Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Առավել քան տարօրինակ է, որ Հայաստանի մասին զեկուցել է ոչ թե մեր ներկայացուցիչը, այլ՝ ՌԴ-ի»

Մայիս 01,2014 17:27

«Լուկաշենկոյի հայտարարությունը մի քանի շեշտադրում ուներ եւ մի քանի ուղերձ էր պարունակում իր մեջ: Այդ հայտարարությունից չպետք է զարմանալ, որովհետեւ նման ելեւէջներ, նման զարգացումներ, դժգոհություններ բազմիցս եղել են»,- մայիսի 1-ին Aravot.am-ի հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Բելառուսի նախագահը ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկել էր հետաձգել Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷս) ստեղծումը եւ հայտարարել, որ բանակցությունների ընթացքում մոտեցումներն իր մոտ բազում հարցեր են ծնում: Լուկաշենկոն հիշեցրել է, որ մինչեւ ԵԱՏՄ ստեղծման պայմանագրի ենթադրյալ ստորագրումը չափազանց կարճ ժամանակ է մնացել, եւ նշել է, թե «հարցերի շրջանակ է ծագել, որոնց շուրջ կարծիքները տարբերվում են, իսկ դրանց թվարկումը՝ մտահոգիչ: Առնվազն տարօրինակ է հնչում պայմանավորվածությունների իրագործումը 10 տարի անց՝ մինչև 2025 թվականը իրագործելու մասին նորարարական առաջարկները: Եթե մենք պատրաստ չենք այդ միջոցներն ընդունել հիմա, ապա պետք է խոստովանել դա»:

Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ «Իհարկե, տարօրինակ է, որ հրապարակային են խոսում տարաձայնությունների մասին, բայց նման հայտարարություններ, որ Լուկաշենկոն անում է, զարմանալի չէ: Կարծում եմ,դա խաղի կանոնների մեջ տեղավորվում է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա պայմանավորվածություն՝ մայիսի վերջին ստորագրել այդ համաձայնագիրը: Բայց ինձ թվում է, դեռեւս բանակցություններ կընթանան, հանդիպումներ կլինեն՝ մինչեւ վերջնական որոշումը կայացնելը»:

Պարոն Կարապետյանը գտնում է, որ «առավել քան տարօրինակ է այն, որ օրինակ, Հայաստանի առաջընթացը եւ Հայաստանի կատարումը, այն ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները, որ մենք անում ենք, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում զեկուցել է ոչ թե Հայաստանի ներկայացուցիչը, այլ՝ Ռուսաստանի ներկայացուցիչը»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ այսինքն, Հայաստանի հետ հավասարը հավասարի պես չեն՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Այս իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ Հայաստանի շահերն ամբողջությամբ չեն պաշտպանում, եւ իսկապես հավասարը հավասարի մակարդակի բանակցություններ չեն ընթանում: Դրա վկայություններից մեկն էլ հենց Հայաստանի խնդրի ներկայացումն էր ռուս պաշտոնյայի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. zaven says:

    Դեռ շատ տարօրինակութիւններ կրնան պատահիլ-Պատրաստ ըլլանք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031