Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Նոր կառավարության դեմքերն էլի նույն կալոդից են»

Մայիս 02,2014 10:28

«Հայաստանում 1990-ականներից ձեւավորվել է մի վերնախավ, որում կան հիմնական կուսակցություններ`ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ որոշ անկուսակցականներ, օլիգարխներ, որում տարբեր թեւեր կան: Կուսակցական կոնյուկտուրայից կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` այդ ուժերն ու մարդիկ տարբեր շրջաններում փոխել են իրենց դիրքերը` ժամանակ առ ժամանակ հանդես գալով, պայմանական ասած, ընդդիմության կամ այլընտրանքի դիրքերից: Հաճախ անգամ տվյալ կուսակցության ներսում է տարբեր թեւերի պայքար գնում:

Որեւէ թարմ ուժ, ինչը մենք տեսնում ենք անգամ տարբեր ետխորհրդային երկրներում, չի ձեւավորվում: Իրականում կա գորգի տակ այդ խմբակցությունների պայքար եւ նոր կառավարության ձեւավորումն այդ խմբակցություններից մեկի տարած հաղթանակն է` մյուսների նկատմամբ: Նոր կառավարության դեմքերն էլի նույն կալոդից են, ինչ-որ եղել է անցած 20 տարիների ընթացքում: Այսինքն, նույն կալոդի մեջ փոփոխություններ են կատարվում: Իրականում, կատարվածն իրենց ներկլանային շահերի հետեւանքն է, որը ոչ մի կապ չունի Հայաստանի զարգացման եւ հասարակության սպասելիքների հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանում ընթացող քաղաքական վերադասավորումների տրամաբանությունն այսպես ներկայացրեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Անգամ եթե Հայաստանյան իրադարձությունները համեմատենք հարեւան Վրաստանի հետ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր անում` Իվանիշվիլի-Ծառուկյան հարթության մեջ, Ավետիք Իշխանյանն ասում է, որ Շեվարդնաձեի դեմ պայքարում, իհարկե, հին դեմքեր կային, բայց բավականին թարմ ուժեր եկան ասպարեզ եւ քաղաքական վերնախավի փոփոխություն տեղի ունեցավ:

Մինչդեռ Հայաստանում դա չկա եւ ամեն ինչ «ներիշխանական կալոդի մեջ» է տեղի ունենում: Մեղմ, այդ իրադարձությունները, նա բնութագրում է իբրեւ հեղաշրջումներ, որոնք տեսանելի չեն. «Եթե նախագահն ուժեղ դեմք է եղել եւ կարողացել է զսպել այդ պայքարը, համեմատաբար մեղմ իրավիճակ ենք ունեցել: Տեսեք ովքեր եկան իշխանության` նույն քաղաքական ուժի նախկին դեմքերը եւ չի բացառվում, որ որոշ ժամանակ անց արդեն գնացողները նորից գան: Սա նույնպես քաղաքական համակարգ է, որը կապ չունի ժողովրդավարական համակարգի հետ: Սա կոչվում է` մրցակցություն կա, ավտորիտար մրցակցություն»:

Մեր դիտարկմանը` իսկ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, որոնց Տեր-Պետրոսյանը «հրաշալի քառյակ» բնութագրեց, միթե՞ «նույն կալոդն» է, Ավետիք Իշխանյանը հարցով պատասխանեց. «Դուք կամ իրենք կարող ե՞ն հոդաբաշխ ձեւով բացատրել իրենց գաղափարախոսությունը: Բացի գուցե ՀՅԴ-ից, որի հռչակածը սոցիալիզմ է` ազգայնական տոնայնությամբ, այլ խոսք, որ բացարձակապես չի երեւում այդ կուսակցության` իր գաղափարական իդեաներին հավատարիմ լինելը: Հայաստանում կուսակցությունները գաղափարական հենքի վրա չեն, այլ որեւէ անձի կամ յուր քսակի շուրջ, որոնց միակ նպատակն իշխանությունը պահելը կամ իշխանության գալն է`կոռուպցիայի լծակներին տիրանալու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031