2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Բեկթաշյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ այդ դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը, պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները: Սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստանալու նպատակով: Դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Ա. Բեկթաշյանը հրապարակեց ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված գրությունների բովանդակությունը:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Բադալյանը տեղեկացրել էր, որ համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ թիվ 62202531 քրեական գործից մի շարք փաստաթղթերի պատճեններ դատարան ներկայացնելու պահանջով: Իր հերթին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ.Բաբայանը գրությամբ տեղեկացրել էր ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 2013 թ. մարտի 18-ի՝ քրեական գործի մասը կարճելու մասին որոշման պատճենը և թիվ 62202513 քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշման պատճենը: Ընդ որում, թե՛ Վ.Բադալյանը, թե՛ Մ. Բաբայանը հայտնել էին, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով բողոքի քննության դատական նիստին չեն կարող մասնակցել և խնդրել էին մերժել ներկայացված բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դիմումատու Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը չառարկեց առանց ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչների ներկայության դիմումը քննելուն, սակայն արձանագրեց, որ վերջիններիս չներկայանալը փաստում է նրանց բացասական վերաբերմունքը Հայկ Մովսիսյանի մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ:
Դատական նիստի ընթացքում Արթուր Սաքունցը ներկայացրեց բողոքի իրավական հիմնավորումները: Մասնավորապես, ներկայացվեցին պետության պոզիտիվ պարտավորությունները, ինչպես նաև թիվ 62202531 քրեական գործով Հայկ Մովսիսնյանի՝ տուժող լինելու վերաբերյալ պնդումները: ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան ներկայացված որոշումների պատճենները տրամադրվեցին Արթուր Սաքունցին՝ դրանց ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու մասին: Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. մայիսի 16-ին, ժամը 12:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ