Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակն ա՞յս կառավարության համար էր պայքարում

Մայիս 01,2014 18:53

Նոր կառավարության ամբողջական կազմն արդեն պատրաստ է, ընդամենը 2 նախարարների նշանակում է մնացել. այս կազմում հիմնականում նախկին կառավարություններում աշխատած դեմքերն են, որոնց մեծ մասն աշխատել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք:

vahagnԱրդյոք «հրաշալի քառյակի» պահանջը սա՞ էր, երբ պահանջում էր Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը եւ մի՞թե ոչ իշխանական 4 ուժերի պայքարը այս նոր կառավարության համար է: Մեր այս հարցին ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն ասաց, որ նախկին կառավարության հրաժարականն առաջին քայլն էր, հաջորդ քայլը պետք է լինի ամբողջ իշխանության հրաժարականը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. «Քոչարյանի կառավարության անդամներն են, թե ոչ, կլինեն նրանք, չեն լինի, մեզ համար երկրորդական է: Քանի դեռ չկա համակարգային փոփոխությունը, անձերը որոշող չեն, ում էլ բերեն նշանակեն վարչապետ կամ նախարար, կամ պետական այլ պաշտոնյաններ, կոռուպցիոն այս համակարգի մեջ նրանք կդառնան կաշառակերներ՝ ոչինչ չի փոխվելու: Դրանք իմ եւ Հայ ազգային Կոնգրեսի հետաքրքրություններից դուրս են»:

Ինչ վերաբերում է նախկին կառավարության անդամներին նորից նախարարներ նշանակելուն, պարոն Խաչատրյանի կարծիքով, դա ընդամենը համակարգի վերարտադրություն է, իսկ այս համակարգում ոչ մի առողջ գաղափար չի կարող աշխատել, որովհետեւ հարցը տնտեսական դաշտում չէ՝ քաղաքական դաշտում է. «Այս տնտեսական խնդիրները քաղաքական լուծում են պահանջում: Դա նշանակում է մենաշնորհների վերացում, առողջ մրցակցության ապահովում, դատական համակարգի անկախություն, դատարանում օրենքի առաջ հավասարություն, եւ եթե սրանք չկան, ոչինչ չի փոխվի»:

Իսկ նոր վարչապետի` հին նախարարներին նորից նախարարներ նշանակելու տրամաբանությունն, ինչպես ՀԱԿ անդամն ասաց, պարզապես համակարգին լավ ծառայած մարդկանց նշանակում է, այսինքն` համակարգի ֆինանսները լավ կառավարող` ոչ բարի նպատակներով, ոչ էլ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման համար. «Հայաստանում աղքատների եւ հարուստների ծայրահեղ բեւեռացում է: Մեզ մոտ նույնիսկ հարուստների միջեւ բեւեռացում է գնում մի ուղղությամբ, մի մարդու շուրջ է պտտվում ամեն ինչ: Եվ այս տրամաբանությամբ շատ բնական է, որ այս մարդիկ պետք է լինեն նախարարներ, կարող են հլու հնազանդ ծառայել, ու այն թալանը, որ կատարվում է Հայաստանում, շարունակել»:Ruben-Hakobyan_26.03
Հրաշալի քառյակի մաս է նաեւ «Ժառանգությունը», եւ ԱԺ այս խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք քառյակի պայքարն այս նոր կառավարության համա՞ր էր, ասաց. «Իհարկե, մեր պահանջը սա չէր, մենք համակարգային եւ ամբողջական փոփոխության խնդիր դրեցինք, իսկ հիմա այն, ինչ կատարվում է, իմ խորին համոզմամբ, մեր պահանջի առաջին քայլերից է: Սա ամբողջական իշխանափոխության սկիզբ է: Այսօր իշխանությունը ցայտնոտային վիճակում է, գոնե կադրային առումով, քաղաքական որեւէ նոր շեշտադրում կառավարությունն իր հետ չի բերում: Կարծում եմ վաղ է գնահատական տալ, որ ոչ իշխանական 4 ուժերի պահանջն ընդամենը վարչապետի հրաժարականն էր ենթադրում: Սա գործընթաց է, որը որոշակի զարգացումներ կապրի»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է քառյակի` համակարգային փոփոխության պահանջով պայքարի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանություն, քանի որ նրա կադրերն արդեն վերադարձել են, պարոն Հակոբյանն ասաց. «Հայաստանում երբեք իշխանություն չի փոխվել` 90-ական թվականներից սկսած, ես ավելի շատ դա դիտում եմ շահարկման դաշտում, որովհետեւ, ըստ էության փոխվել են առանձին դեպքեր, բայց իշխանությունը նոր որակով` 90-ականներից չի փոխվել»:

Պարոն Հակոբյանը եւս մեկ անգամ շեշտեց` «Մեր պայքարը եղել է համակարգային փոփոխության դեմ, եւ կարծում եմ առաջիկայում կզգացվի, որ իսկապես 4 ուժերը շարունակում են իրենց աշխատանքը ամբողջական համակարգային փոփոխության համար: Կապ չունի, որ քաղաքական ուժը, որ պահին ինչպես է ձեւակերպվում, քաղաքական տրամաբանությունն, այն ինչ կատարվում է այսօր Հայաստանում, հենց դա է ենթադրում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տաշեղներն ու թղթե նավակները ծովում պայքարի նպատակ էլ են ունենու*մ: Չգիտեի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031