Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հռոմում

Մայիս 01,2014 17:20

Ապրիլի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, համագործակցությամբ «RAI radio 3» իտալական հանրային ռադիոալիքի հետ, վերջինիս բեմական սրահում անցկացրեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Լռության ճեղքերը» խորագրով միջոցառում: Այն ուղիղ հեռարձակվում էր «RAI radio 3» ռադիոալիքի եթերով, իսկ տեսագրությունը զուգահեռաբար ցուցադրվում «RAI» հեռուստառադիոընկերության էլեկտրոնային կայքէջում:

Միջոցառումը վարում էր ռադիոալիքի հաղորդավար և մեկնաբան Աննա Մարիա Ջորդանոն: Բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Ժողովուրդների մշտական դատական ատյանի գլխավոր քարտուղար Ջիաննի Տոնյոնին և «ԲԱՍՍՈ» հիմնադրամի նախագահ, նախկին դատավոր, եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Ազգային դատավորների իտալական խորհրդի նախկին նախագահ, ԵՄ սահմանադրության հեղինակներից Էլենա Պաչիոտտին:

Միջոցառումն ընթանում էր հարցուպատասխանի ձևով: Աննա Մարիա Ջորդանոյի կողմից արվում էին մեկնաբանություններ, և բանախոսներին ուղղվում հարցեր Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ, որոնց պատասխաններից հետո ընթերցվում էին համապատասխան փաստագրեր կամ գեղարվեստական ստեղծագործություններ: Ընթերցումները կատարում էին Իտալիայում հայտնի հայազգի դերասաններ Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանը:
Աննա Մարիա Ջորդանոն իր խոսքում նաև անդրադարձավ մեր օրերում քեսաբահայության հետ պատահած ողբերգությանը:

Դեսպան Ղազարյանն իր պատասխաններում, մասնավորապես, ընդգծեց ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հիշատակելով հայերի բնաջնջման մասին Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ հայտարարությունը` նա մեծապես կարևորեց Ցեղասպանության հիշողության պահպանումն ու տեղեկատվության տարածումը և այդ հարցում լրատվամիջոցների, այդ թվում` «RAI» հեռուստառադիոընկերության դերը: Ցեղասպանությունների կանխարգելման հարցում նա էական համարեց կրթության նշանակությունը: Դեսպանը խոսեց նաև միջազգային և ազգային ատյաններում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին` ներկայացնելով այդ հարցում Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությանը` այն բնութագրելով որպես ժխտողականության ավելի խորամանկ դրսևորում: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը չի կարող դիտվել որպես առաջընթաց, քանի որ դրանում դահիճներն ու զոհերը դրվել են նույն հարթության վրա, իսկ ցեղասպանությունը որակվել է որպես 1915թ. պատահած միջադեպ, ինչն անընդունելի է: Դեսպանը բարձր գնահատեց Իտալիայում ապաստան գտած ցեղասպանության վերապրածների հանդեպ Իտալիայի մարդասիրական վերաբերմունքը և անդրադարձավ 20-րդ դարում Իտալիայի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում իտալահայ համայնքի դերին:

Էլենա Պաչիոտտին և Ջիաննի Տոնյոնին խոսեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունման նախապատմության և գործընթացի մասին: Նշվեց, որ ատյանի որոշումը իրավական տեսանկյունից հիմք հանդիսացավ հետագայում Հայոց ցեղասպանության մի շարք այլ ճանաչումների համար:
Փաստագրական նյութերի շարքում ընթերցվեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի կողմից 1984թ. ապրիլին հայ ազգաբնակչության բնաջնջումը որպես ցեղասպանության հանցագործություն ճանաչելու մասին որոշումը, արխիվային փաստագրական վկայություններ, անցյալ դարասկզբին Իտալիայի վարչապետներից մեկի` Լուիջի Լուցատիի` հայերի բնաջնջման վերաբերյալ խորհրդարանում ունեցած ելույթը: Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանն ընթերցեցին նաև հատվածներ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքից և Դանիել Վարուժանի և Եղիշե Չարենցի ստեղծագործություններից:

Ընթերցումներն ու բանախոսություններն ընդմիջվում էին դաշնակահարուհի Դիանա Գաբրիելյանի` հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:
Միջոցառմանը ներկա բազմաթիվ հանդիսատեսների շարքում էին Իտալիայի հասարակական և քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ տեղակայվել է «RAI radio 3» ռադիոալիքի էլեկտրոնային կայքէջում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031