Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. արևմտամետ, թե ռուսամետ – 3

Մայիս 02,2014 11:00

Չնայած էսքան մերկապարանոց ու էսքան միանշանակ վերնագրիս, կարող եք վկայել, որ գրածս ինչքան Տեր-Պետրոսյանին է վերաբերում, նույնքան էլ` մեր մյուս քաղաքական գործիչներին, կարելի է ասել` նաև բոլորիս, որովհետև Տեր-Պետրոսյանն ու նորօրյա մեր քաղաքական գործիչներից շատերը, բացառությամբ մի քանիսի, ժողովրդի ծոցից են դուրս եկել և, բնականաբար, ռուսներին ու Արևմուտքին ճիշտ նույն կերպ են վերաբերվում` ինչպես որ մեր ժողովրդի հիմնական հատվածն է վերաբերվում. այսինքն` փոփոխական:

Բայց վերադառնանք առաջին նախագահին: 2007-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն վերադարձավ և փորձում էր նաև իշխանության վերադառնալ, շատերն էն կարծիքին էին, որ Տեր-Պետրոսյանն Արևմուտքից « դաբրո» ունի, և հիմնականում դա էր պատճառը, որ բազմաթիվ ազդեցիկ գործիչներ ու անհատներ միացան Տեր-Պետրոսյանին` վստահ լինելով, որ եթե Լևոնը մի գործի մեջ է մտել, ուրեմն` հաստատ մի բան գիտի ու դրսերից էլ « դաբրո» ունի:

Այդ կարծիքին էին հիմնականում գաղափարական ՀԱԿ-ականները, որոնց գերակշիռ մասը զտարյուն ու փորձառու արևմտամետներ էին և շարժման ողջ ընթացքում ականջալուր էին Արևմուտքի արձագանքներին:

Բայց եղավ այն, ինչ եղավ: Արևմուտքը, փաստորեն, չարդարացրեց մեր արևմտամետների սպասելիքները: Լևոն Տեր-Պետրոսյանինը` նույնպես: Եվ առաջին նախագահը հերթական անգամ հիասթափվեց Արևմուտքից, ընդ որում` բավական կոպիտ և նույնիսկ ցուցադրաբար:

Եվ էս պահի դրությամբ շատ դժվար և նույնիսկ անհնարին է Տեր-Պետրոսյանին արևմտամետ համարել: Ավելին. ՀԱԿ-ի արմատական արևմտամետներն էս պահի դրությամբ ՀԱԿ-ից դուրս և Տեր-Պետրոսյանից բավական հեռու են գտնվում և նրանցից շատերը բացահայտ իրենց անհամաձայնությունն են արտահայտում իրենց նախկին առաջնորդի քաղաքական ու քաղաքագիտական վերլուծությունների կապակցությամբ, բացառությամբ` Երջանիկ Աբգարյանի և էլի մի քանի ընդգծված լևոնական արևմտամետների, մինչդեռ ՀԱԿ-ը լքած արևմտամետները բանավոր ու գրավոր իրենց դժգոհությունն են արտահայտում իրենց նախկին առաջնորդից, որը հրապարակավ անդառնալի իրողություն համարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելը:

Իսկ ինչո՞վ են զբաղված մեր ավանդական արևմտամետները: Մեր թիվ մեկ արևմտամետ Հայրիկյանը վերստին որոշել է ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարել իր հեղինակային երգերով:

Րաֆֆի Հովհաննիսյանը նոր ծոմ չի սկսել, բայց, ըստ ամենայնի, զարմանազան ու հանրամատչելի միջոցառումների միանգամայն նոր ծրագիր է մտմտում:
Նոր ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատներն» ու Դավիթ Շահնազարյանը բավարարվում ու սահմանափակվում են դեկլարատիվ հայտարարություններով ու հարցազրույցներով:
Ռուսախոս Իգոր Մուրադյանը « Լրագրում» շարունակաբար չափազանց տեսական հոդվածներ է գրում:

Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը, ճիշտ է, Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելը դեռևս վերջնական ու անդառնալի իրողություն չեն հայտարարել, բայց իրենցից կախված ամեն ինչ անում են, որ այն վերջնական ու անդառնալի իրողություն դառնա:

Քաղաքացիական ջահելներն ու նախախորհրդարանականներն էլ իրենց հնարավորությունների շրջանակներում իրենց երթերն ու մինի հանրահավաքներն են շարունակում:

Մնացյալը, ինչպես ասում են, լռություն է:

Այսքանից հետո դեռ զարմացողներ կան, որ Հայաստանը Մաքսային միության անդամ է, ընդ որում` դեռևս չկայացած ու չկազմավորված Մաքսային միության:

Համաձայնվեք, որ այս ամբողջի ֆոնին ամենաշոշափելին ու ամենաաղմկահարույցը Զորի Բալայանի նամակն էր ռուսաց թագավորին:

Համաձայնվեք նաև, որ այս ամենից հետո մեզանից ոմանց « մայդանային» ցանկությունները ֆանտաստիկայի ոլորտից են:

Եթե մենք «մայդան» ունենանք, դա ընդամենը կլինի «ռուսական մայդան»:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031