Սա 2008-ի Երեւանը չէ` Ազատության հրապարակով, ոչ էլ ուկրաինական Մայդանը: Սա մայիսմեկյան Ստամբուլն է`փակ փողոցներ, կաթվածահար երթեւեկություն, ոստիկաններ, ցուցարարներ:
Մայիսի մեկն`աշխատավորների օրն, այստեղ բավական արտառոց է նշվում: Անգամ դպրոցները եւ որոշ հիմնարկ-ձեռնարկություններն են այդ օրը փակ:
Ստամբուլի բողոքավոր զանգվածներն այդ օրը հավաքվում են քաղաքի կենտրոնում` Թաքսիմ հրապարակում եւ բողոքի ցույցեր իրականացնում: Տեղացիները պատմում են, որ այդ օրը բավականին բուռն է անցնում. Ոստիկանների ու ցուցարարների միջեւ քաշքշոցներն ու ծեծուջարդն այս օրն այստեղ սովորական են:
Կարդացեք նաև
Այս տարի էլ ոստիկանությունը լավ էր նախապատրաստվել: Դեռ առավոտյան ժամը հինգից հրապարակը փակ էր բարիկադներով: Հրապարակամերձ տարածքներում կենտրոնացված էին ոստիկանության ուժերը`անհրաժեշտ պահին շտապ օգնության հասնելու համար: Ինչպես ասում են`«օձն իր պորտով, հավքն իր թեւով» չէր կարող ճեղքել ոստիկանական եւ բարիկադների պատնեշը:
Ողջ օրվա ընթացքում, մինչեւ ուշ գիշեր, զինված ոստիկանները հսկեցին հրապարակն ու հրապարակամերձ տարածքները`թույլ չտալու համար հավաքներն ու բողոքի ակցիաները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ