Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 02,2014 10:36

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ 

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ հիսունմեկերորդ

ՈՒՐԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եվ հիմա, երբ էս բաները գրում եմ, Արամի հետ որոշել ենք «Առավոտի» էդ վերջին էջի հումորները վերսկսել, եւ չնայած չգիտեմ՝ ինչքանով կստացվի, միանգամայն դրականորեն եմ տրամադրված, որովհետեւ եթե էս օրերին հաջողացնեմ ծիծաղեցնել եւ ուրախացնել համաքաղաքացիներիս ու համերկրացիներիս, որոնք օրվա մեջ ուրախանալու ու ծիծաղելու առիթներ համարյա չեն ունենում, անչափ շնորհակալ գործ արած կլինեմ, որովհետեւ եթե էսօրվա օրով մեկն ինձ հաջողացնում է ուրախացնել կամ ծիծաղեցնել, ես էդ մարդուց շատ գոհ ու շատ շնորհակալ եմ լինում, եւ փառք Աստծո, որ էդպիսի մարդիկ դեռեւս կան, եւ խոսքս առաջին հերթին Մկոյին, Հայկոյին, Հովոյին ու նրանց պես մի քանի ուրիշներին է վերաբերում, ինչպես նաեւ՝ իմ ընկեր Արշոյի փեսա Արամ Էմպետրիին ու երգիծանքի մեր մյուս վարպետներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներից ոմանց, որոնք հիմնականում անկախ իրենցից են մեզ ուրախություն ու ծիծաղ պարգեւում, եւ եթե ինձ հաջողվի տասնհինգ տարի առաջվա պես «Առավոտի» վերջին էջից օրական մի անգամ ուրախացնել ու ծիծաղեցնել համերկրացիներիս, ինքս ինձանից շատ գոհ կլինեմ, որովհետեւ տասնհինգ տարի առաջվա «Առավոտի» էդ երգիծանքս գրեթե բոլորին էր ուրախություն ու զվարճություն պատճառում՝ մինչեւ անգամ նրանց, ում, էսպես ասած, հումորի ու երգիծանքի էի ենթարկում, եւ եթե իմ էս բազմաբարդ ու երկարուձիգ կյանքում որեւէ բան հաջող եմ արել, «Առավոտի» վերջին էջի էդ հումորներն են եղել, եւ եթե լրագրության ասպարեզում ինձ որեւէ բան հաջողվել է, էլի էդ հումորներն են եղել, եւ եթե արածս սրտանց են գովել, էլի էդ հումորներն են եղել, եւ հիմա, ահա, էդ նույն գետը երկրորդ անգամ մտնելուց առաջ ահագին վախեցած եմ՝ ոչ միայն էն պատճառով, որ տասնհինգ տարի առաջ անհամեմատ ջահել ու անհամեմատ ինքնավստահ էի, այլեւ էն պատճառով, որ տասնհինգ տարի առաջ անհամեմատ զվարթ ու անհամեմատ թեթեւ էի, իսկ որ ուրիշներին ուրախացնողը նախ ինքը պիտի ուրախ լինի, դա արդեն պարտադիր պայման է, եւ չնայած համաշխարհային կարգի երգիծաբաններից ու կատակերգակներից շատերն են իրականում տխուր անձնավորություններ եղել, այդուհանդերձ, իմ անձնական փորձն ինձ հակառակն է համոզում. այսինքն, ես մանավանդ էս պահին էն կարծիքին եմ, որ երգիծանք ու հումոր գրելու համար ուրախ ու թեթեւ տրամադրությունը ցանկալի եւ նույնիսկ պարտադիր պայման է, եւ էսպես մտածելով ու էսպես կարծելով՝ փորձում եմ շուրջս ու մեջս ուրախ տրամադրություն ստեղծել ու պահպանել, եւ էս պահին կարծես թե ստացվում է, որովհետեւ էս պահին Հայոց աշխարհում Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջան է, եւ կատակելու ու երգիծելու լիքը թեմաներ ու առիթներ կան, մանավանդ որ՝ էս ընտրություններն աժիոտաժի ու անհեթեթությունների առումով էապես են գերազանցում նախորդներին, եւ Ազգային ժողովի էս ընտրությունը նախորդներից տարբերվում է նաեւ նրանով, որ էս ընտրություններին պատգամավորության թեկնածու լրագրողները քանակով անհամեմատ շատ են, ավելի ճիշտ՝ դեռ երեկ էի էդպես կարծում, իսկ այսօր, երբ ընտրությունների մասնակից կուսակցությունների ցուցակները հրապարակված են, արդեն էդ կարծիքին չեմ, որովհետեւ էդ ցուցակներից բացակայում են էն լրագրողները, որոնց անունները հրապարակումից առաջ հոլովվում կամ ենթադրվում էին՝ Պետրոս Ղազարյան, Երվանդ Բոզոյան, Գառնիկ Գեւորգյան, Արմինե Օհանյան, Վասակ Դարբինյան, Արման Բաբաջանյան եւ ուրիշներ, բայց ահա ցուցակները տպվել են, եւ տպվածների մեջ լրագրողներից Զոհրաբյան Նառայի ու Եսայան Մարգոյի անուններն են առկա, եւ, որ ամենաարտառոցն է, էդ բոլոր ցուցակներից բացակայում է ձեր խոնարհ ծառան, եւ էդ ցուցակներից իմ անվան բացակայությունը զարմանալի է, որովհետեւ «Հայելի» կայքում ընդամենը մի քանի օր առաջ գրվել էր, որ ձեր խոնարհ ծառան վերջնականապես ընդգրկված է «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» միացյալ ցուցակի առաջին հնգյակում, եւ չնայած գիտեի, որ էդպիսի բան չկա, «Հայելին» էնքան համոզված ու էնքան հաոզիչ էր գրել, որ նույնիսկ ինքս էի սկսել էդ անհեթեթությանը հավատալ, չնայած որեւէ կուսակցություն ինձ իր ցուցակում որեւէ տեղ չէր էլ առաջարկել, եւ չեմ էլ ուզում ձեզ հավաստիացնել, որ առաջարկության դեպքում մերժելու էի, եւ չնայած եթեների սիրահար ու կողմնակից չեմ, բայց եթե առաջարկվեր, հաստատ մերժելու էի, որովհետեւ երկու տարի առաջ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի կարեւորությունն ու անհրաժեշտությունն էսքան ուժեղ չէի զգում՝ ինչքան հիմա եմ զգում, եւ չնայած էդ աշխատավարձի կարեւորությունն ու անհրաժեշտությունն էն ժամանակ էլ էի որոշակիորեն զգում, էն ժամանակ մտածում էի, որ հանուն աշխատավարձի չարժե մտնել մի պարտականության տակ, որից, կարելի է ասել, գաղափար չունես, մանավանդ որ՝ ուրիշներն էլ են էդ կարծիքին, եւ չնայած որեւէ մեկն ինձ որեւէ առաջարկություն չէր արել, եւ չնայած որեւէ մեկին որեւէ առաջարկության կապակցությամբ որեւէ համաձայնություն չէի տվել, այդուհանդերձ, էդ նույն «Հայելի» կայքում, պատգամավոր դառնալուս հետ կապված տեղեկատվության տակ ինչ-որ մեկը մուննաթով գրել էր՝ «ձեր գործով զբաղվեք, ի՞նչ եք դեպուտատացավ կպել», եւ ահա, իմ տեղում նստած՝ իմ գործով եմ զբաղվում, չնայած ուրիշներն էլ էն կարծիքին են, որ էս արձակն էլ առանձնապես իմ գործը չի, եւ ժամանակին պոեզիան էլ իմ գործը չհամարողներ կային, եւ իմ էս վիճակում միակ մխիթարականն էն է, որ եթե ապրիլի 1-ից սկսեմ «Առավոտում» երգիծանք ու հումոր գրել, ոչ ոք վրաս մուննաթ չի գա թե՝ իմ գործով չեմ զբաղվում, որովհետեւ, ինչպես տասնհինգ տարի առաջ, հիմա էլ էդ հումորների տակ անունս ու ազգանունս չեմ գրելու, եւ մի քանի մոտիկներիցս բացի՝ ոչ ոք չի իմանալու, որ ես եմ էդ վերջին էջի հումորներն ու պարոդիաները գրում, ճիշտ այնպես, ինչպես որ «Չորրորդ իշխանությունում» տպագրվող հումորների ու պարոդիաների հեղինակի ինքնությունն է անհայտ, եւ չնայած ես գիտեմ ու անձամբ ճանաչում եմ «Չորրորդ իշխանությունում», ավելի ճիշտ՝ «Չորրորդ ինքնիշխանությունում» տպագրվող հումորների ու պարոդիաների հեղինակին, էդ մարդու անունը ձեզ չեմ ասի, որովհետեւ եթե էդ մարդը չի ուզում իր արածն իրեն վերագրվի, ուրեմն՝ պետք չի, եւ վերջապես՝ էս երկուսիս գաղտնի մնալու ցանկությունը ոչ միայն հասկանալի ու բնական է, այլեւ ընդունելի է ու ընդունված, եւ «Իրավունքի» վերջին էջի հումորների տակ էլ դրանց հեղինակի կամ հեղինակների անուները չի գրվում, ու էդ էլ է մշտապես ըմբռնումով ընկալվել ու ընկալվում, եւ վերջապես՝ ամեն օր պատմվող ու վերապատմվող մեր բանավոր անեկդոտների հեղինակների անուններն էլ երբեւէ չեն նշվում, եւ շատ տարօրինակ ու ծիծաղելի կլիներ, եթե էդ անեկդոտները պատմելուց առաջ կամ հետո դրանց հեղինակների անուններն անվանական նշեինք:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031