Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանի աշխատակիցները օրեր առաջ բողոքել էին աշխատավարձի ուշացումներից: Այսօր «Ելակետ» ակումբում աշխատավորների տոնի առիթով հրավիրած ասուլիսում «Աշխատավորների շահերի պաշտպանություն» շարժման ղեկավար Կարեն Թումանյանն ասաց, որ «Հայասիի» հետ կապված պատմությունն ավելի շուտ քաղաքական պատվեր է` հաշվի առնելով, որ հենց այս օրերին այդ հարցը շահարկվեց: Պարոն Թումանյանն ասաց, որ գործարանի տնօրենը տվել է այդ թեմայի պարզաբանումը եւ ինքը հարմար չի գտնում անդրադառնալ դրան, որպեսզի ակամայից չստանձնի Արթուր Բաղդասարյանի փաստաբանի դերը:
Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը, որը ասուլիսի մյուս բանախոսն էր, աշխատողների իրավունքը դիտարկեց սպառողական զամբյուղի տեսանկյունից: Նրա խոսքերով, եթե նվազագույն զամբյուղն ավելի մեծ թիվ է կազմում` 51 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ, ապա սա արդեն իսկ աշխատողի իրավունքի խախտում է: Ըստ նրա, մեր երկրում ստացած աշխատավարձի 65 տոկոսն է գնում սննդի, մինչդեռ զարգացած երկրում, եթե աշխատավարձի 25 տոկոսից ավելը գնում է սննդի վրա, ապա երկիրը համարվում է աղքատության շեմին:
«Մարդը չի ծնվել կոշիկ եւ պոմիդոր սպառելու համար, մարդը ծնվել է հոգեւոր կյանքով ապրելու համար»,-այսպիսի համոզմունք է հայտնում Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքերով, կառավարության վերջին փոփոխությունները ոչ մի հավատ չեն ներշնչում, թե մեր երկրում ինչ-որ դրական փոփոխություն կլինի: Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, Արմեն Պողոսյանը կարծում է, որ այն անհրաժեշտություն է, բայց սկզբունքը սխալ է:
Կարեն Թումանյանը գտնում է, որ ձեռնարկությունները գրանցվելիս պարտադիր պիտի արհեստակցական միություն ունենան: Նրա կարծիքով էլ՝ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում պետական մոտեցում չկա:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե այսօր մի շարք խոշոր ձեռնարկություններ ունեն արհեստակցական միություններ, սակայն ձեւական բնույթ են կրում եւ ավելի շատ գործատուի շահերն են պաշտպանում, քան աշխատակիցների, պարոն Թումանյանի պատասխանը` տեսանյութում
Սահմանադրական դատարանի որոշմանը հակառակ, աշխատակիցներից կրկին պահվում են պարտադիրի գումարները, հարցին, թե արդյո՞ք աշխատողի իրավունքի խախտում չէ դա, Կարեն Թումանյանն ասաց, որ կառավարությունը, ինչպես տրանսպորտի ուղեվարձի «100 դրամ»-ի, այնպես էլ կենսաթոշակայինի դեպքում «ֆոկուս» արեց, թողնելով նույնը, որպեսզի ժողովրդավար երեւա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ