Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Սան Մարինոյում

Մայիս 01,2014 17:56

Ապրիլի 28-ին Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության նստավայր Բենյի պալատի կոնֆերանսների դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված գիտաժողով: Այն կազմակերպվել էր Սան Մարինոյում ՀՀ դեսպանության (նստավայրը` Հռոմ) նախաձեռնությամբ` Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղարության հետ համագործակցությամբ: Գիտաժողովին ներկա էին Սան Մարինոյի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, առաջատար կուսակցությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Սան Մարինոյում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին, լրագրող-հրապարակախոս Դիեգո Չիմարան «RAI 1» հանրային հեռուստառադիոընկերության միջազգային քաղաքականության տեղեկատվական ծառայության նախկին տնօրենը (Կոստան Զարյանի զարմիկը) և գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները:
Սան Մարինոյի արտաքին գործերի պետքարտուղար Պասքուալե Վալենտինին իր խոսքում շնորհակալություն հայտնեց դեսպանությանը գիտաժողովի կազմակերպման նախաձեռնության համար և ընդգծեց, որ մարդկության դեմ ոճիրների ճանաչումը հիմնարար նշանակություն ունի անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում: Նա նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքները նույնքան կարևոր են Սան Մարինոյի արտաքին քաղաքականության համար, որքան ճշմարտությանը ծառայելը, ինչն արժեք է և հաճախ է բախվում շահերի հետ: Պետքարտուղարը հավելեց, որ այս համատեքստում Սան Մարինոն բացառություն է և, անկախ իրավիճակներից, ծառայում է ճշմարտությանը: Համաձայն նրա` ճշմարտութանը ծառայելը նաև եվրոպական ընտանիքի անդամների պարտականությունն է, իսկ երբ այդ ընտանիքի որոշ անդամներ նախընտրում են շահերը, ապա Եվրոպան կորցնում է իր հեղինակությունը: Նա նշեց, որ պատմական ճշմարտության ճանաչումը հարկավոր է, որ անցյալի ոճիրները չկրկնվեն, և որպեսզի ցեղասպանության զոհերին վերադարձվի իրենց արժանապատվությունը, քանի որ մինչ սպանելը, նրանց զրկել էին արժանապատվությունից: Պետքարտուղարը կարևորեց նաև այն փաստը, որ քրիստոնեությունը հայերի համար հանդիսանում է հատուկ արժանապատվություն և արժեհամակարգի մաս, ինչը նույնն է նաև Սան Մարինոյի պարագայում, և իր երկրի առաքելությունն է միջազգային հանրությանը լսելի դարձնել այն բոլորի ձայները, ում մերժել են լսել: Ելույթի ավարտին նա վստահություն հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականության փաստերը կամրագրվեն նաև Սան Մարինոյի կողմից:

Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելույթում կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա խորհրդանշական համարեց, որ 301թ. հիմնվել է Սան Մարինոյի պետությունը և նույն թվականին Հայաստանն ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն` նկատելով, որ դարերի ընթացքում քրիստոնեությունը երկու ժողովուրդների համար հանդիսացել է ինքնության առանցք և կիզակետ: Նա նշեց, որ Սան Մարինոն միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ջատագով և հավելեց, որ այդ երկու արժեքները նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից են: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` դեսպան Ղազարյանն ասաց, որ այսօր նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ժխտողականության 99-ամյակը: Նա հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում կարևոր և արդիական համարեց Ցեղասպանության ճանաչումը: Ելույթի ավարտին դեսպան Ղազարյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության ծնունդն ու գոյությունը լավագույն պատասխանն են ցեղասպանների մտադրություններին:
Դիեգո Չիմարան պատմեց Կոստան Զարյանի կյանքի ու գործունեության, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերի, Ռաֆայել Լեմկինի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Միքելե Վեգները խոսեց Արմին Վեգների գործունեությունից, հիշատակեց Հայոց ցեղասպանության մասին նրա լուսանկարներն ու ստեղծագործությունները, նաև հատվածներ ընթերցեց Արմին Վեգների գրություններից: Նա նույնպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031