Հենքը կար, պատումը թել-թել հյուսվում էր, գործողությունն ընթանում բնական հունով, նկարագրական խոչուխութերը հաղթահարված էին, լարումը շուտով պարպվեր պիտի, հանգուցալուծումը հեռու չէր…
– Առանց ինձ պատմվածքն այն չի լինի, համոզված եմ,- հարևան ածականին իր կարևորությունը բացատրելու պահանջ զգաց բայերից մեկը: – Գիտե՞ք արդեն քանի անգամ եմ օգտագործվել` տասներկու:
– Ինձ, ճիշտ է, առայժմ ընդամենը երեք տեղ է տրվել, սակայն` առանցքային,- չկամենալով ստվերում մնալ` ներկայացավ ածականը: – Նկատի ունեցեք` միայնակ, իմ ուժերով կարողացա հասնել նման արդյունքի:
– Այդ ինչպե՞ս. իսկ ե՞ս,- վիրավորվեց ածականի համեմատական աստիճանը: – Եթե հեղինակն ինձ քեզնից առաջ, ընդսմին` առանձին չգրեր, պատկերացնո՞ւմ ես քո վիճակը:
– Եվ դու համոզված ես, թե մենք համարժե՞ք ենք:
Կարդացեք նաև
– Դա թող որոշեն լեզվաբանները, սակայն վստահ եմ` տպավորիչ ազդեցությունը նաև իմ շնորհիվ է:
– Եթե բանը դրան հասավ, մեր լռելը կդիտվի վախկոտություն,- օժանդակ բայի երրորդ ձևը, որ շշուկով սկիզբ առած զրույցի ակամա ունկնդիրն էր, միջամտեց: – Առանց ինձ մնացածներն ընդամենը դարձվածք են` գործողության պատրանք ստեղծող…
– Հո չասի՞ր,- աղմկեցին գրվածքի էջերում սփռված դերբայները: – Դու միայնակ մինչևիսկ հանդես գալ չես կարող, ո՞ւր ես մեծամտում:
– Ե՞ս,- վրդովվեց օժանդակ բայը,- ես է-ն եմ, խտացված խորհուրդ կա իմ մեջ, աստվածային խորհուրդ:
– Օ՜հ,- ճարահատ` ծաղրալից տոնի անցան ցեղակիցները,- եթե անբովանդակ, ինքնուրույնությունից ու էությունից զուրկ արարածներն են լեզու առել, ճիշտը լռելն է:
– Մենք` անբովանդա՞կ,- հարվածն իրենց վրա ընդունեցին օժանդակի մնացյալ ձևերը: Այդ դուք եք առանց մեզ անդեմ, անթիվ ու անժամանակ գոյություն քարշ տալիս:
– Ո՞վ թվի անուն տվեց,- ժխորի վրա կոպերը բացեց մի թվական:
– Ավելի լավ է չպատասխանեք,- շշնջոցի անցան բայերը,- ամբարտավանի մեկն է:
– Ե՞ս եմ ամբարտավանը,- թվականը, որ սուր լսողություն ուներ, ուղղվեց: – Առանց ինձ դուք ի՞նչ եք` ոչնչություն, ժամանակավոր երևույթ:
– Մի հոխորտա,- ընդվզեցին տարբեր կողմերից,- դու ընդամենը թվական ես:
– Ինձնով տիեզերքն է չափվում, ես չափորոշիչ եմ: Նույնիսկ անշունչ առարկան ինձ իր մեջ կրում է:
– Գոյականներին անցավ,- հրահրողը գործողություն ցույց տվող, սակայն վճռական պահին գործելուց իրեն հեռու պահող բայ էր:
Կարթը ճիշտ էր նետված. գոյականները խայծն անմիջապես կուլ տվին:
– Եվ ամենևին չի ամաչում: Համայնը մեզնով է կանգուն, իսկ սա օդի մեջ դուրս է տալիս:
– Բացեք լեզվի ցանկացած դասագիրք և տեսեք` ձեր մասին ինչ է գրված: Վերացականներ…- չէր հանդարտվում թվականը:
– Դու ի՞նչ ես հասկանում վերացարկումից, հենց թեկուզ` գոյաշխարհից: Եկել դաս…
– «Չխառնեք ինձ ձեր վայրի արջի ցեղերին»,- քանակականին պաշտպանության տակ առավ դասական թվականը` չսպասելով մտքի ավարտին, որն իր հետ կապ իսկ չուներ:
– Պատմվածքը կիսվել է, իսկ հեղինակը քեզ ընդամենը մեկ անգամ է հիշել, այն էլ` տողադարձով: Գոնե դու մի խոսիր:
– Այո, մեկ անգամ, որովհետև ես բացառիկ եմ:
– Նա բացառիկ է, եզակի…- բամբասկոտ կանանց պես հաղթանակում վստահ` իրար էին բոթբոթում բայերը: – Տողադարձվածի մեկը…
– Արդեն իմ պատուհանին եք քար նետում,- կետադրական նշաններից տողադարձն էր,- թե՞ քիչ եմ ձեզ օգնել, որպեսզի թղթից դուրս չընկնեք, լուսանցքից այն կողմ չմնաք,- ընթացքում բռնկվեց: – Հենց միայն այս գրվածքում քանիսի՞դ եմ տողադարձել, ապերախտներ:
– Խեղճացրու դրանց,- մյուս կետադրանշաններն էին: – Մեզ համար հանգիստ տեղաբաշխվել էինք: Խառնակություն գցեցին: Կարծում են` միայն իրենք կարող են գործողություն ցույց տալ:
– Բա չէ` դուք,- ճչաց մի բայ: – Ընդամենը նշաններ չե՞ք: Առանց ձեզ էլ հեղինակը կարող է միտքը շարադրել: Թե՞ չգիտեք, որ գրողների մի մասը հիմա այդպես էլ վարվում է:
– Սատանան ասում է` տեղդ փոխիր, տեսնեմ դրանցից ի՞նչ կմնա,- ստորակետը կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ: – Չառաջարկե՞մ մի տեղ խմբվել քույր- եղբայրներիս: Այնպիսի շիլաշփոթ սարքենք, խմբագիրն անգամ գլուխ չհանի:
– Հենց միայն ես,- կախման կետը տեղում դոփեց,- կարող եմ ձեզ փոխարինել: Ողորմելիներ, գործողություն էլ լինի՞ ցույց տվածները…
– Պատումի ընթացքն այնպես շեղեցին, շարունակվելու դեպքում ավարտը կդառնա սահմռկեցնող: Արդեն փշաքաղվում եմ: Օ՜,- չկարողանալով իրեն տիրապետել` բարձրաձայնեց երկարացման նշանը:
– Դա մեր ուժի, հզորության մասին է վկայում: Թե չէ` ծեծված ճանապարհ, «ապահով» հեռաստան, երջանիկ վերջաբան, չնայած մենք դա նույնպես ի վիճակի ենք:
– Իհարկե կարող եք… Դու՛ք ձախողեցիք պատմվածքը:
– Ի՞նչ ձախողումի մասին է բարբաջում: Սա գուցե թե լավագույն գործը դառնա: Սպասեք ավարտվի…
– Ես սյուժեի նման ընթացք, շարունակություն չեմ կամենում: – Ո՞վ կմիանա ինձ,- հարցն ուղղված էր դերանուններին, մակբայներին ու կապերին, շաղկապներին, կարճ` բոլորին:
– Ո՛չ,- ժխտական դերանունն առաջ եկավ:- Ես այլ առաջարկ ունեմ` վտարել նրանց:
Շատերի հայացքն ուղղվեց բայերի կողմը:
– Մե՞զ,- ապշահար մեկմեկու նայեցին նրանք: – Մենք միշտ բեռ քաշող ենք եղել:
– Հենց քեզ,- շեշտը փորձեց հրել իրեն ուսած բային, դու առաջինը սկսեցիր:
– Խնդրում եմ առանց արյունի,- բացականչական նշանն էր` նվաղուն ձայնով: – Պետք չէ քաշքշել, ի սեր Աստծո… Դա «Առագաստ» սրճարանում կատարված մի նողկալի դեպք է ինձ հիշեցնում:
– Շատ էլ լավ պետք է: Հարկավոր է դրանց դաս տալ: Հաշվում եմ, ո՞վ է համաձայն…- թվականը դերի մեջ էր մտնում:
– Պակասը դուք չեք. եթե տոն չտայիք, ամեն բան չէր խառնվի իրար,- մակբայն էր միջին տողերից: – Ձեր հարցը ևս պետք է քննության առնվի:
– Իհարկե թևի տակ կառնես. քո տոհմը, եթե քրքրենք, բայերի հետ նույն հիմքից է սկիզբ առնում:
– Հիմա ես էլ մի ձայնի իրավունք ունենամ, մակբա՞յն էլ,- դասական թվականը քամահրանքով նայեց վերջինիս ուղղությամբ:
– Յուրաքանչյուրը` մեկ ձայն, ինչպես ընդունված է մարդկանց աշխարհում:
– Նրանց հետ գործ չունեք: Մերն ուրիշ է` առավել գեղեցիկ,- ածականն ասածից գոհ` շառագունեց:
– Եվ լիարյուն,- հավելեց երկրորդը:
– Հարցից շեղվում եք, քվեարկությունը մոռացաք:
– Բայց ի՞նչ էինք քվեարկելու…- նոր-նոր նինջը թոթափածներն էին:
– Բայերին, թվականներին վտարելու հարցը,- հուշեցին:
– Եվ ածականների… Սկիզբը նրանք դրեցին: Անգամ իրար հետ հաշտ չեն:
– Մենք շատ ենք, որոշիչ ձայները մերը կլինեն,- անթաքույց հրճվեցին բայերը:
– Դեռ հարց է` ով է շատ,- գոյականների ձայնում վստահություն կար: – Եթե հատուկ անունները միանան մեզ, հաղթանակն ապահովված է:
– Դա շփոթության տեղիք կտա: Ես, ճիշտ է, դերանուն եմ, բայց անձ եմ խորհրդանշում. ասելս այն է` հավասար ձայների դեպքում մենք պետք է առավելություն ունենանք: Միայն այդ պարագայում եմ համաձայն քվեարկությանը:
– Ի՞նչ պարագա, ո՞վ է պարագայից խոսում:
– Հանգստացիր, դու նախադասության անդամ ես, իսկ վեճը խոսքի մասերի միջև է: Եթե դուք էլ մեջ ընկնեք, կատարյալ սոդոմ-գոմոր կլինի,- հորդորեց մի եղանակավորող բառ:
– Սպասեք, շուտ առաջ գնացիք,- պատմվածքի առաջին նախադասությունն էր:
Բառերն ու կետադրական նշաններն անակնկալի եկան:
– Ինչո՞ւ զարմացաք,- խոսքը շարունակեց նախադասությունը,- կարծես նոր եք տեսնում: Թե՞ մենք կարևոր չենք, միտք չենք արտահայտում:
– Իհարկե,- եղանակավորող բառերը հուսավորված` ցատկոտեցին,- այդ դեպքում մենք ևս ձայնի իրավունք ունենք, թեև…
– Ունեք,- մեծահոգաբար նկատեց մեկ այլ նախադասություն, բայց ոչ մեր չափ: Մենք խմբակցություն ենք ներկայացնում:
– Ո՛չ,- առարկեց ժխտական դերանունը:
– Գոնե բարդերի դեպքում` ըստ քանակի. նրանք, հո չե՞ք ժխտի, միավորում են, դաշինք, որպեսզի առավել ըմբռնելի լինի, օտար բառով ասեմ` կոալիցիա:
– Համադասականին էլ, ստորադասականին էլ նույն իրավո՞ւնքը,- նեղսրտեցին նախադասություններից գերադասները: -Ինչպե՞ս կարելի է:
Նրանց քրթմնջոցին, սակայն, արձագանքող չեղավ, քանզի վտանգավորն այլք էին:
– Ախր, ձեր այդ խմբակցություն կոչվածը հակոտնյա խոսքի մասերի ժամանակավոր գոյակցություն է: Եվ ապա` մի մոռացեք. ես նախադասության մեջ հանդես եմ գալիս իբրև որոշիչ,- ածականն ընթացքում ոգևորվեց,- ուրեմն` երկու ձայն ունեմ, առաջինը, որպես խոսքի մաս, երկրորդը` նախադասության լիարժեք անդամ:
– Ճի՜շտ է,- գլխի ընկան մյուսները:- Դուք մեր շնորհիվ ուզում եք առավելություն ձեռք բերել:
– Լավ,- զիջեց նախադասությունը,- մեկի դեպքում էլ, վստահ եմ, կհաղթենք:
– Եթե բանն իսկապես քվեարկության հասնի, չմոռանաք և մեզ:
– Դու ո՞վ ես,- հարցականը կախվեց ներքև` տեսնելու, թե ով է ձայնողը:
– Իսկապե՞ս չգիտես: Ախ, հա, դու անգամ տառաճանաչ չես, սակայն փորձում ես հարց վճռել: – Իջիր շալակիցս…
– Նա դպրոց չի՜ գնացել, այբուբենին ծանոթ չէ,- տառերի անտառը խլրտաց:
– Շարքերը չխառնել,- բառասկզբի տառերի հորդորը հասավ մյուսներին: – Առանց հրահանգի ոչ մի շարժում: Ազատ գործելու իրավունք միայն գաղտնավանկի Ը-ն ունի:
– Կարծում եմ` բոլորդ ըմբռնեցիք, թե ում հետ գործ ունեք,- գլխատառերից առաջինն էր:
– Մեզ գաղտնալսում են,- շշնջացին կետադրական նշանները բառերի ականջին և մեկմեկու: – Նրանց զենքն իրենց քանակն է, չգրգռեք…
– Եվ գաղտնի գործակալները: Աքսորի չհասնի՞ բանը…
– Պարզունակ եք մտածում. ոչ միայն քանակը: Մեր ուժը նաև շարքում տեղը չխառնելու մեջ է: Հերիք է տեղափոխություն կատարենք, կիմաստազրկվեք:
– Նման ունակություն մենք ևս ունենք,- զգույշ առարկեց մի նախադասություն. գիտեր` բորբոքվելու դեպքում զորասյունն իրենց ևս ոտատակ կտա:
– Ինչու այստեղ ո՞վ նման շնորհք չունի,- հուշիկ դիմադարձեց կապը:
– Ճի՜շտ է…- ձայնարկեցին կետադրականները:
– Ձեր սխալը գիտե՞ք որտեղ է…
– Որտե՞ղ,- վերջապես միջամտելու հնարավորություն տեսավ ցուցական դերանունը: – Ցույց տուր:
– Ձևեր է թափում, փորձում է իրեն, ինչպես մյուսները, կարևորել,- տեսնելով կապի երկմտանքը, վրա տվին այսուայն տողից:
– Լռե՛ք,- հրամայական նշանն էր:
– Տեղին է դիտողությունը: Իմ ներկայությամբ տան ոչ մի անդամ խոսքի իրավունք չունի,- ձևի պարագային սաստեց նախադասությունը: – Շարունակիր, կապ, թեև արդեն գլխի եմ:
– Ձեր սխալն անկապ-անկապ խոսելն է,- վերջապես միտքը ձևակերպեց կապը:
– Հարկա՛վ,- հաստատեց նախադասությունը,- կապակցված խոսք արտահայտելու համար մեզ համերաշխություն է պետք: Եվ կայունություն: Եթե…
– Մեզ ասելով` ո՞ւմ նկատի ունես:
– Թողեք միտքն ավարտի,- ստորադաս նախադասություններն էին: – Նա գուցե մեզնից ամենաերկարաշունչը դառնա. մի զրկեք հնարավորությունից:
– Եթե այս անպտուղ վեճին վերջ չտանք, միասնական չլինենք, բռունցք չդառնանք, դրսի ուժերը կօգտվեն դրանից… Ես ավարտեցի:
– Ի՜նչ հրաշալի ձևակերպեցիք,- սակայն ինչո՞ւ այդքան կարճ,- ծափ զարկեց բացականչական նշանը: – Շարունակեք:
– Ես կլրեմ նրան,- առաջացավ մեկ այլ նախադասություն: – Ոչ միայն կօգտվեն… Արդեն իսկ օգտվում են:
Կետադրական նշաններից մասնավորապես հարցականը` խառնվեց իրար.
– Ու՞ր է:
– Ներսում` յուրաքանչյուրիս մեջ: Մեր իսկ ձեռքով են նրանք քանդում մեր Մեծ տունը:
– Որպեսզի հետո բոլորեքյան վրա տան. նրանք մեր ընկնելուն են սպասում:
– Պատմությունը քանի՞ անգամ պետք է դաս տա: Վեպ էինք, դարձանք վիպակ, հիմա…
– Ինչպես անստույգ էր սկիզբը, նույնպիսին ընթացքը եղավ, և ավարտը կլինի, եթե… չթիկունքվենք:
– Մեր ուժը մեր միասնության մեջ է…
– Նոր բան ասա,- անչար նկատեցին: – Ոգեղեն խոսքի ժամ է:
– Մեզ ուղեցույց է պետք` առաջնորդ…
– Ո՞վ․․․
– Հեղինակը…- ընդհանուրին համակած հուզումի պատճառով չիմացվեց, նաև չկարևորվեց` ով է աղաղակողը: – Նա մեզ մեռյալ վիճակից հանեց, կյանքի թրթիռ ներարկեց: Մենք ի՞նչ ենք` ընդամենը արտացոլանք, սոսկ ստվեր ու դերակատար, իսկ նա` ուժակիր:
Հեղինակը, իրադարձությունների նման անսպասելի շրջադարձից շփոթահար, դադար տվեց: Անհանգստացնողն այլևս հյուսվածքի ավարտը չէր, այլ հարցը, որ պատասխան էր ակնկալում. իսկ իրեն ո՞վ է ուղղորդում: Գրառած աշխա՞րհն է առավել հավաստի, թե՞ այս մյուսը, որում ապրում է, որտեղից նյութ քաղում, և ո՞րն է անցողիկ ու որը` մնայուն:
Գուցե խաբկանք են երկո՞ւսն էլ:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
արձակագիր