Լեհաստանի Չեխանով քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանի երկու ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ մտավ 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, որը, դատելով պատվիրած նախնական կիլոգրամներից, պայքարելու էր միայն ու միայն ոսկե մեդալի համար:
Այդուհանդերձ, հայ մարզիկը պոկում վարժությունից հետո իր համար ապահովեց առնվազն փոքր բրոնզ` մոտեցման երեք հնարավորություններից արդյունավետ կատարելով միայն առաջինը` 130 կգ: Նա ամբողջ 8 կգ-ով ետ էր մնում բուլղարացի Բոժիդար Դիմիտրով Անդրեեւից եւ 5 կգ` թուրք Սադրետտին Գեդիկից: Սակայն հրում վարժությունում Հակոբի նախնական պատվիրած 165 կիլոգրամը մրցակիցների պատվերներից ավելի էր, համապատասխանաբար, 7 եւ 14 կգ-ով:
Եթե Հակոբը արդյունավետ կատարեր հրումի բոլոր մոտեցումները, միանգամայն կարող էր շրջանցել մրցակիցներին: Սակայն նա այս անգամ էլ, սկսելով 160 կգ-ից, երկու անգամ ձախողեց 165 կիլոգրամը եւ երկամարտում բավարարվեց ընդամենը բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ