Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք որևէ սահմանադրական բարեփոխում Հայաստանում կարող է արդյունավետ լինել

Մայիս 01,2014 19:47

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որի համաձայն նախատեսվում է ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ, այսինքն՝ ՀՀ Նախագահը ընտրվելու է 7 տարի ժամկետով ԱԺ-ի կողմից:

Գրեթե բոլոր քաղաքական ուժերը և գործիչներն արտահայտվեցին այս հայեցակարգին դեմ կամ կողմ ձեւաչափով, սակայն որևէ ձևով փորձ չարվեց վերլուծել, թե արդյոք սահմանադրական ներկայիս հայեցակարգը կարո՞ղ է որևէ դրական փոփոխություն մտցնել քաղաքացու կյանքում: Հարցն այն է, որ քաղաքական ուժերը և սահմանադրական բարեփոխումների պատասխանատուներն ունեն այլ շահեր, քան ժողովուրդը: Այստեղ առկա է ոչ թե դեմ կամ կողմ լինելու խնդիր, այլ հասարակական պահանջմունքներն ընկալելու անհրաժեշտություն:

Նախևառաջ, ցանկանում եմ անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմին, մի հանգամանք, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այդ հանձնաժողովում են ընդգրկված այնպիսի մարդիկ, ովքեր ի պաշտոնե չեն կարող գործել որպես անկաշկանդ մասնագետներ:

Այսպես, օրինակ` ինչպես կարող է գլխավոր դատախազը կամ Սահմանադրական դատարանի նախագահը լինել անկաշկանդ, հատկապես այն դեպքում, երբ դատական իշխանության և դատախազության ներկայացուցիչները համաձայն գործող Սահմանադրության չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, իսկ ինչպես հայտնի է՝ Սահմանադրությունը երկրի գլխավոր քաղաքական փաստաթուղթն է:

Հանձնաժողովի անդամների մյուս մասը պարզապես գործադիր իշխանության ներկա և նախկին ներկայացուցիչներ են, ովքեր գտնվում են անմիջական կախվածության մեջ ՀՀ Նախագահից: Այսպիսով, երկրի կարևորագույն քաղաքական փաստաթուղթը մշակելու պատասխանատվությունը դրվել է ՀՀ նախագահի ազդեցության ներքո գտնվող և իշխանության հետ կապված անձանց վրա:

Սահմանադրական հայեցակարգի ուսումնասիրությունն էլ ավելի է խորացնում այս թերահավատությունը նոր Սահմանադրության նախագծի հանդեպ: Ընդհանուր առմամբ, հայեցակարգը գրված է տեսական-փիլիսոփայական ոճով, լի է ընդհանուր բնույթի անորոշ դատողություններով, կտրված է իրականությունից և հիմնականում բարի ցանկությունների ոլորտից է:

Հայեցակարգում արվում են անհամարժեք մի շարք դատողություններ: Հայեցակարգը առանց որևէ հիմնավորման թվացյալ վտանգ է տեսնում Նախագահի և ԱԺ ընտրությունները միաժամանակ չկազմակերպելու ներկայիս պրակտիկայի մեջ: Այդ պնդումը չունի ոչ փաստական և ոչ էլ իրավական հիմնավորում: Հանձնաժողովի կարծիքով, խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը կնվազեցնի «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը, ինչը իրավական ու լեզվաբանական առումով ոչ կոռեկտ և անիմաստ բառակույտ է, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները դասակարգվում են պատահական և ոչ պատահական խմբերի:

Հավանաբար միայն մերօրյա «քաղաքական էլիտային» է վիճակված քաղաքացու պատահական և ոչ պատահական բնույթը որոշելու պատիվը, ինչը հասու չէ մեզ՝ պատահական քաղաքացիներիս:

Մեկ այլ վտանգ հանձնաժողովը տեսնում է Նախագահի կողմից ԱԺ-ում կայուն մեծամասնություն չունենալու մեջ, ինչը ևս անտրամաբանական մոտեցում է, քանի որ ժողովրդավարական պետությունում հնարավոր է առանց մեծամասնության ևս ձևավորել կոալիցիոն կառավարություն, և նման փաստը որևէ երկրում չի համարվում անկայունության հիմք: Հայեցակարգում առկա նման անտրամաբանական և ոչ իրավական դատողությունները կարելի է անվերջ թվարկել, բայց այստեղ կարևորը դա չէ:

Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական բարեփոխումներ միայն այն ժամանակ, երբ դա իրենց է անհրաժեշտ, և դա անում են ոչ թե քաղաքացու կյանքում որևէ դրական փոփոխություն մտցնելու, այլ կառավարող վերնախավի համար վերադասավորումներ և սահուն վերարտադրություն ապահովելու շարժառիթով: Այս սցենարը կրկին անգամ թույլ չտալու առաքելությունն է, որ պետք է միավորի քաղաքացիական հասարակության տարբեր շերտերին ու քաղաքական դաշտում առկա առողջ ուժերին:

Նման նախաձեռնողականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր կլինի բարձրացնել քաղաքացիների ակտիվությունը սահմանադրա-իրավական հարցերի շուրջ, միավորել հասարակության ներուժը սահմանադրական կարևորագույն սկզբունքներ մշակելու համար, որոնց ամրագրումը գործող կամ նոր Սահմանադրության մեջ կդառնա քաղաքացիական հասարակության պահանջը և միակ հասարակական ձեռքբերումը սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացում:

Ներկայիս քաղաքական համակարգի թույլ և անկազմակերպ լինելու պարագայում՝ քաղաքացիական հասարակությունն է, որ ի վիճակի է հակազդելու վերարտադրության այս գործընթացին՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ: Այս գործընթացն ունի նաև միավորման հզոր ներուժ, քանի որ միավորումը կլինի սահմանադրական կարևորագույն սկզբունքների, այլ ոչ թե որևէ անձի կամ կուսակցության շուրջ:

Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Համաշխարհային ,,Սահմանադրությունը ,, հայի հարցում բարեփոխում կիրականացնի: Օրհնյալ է այդ բարեփոխումը, որ ետադարձ չունի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031