Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 1-ը կոմունիստները նշեցին պաղպաղակով ու բուլկիներով (Տեսանյութ) 

Մայիս 01,2014 15:57

Այսօր մայիսի 1-ը` Աշխատավորների միջազգային օրը, Կոմունիստական կուսակցությունը տոնեց երթով` Սարյանի պուրակից մինչեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն քայլելով: «Կեցցե հայ-ռուսական բարեկամությունը, Ռոսիան»,- այս կարգախոսներն էին Կոմկուսի տարեց անդամները հորդորում կրկնել շքերթի երիտասարդ ու պատանի մասնակիցներին:

 

«Մեր կառավարությունը, որ աշխատատեղեր չի ստեղծում, շատերի համար մայիսի 1-ը չաշխատավորների օր է»,- դժգոհում էր Շենգավիթ համայնքի շրջկոմի առաջին քարտուղար Յուրի Մովսիսյանը: Հետո անկեղծացավ, մայիսի 1-ն իր համար միշտ տոն է, ու տարիների ընթացքում չի կորցրել տոնը նշելու ոգեւորությունը:

 

Komunisner_ert_may1-2 Komunisner_ert_may1 Komunisner_ert_may1-4

Սասունցիների մեջ իրեն միակ կոմունիստը համարող Մանվել Գասպարյանն էլ շքերթի ողջ ընթացքում համեմատում էր այսօրվա մայիսի մեկի տոնակատարությունը կոմունիստական մայիսի մեկերի հետ: Ըստ նրա, այն ժամանակների տոնական տրամադրությունն ու ոգեւորությունն էլ չի տեսնում մարդկանց մեջ. «Անհատ մարդիկ փոշիացրին մեր հայրենիքը, էսօր բոլոր աշխատավորները մտահոգված, մտքերի մեջ թաղված, դարդ ու ցավի մեջ տառապում են, աշխատանք չունեն, չգիտեն տունը ոնց պահեն: Էլ ի՞նչ աշխատավոր, աշխատավո՞ր թողեցին»:

Կոմունիստ Տաճատ Սարգսյանն էլ հիշեց, թե տարիներ առաջ ինչպես էին աշխատավորները կոլեկտիվներով երթերի դուրս գալիս, հրապարակներում զեկուցում իրենց հաջողությունները, իսկ հիմա. «Իսկ այսօրվա մեր երթի մասնակիցները գրեթե բան չունեն ասելու, որովհետեւ մեծ մասն այսօր աշխատանք չունի»:

 

 

Ռուսաստանի դեսպանատան առջեւ էլ կոմունիստները «Մենք Պուտինի հետ ենք» հայտարարեցին, կարդացին դեսպանին հանձնվող իրենց նամակի բովանդակությունը. «Հայաստանի գալիք անդամակցությունը Մաքսային միությանը մեր ժողովրդի համար ճակատագրական ելք է… մենք` երթի մասնակիցներս, համոզված ենք, որ Եվրասիական միությունը կդառնա առաջին, բայց հաստատուն աստիճանը հետխորհրդային տարածքում նոր ձեւաչափով, Մաքսային միությանն ու Եվրասիական միության կազմավորման գործընթացում նրա ակտիվ մասնակցությունը ստանում է մեր երկրի բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը»: Նամակը հանձնեցին ու գնացին դեսպանատան դիմացի այգի հյուրասիրության: Այստեղ կոմունիստները մայիսի մեկը շարունակեցին տոնել պաղպաղակներով ու բուլկիներով:

Որոշ կոմունիստներ էլ նեղսրտեցին, որ իրենց նամակը ոչ թե դեսպանը վերցրեց, այլ դեսպանատան պահակը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031