Լրահոս
Օրվա լրահոսը

Լիա Միսակյանի գործով ավարտվեց դատակոչված վկաների հարցաքննությունը

Մայիս 01,2014 17:53

2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Դատաքննության ընթացքում հարցաքննվեց դատակոչված վերջին վկան՝ Արմինե Կարապետյանը, ով աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում՝ որպես բոքսային բաժանմունքի հերթապահ բուժքույր: Ա. Կարապետյանը ցուցմունք տվեց այն մասին, որ հերթապահություն իրականացրել է 2013 թ. հունվարի 1-ին և այն ընդունել է Լարիսա Վարդանյանից: Լարիսա Վարդանյանը տեղեկացրել է հերթափոխն ընդունող բուժքրոջը, որ Լիա Միսակյանի նշանակված արյան անալիզի նմուշը վերցվել է: Վկան իր ցուցմունքում հայտնեց, որ առավոտյան Լիա Միսակյանի մայրը ասել է, որ երեխան լավ է և իրենք ցանկանում են տուն գնալ, սակայն բժշկուհի Զարինե Այվազյանը, իմանալով այդ մասին, թույլ չի տվել երեխային տուն տանել: Առավոտյան Զարինե Այվազյանը զննել է Լիա Միսակյանին և ցուցում է տվել՝ շարունակելու նախորդ բժշկի նշանակած բուժումը: Գործով մեղադրող Դ. Կարապետյանի հարցին ի պատասխան վկան հայտնեց, որ համապատասխան ցուցումի դեպքում իրենք անմիջապես վերցնում են արյան անալիզի նմուշը, և պատասխանը պատրաստ է լինում մոտ 2 ժամից, իսկ անալիզի պատասխանը բուժքրոջ կողմից փակցվում է անկետայի մեջ: Ա. Կարապետյանը չկարողացավ հիշել՝ Լիա Միսակյանի անկետայում փակցված է եղել արյան անալիզի պատասխանը կամ այն իրա կողմից փակցվել է հերթապահության ընթացքում, թե ոչ:

Վկան հայտնեց, որ բուժքրոջ պարտականությունների մեջ չի մտնում հերթափոխն ընդունելիս անկետայում նշանակված անալիզի պատասխանի առկայությունը ստուգելը, իրենք միայն տեղեկացվում են նմուշը վերցնելու մասին, որը պատճառաբանվեց հետևյալ կերպ՝ «30 հիվանդ է լինում և մենք չենք կարող բոլորինը ստուգել»: Բացի այդ, վկան իր ցուցմունքով պնդեց, որ հերթապահության օրը լաբորատորիայից զանգ չի եղել բոքսային բաժանմունք՝ «պոստ», և իրենք չեն տեղեկացել արյան անալիզում առկա շեղումների մասին: Մինչդեռ, դատաքննության ընթացքում հարցաքննված վկաներ լաբորատորիայի բժիշկ Լիաննա Արզումանյանը և լաբորանտ Ֆլորա Վարդանյանը հայտնել են, որ Լիա Միսակյանի արյան անալիզը կատարել են հունվարի 1-ի առավոտյան և շեղումներ հայտնաբերելուց հետո այդ մասին զանգով տեղեկացրել են բոքսային բաժանմունքի բուժքույրերից մեկին, քանի որ բժիշկն այդ պահին բաժանմունքում չի եղել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Սաքունի հարցերին ի պատասխան վկա Ա. Կարապետյանը հայտնեց, որ ինքն անկետան ամբողջությամբ նայել է և արյան անալիզի պատասխանը չի եղել: Իր հերթապահության ժամանակ Լիա Միսակյանի մայրը դիմել է երեխայից կղանքի և մեզի անալիզի նմուշներ վերցնելու համար: Նախորդ օրը Լարիսա Վարդանյանը տվել էր համապատասխան սրվակները, բայց ծնողները կղանքի նմուշը վերցրել էին մեզի անալիզի սրվակով, դրա համար բուժքույրը նրանց նորից սրված է տվել: Այնուամենայնիվ բուժքույրն իր հերթապահության ժամանակ չի վերցրել կղանքի և մեզի անալիզների նմուշները: Նախահագող դատավոր Լ. Ավետիսյանը տեղեկացրեց վկային, որ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքում Լիա Միսակյանի մայրը՝ Աշխեն Բաբայանը, հայտնել է, որ կղանքի և մեզի անալիզի համար վերցված նմուշներն այդպես էլ մնացել են սեղանին դրված:

Այս առնչությամբ վկան ասաց, որ իրենք բացատրում են ծնողներին ինչպես վերցնել անալիզի նմուշը, որից դրանից հետո պատասխանատվությունը կրում են ծնողները և նրանք պետք է տեղեկացնեն անալիզի նմուշները վերցնելու մասին: Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը հետաքրքրվեց, թե արդյոք վկան հիշում է այն մասին, որ երբ ինքը խնդրել է նոր սրված տալ, բուժքույրն ասել է, որ իմաստ չունի՝ միևնույն է լաբորատորիան չի աշխատում: Վկա Ա. Կարապետյանը պատասխանեց, որ «ոչ, լաբորատորիան չէր կարող չաշխատել»: Գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ հնարավոր է արյան անալիզի պատասխանները ստացվեին մեկ օր անց, իսկ Լիլիթ Վարդանյանի պաշտպանի հարցին ի պատասխան հայտնեց, որ լաբորատորիայի բժշկի գնալուց հետո վերցված արյան անալիզի նմուշի պատասխանը պատրաստ է լինում հաջորդ առավոտյան, երբ բժիշկը գալիս է աշխատանքի: Դատավորը հարցրեց, թե արդյոք վկան Ֆլորա Վարդանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ կպնդի իր ցուցմունքը, և վկան դրական պատասխան տվեց: Արմինե Կարապետյանի հարցաքննությամբ ավարտվեց գործով դատակոչված վկաների հարցաքննությունը, և հաջորդ դատական նիստին կսկսվի փորձագիտական եզրակացությունների հետազոտությունը և փորձագետների հարցաքննությունը: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թվականի մայիսի 14-ին, ժամը 11:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031