Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Էդվարդ Նալբանդյանն այս մասով ճիշտ է՝ Հայաստանին չեն ստորացրել ու արհամարհել»

Մայիս 01,2014 20:12

«Պետք չի այնպես մտածել, որ եթե Բելառուսի նախագահը իր դժգոհությունն է հայտնել, ապա դա նշանակում է, որ Եվրասիական միությունը չի ստեղծվի: Բելառուսի նախագահն ընդամենը խնդիր ունի իր երկրի համար բարենպաստ պայմաններ թելադրելու եւ ապահովելու: Հետևաբար` Լուկաշենկոյի ակնարկը դա է, որ եթե պատրաստ չեն Բելառուսին տալ այդ արտոնությունները, այսինքն, բոլոր ապրաքատեսակների ազատ տեղաշարժի համար առանց արտոնությունների ու վերապահումների նոր տնտեսական տարածք ստեղծել, ապա Եվրասիական միության ստեղծումը կարող է հետաձգվել»,- «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որ պետք է հետաձգել Եվրասիական միության ստեղծումը:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ տվյալ պարագայում Հայաստանի համար ռիսկը ոչ այնքան Եվրասիական միությանը միանալու մեջ է եղել, այլ՝ Մաքսային միությանը: Նա հորդորեց չխառնել Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը Եվրասիական միության հետ. «Ոմանք խառնում են, բայց պիտի հասկանան, որ Մաքսային միությունը ռեալ գոյություն ունեցող մարմին է, իսկ Եվրասիական միությունը մի մարմին է, որը նոր պետք է ստեղծվի»:

Մեր հարցին՝ այն, որ Հայաստանը չի մասնակցել Մինսկում Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, չի՞ նշանակում, որ Հայաստանին արհամարհում են եւ հավասարը հավասարի պես չեն վերաբերվում՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Էդվարդ Նալբանդյանը մի մասով ճիշտ է՝ Հայաստանը չի մասնակցում տրոյկայի նեղ կազմով նիստերին: Անգամ հոկտեմբերին, դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած տրոյկայի գագաթաժողովներին Հայաստանը մասնակցել է միայն ընդլայնված հատվածին: Տրոյկան ունենում է նեղ կազմով նիստ՝ միայն տրոյկայի մասնակցությամբ, ոչ մի երկիր, բնականաբար չի մասնակցում: Դրան մասնակցում է միայն եռյակը՝ Նազարբաեւը, Լուկաշենկոն եւ Պուտինը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Այսինքն՝ 4 մարդ: Այս մասով Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է, որ եթե անգամ Հայաստանի հարց է քննարկվում, ապա միեւնույն է, եռյակի նիստին Հայաստանից որեւէ մեկը չէր կարող մասնակցել, երբեք մասնակից չի եղել»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ նույն ճանապարհային քարտեզի հաստատման ժամանակ Հայաստանի նախագահը մասնակցել է, բայց ոչ «3+1» ձեւաչափով նիստին, այլ՝ դրա ընդլայնված հատվածին: Հիմնական նիստն ավարտվում է, որից հետո տեղի է ունենում ընդլայնված նիստ, որին արդեն կարող է Հայաստանի նախագահը դիտորդի կարգավիճակով մասնակցել»:

Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ Հայաստանն այս հարցում չի ստորացվել եւ չի արհամարհվել. «Չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանին այնքան բանի տեղ չեն դրել, որ չեն հրավիրել: Ամենեւին ոչ: Սա լրիվ ուրիշ պատմություն է»:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ «Դեկտեմբերի 2-ին Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել էր ապահովել անվտանգության բարձիկ՝ ՄՄ միանալու համար: Վլադիմիր Պուտինը բառացիորեն ասել էր, որ 2 ապրանքատեսակի հետ կապված այդ բարձիկն ապահովել է՝ էլեկտրաէներգիայի գինը եւ գազի գինը եւ ասել էր, որ մյուս ապրանքատեսակների հետ կապված էլ օժանդակություն կլինի: Հիմա այդ օժանդակությունը չեկավ: ՌԴ-ն ինքն էլ բավականին խառը վիճակում է, այդ թվում Ուկրաինայի համար պատժամիջոցների արդյունքում, հետեւաբար Ռուսաստանը ինքը չի կարողացել իր տված խոստումը կատարել: Դա այս պահին ձեռնտու է Երեւանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ՌԴ ն թող իր խիղճը ծախսի իր ազգի համար, իսկ բարոյականությունը նրանց համար, ովքեր չունեն Եվրասիական միություն մտնելու հարցում անբեկանելի տաբու, ինչպես Հայաստանի հարցում, հայիզմի հարցում :Համաշխարհային խնդիր է մարդու զարգացման խոչընդոտը վերացնելը, ցեց ընկած գերանի անպիտանելիութունը սահուն հիմնավորելը և լիկվիդացնելը, թունաքիմիկատների գերեզմանոցի մոնտաժումն ու ապամոնտաժումը:Թույնը հոսում է, ուրեմն լուրջ էկո աղետ է…Փառք մարդացած, կայացած ազգերին և ոչ թունաքիմիկատներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031