Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձելու է հետկանչ տալ Ջեյմս Ուորլիքին. APA

Մայիս 01,2014 19:55

Ադրբեջանը մտադիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու հարց բարձրացնել, այսպես է արձագանքվել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ ի պատասխան «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցադրմանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված մի քանի հայտարարություններ է արել, որոնք հակասական արձագանքների են արժանացել Բաքվում: Մասնավորապես, Թվիթերում նա գրել էր, որ հակամարտող կողմերը Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են և կոչ է արել վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ու խոսել է Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին: Ավելի վաղ համանախագահը Թվիթերում գրել էր, որ հիշում է Սումգայիթի դեպքերը, թեև Խոջալուի տարելիցի ժամանակ նախընտրել է լուռ մնալ: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել ԱՄՆ համանախագահի այս քայլերը», -հարցրել է «ԱՊԱ»-ն Ազիմովին, ինչին պաշտոնյան պատասխանել է, որ Ուորլիքի հայտարարությունները Բաքվի համար աննկատ չեն մնացել.

«Մենք գիտենք, որ համանախագահը սերտ կապեր ունի Ամերիկայի հայկական սփյուռքի հետ», – ասել է նա, – «Նույնիսկ մակերեսորեն հետևելով սոցիալական ցանցերում նրա գրառումներին՝ կարելի է տեսնել, որ Ուորլիքը ավելի շատ գերադասում է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ շփվել… ԱՄՆ համանախագահն այսօր մասնակցելու է «Լեռնային Ղարաբաղի հանրապետության զարգացում և ինքնորոշում» կոչվող միջոցառմանը, որը կազմակերպել են Կալիֆոռնիայի հայերը: Նման միջոցառմանը միջնորդ գործչի մասնակցությունն անընդունելի է»:

Ազիմովը նշել է, որ իրենք արդեն Ուորլիքի գործողությունների դեմ բողոքել են. «Բոլոր նշված փաստերը Ադրբեջանի համար պատճառ են ԱՄՆ համանախագահի հանդեպ անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատանքները դադարեցնելու և ԵԱՀԿ գրասենյակ դիմելու համար, որպեսզի Ջեյմս Ուորլիքին հետ կանչեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր պաշտոնից»:

Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ Մինսկի համանախագահ է նշանակվել 2013թ. սեպտեմբերին: 2006թ. մինչև 2009թ. ԱՄՆ համանախագահը եղել է Մեթյու Բրայզան, որը 2011-2012թթ. Եղել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը: Ամերիկահայությունը Բրայզայի դեմ բողոքել էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմնակալ լինելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031