոսի խոսքերը` հաճախ պատիվը, մեր անմիաբանության արդյունքում, բաժին է հասնում սրիկաներին»: Մինչեւ մայիսի վերջը հունիսի սկիզբը Դավիթ Հակոբյանն անձամբ է լծվելու այդ գործին` քաղաքական-գաղափարական պայքարից կտրուկ անցում կատարելով «քաղաքական-արարչագործությանը», քանզի «այլեւս տեղ չկա խոնարհվելու ոսկեզօծ ապուշների առաջ»:

Դեռ անցած տարեվերջին` իր ամփոփիչ մամուլի ասուլիսում, Դավիթ Հակոբյանը 2014-ի համար կանխատեսել էր, որ այն լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարի: Հետաքրքրվեցինք` ներկայիս քաղաքական վերադասավորումներն ամրապնդե՞լ են իր տեսակետը: «Պառլամենտական արտահերթ ընտրությունները ես տեսնում եմ իբրեւ պատմական անհրաժեշտություն, բայց հավանական եմ համարում, որ արտահերթ նախագահականն առաջ ընկնի արտահերթ պառլամենտականից: Դրա վտանգն էլ կա: Ամփոփելով ԲՀԿ-ի դերակատարությունը մնացած պառլամենտական խամաճիկ կուսակցություններին հիմարացնելու գործընթացներում՝ եզրակացնում ենք, որ արդյունքում իշխանության եկավ արցախցի Ռոբին Հուդի (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին- Ն. Գ.) կառավարությունը: Բոլշեւիկների նման` իր մինիմալ ծրագիրը կատարելուց հետո ԲՀԿ-ն կանցնի իր մաքսիմում ծրագրին` Ռոբին Հուդի վերադարձին: Գալուստ Սահակյանի վիրտուոզ քվեարկությունը ցույց տվեց ԲՀԿ-ի խայտառակ կեցվածքը»,- ասաց նա` հիշեցնելով, որ ԲՀԿ-ն ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը՝ իբրեւ իր ձեռքին «պալկա-վիռուչալկա»: Իսկ ՕԵԿ-ին մարքսիստը համարում է Սերժ Սարգսյանի «հարազատ որդին»: Մարքսիստը, ի դեպ, դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր հայտարարում, որ ԲՀԿ-ի ցուցակը կազմել են Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը:

Սահմանադրական բարեփոխումներին էլ անդրադառնալով՝ մեր զրուցակիցը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը կա, բայց ոչ թե կառավարման համակարգի փոփոխության, այլ տնտեսական բլոկի փոփոխության, կուսակցությունների ձեւավորման նոր ցենզի եւ նոր ընտրական իրավունքի ձեւավորման առումներով:

Նա համարում է, որ Հովիկ Աբրահամյան-ԲՀԿ կոալիցիան էլ ազնիվ չէ, երբ ասում է, որ Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն չկա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031