«Արժանապատիվ աշխատանք չկա մեր ոլորտում»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ-ում պաշտպանվա՞ծ են աշխատավորների շահերը, այսպես պատասխանեց ՀՀ պետական հիմնարկների, ՏԻՄ և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հազարից ավելի աշխատավորներ այսօր դուրս էին եկել մայիսմեկյան երթի, որի ընթացքում բարձրաձայնում էին իրենց խնդիրները: ՀՀ-ում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի օր, իսկ աշխարհի 90-ից ավելի երկրներում հանուն համերաշխության արհմիությունները երթի են դուրս գալիս՝ արժանապատիվ աշխատանքի պահանջով:
ՀՀ աշխատավորների պահանջը նույնն է. բարձր աշխատավարձեր, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դադարեցում: Անահիտ Ասատրյանը նկատեց. «Քաղծառայողներին հաջողվեց հասնել նրան, որ հուլիսից նրանց աշխատավարձերը բարձրացվեն, սակայն համայնքային ծառայողները շատ վատ վիճակում են, նրանց աշխատավարձը 45-55 հազար դրամ է, այն դեպքում, երբ նվազագույն զամբյուղը 57 հազար դրամ է: Փաստորեն, այդ գումարը մեկ անձին էլ չի բավականացնի: Կուտակայինի հետ կապված՝ վարչապետի պահանջը մեզ լիովին չի բավարարում, քանի որ պետք է, որ վերադարձվեն այն անձանց գումարները, որոնցից առանց նրանց կամքի պահումներ են արվել»:
Կարդացեք նաև
ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ վերջին 20 տարիներին աշխատավորների սոցիալական շահերի պաշտպանությունը ոչ նպաստավոր պայմաններում է գտնվում, աշխատող մարդն իրեն պաշտպանված չի զգում: Արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը նոր ցուցանիշներ են գրանցում: Օդանավակայանում մարդկանց ճամպրուկներից հասկանալի է դառնում, որ վերադարձի հույս չկա: Այնուհետև շեշտեց. «Մենք ոչ ենք ասում արտագաղթին, աղքատությանը, գործազրկությանը, ՀՀ թիվ մեկ խնդրին՝ պարտադիր կուտակայինին, այն կործանարար է: Նոր վարչապետի որոշումը ամբողջովին չի բավարարում, քանի որ այդ ընդունած օրենքը, որ ուժի մեջ մտավ, բազմաթիվ խութեր ու չլուծված խնդիրներ ունի: Նոր օրենք ասածն էլ, թե ինչ լուծումներով պիտի մտնի ԱԺ, ևս պարզաբանված չէ»:
Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցի ուսուցիչները ևս իրենց մտահոգություն հայտնեցին կուտակայինի հետ կապված՝ նշելով, որ իրենց դպրոցի 10 երիտասարդ ուսուցիչներ փաստի առաջ են կանգնած:
Գյուղատնտեսական ոլորտի աշխատավորները ևս Aravot.am-ի հետ զրույցում բարձրաձայնեցին իրենց խնդիրները. «Այս ոլորտու աշխատավարձերը շատ ցածր են, մյուս կողմից էլ լուրջ մարտահրավեր կուտակային համակարգը: Մեր երիտասարդական թիմն այդ պատճառով աջակցում է «Դեմ եմ» նախաձեռնությանը»:
Նոր կառավարությունից գյուղատնտեսների սպասելիքները մեծ չեն. կարծում են, որ կուտակայինի պարտադիր բաղադրիչը գործադիրը չի դադարեցնի:
Աշխատավորները երթը սկսեցին Թումանյան փողոցից, բացականչություններով անցան Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Կառավարության-Վ.Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակով և երթն ավարտեցին Վ.Սարգսյան փողոցում՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի հարակից տարածքում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ