Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի դստեր, խնամու գործի վարույթը չի կասեցվել

Մայիս 01,2014 13:57

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ստացվել է 25.04. 2014թ. որոշումը՝ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին: Խոսքը Նարինե Սարգսյանը, Հրանտ Սուվարյանն ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի, երրորդ անձ «Առավոտ» ՍՊ ընկերության պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործի մասին է:

Նարինե Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն է, Հրանտ Սուվարյանը՝ խնամին:

Դատավոր Սիմիզար Հովսեփյանի օգնական Ս.Աբովյանը միաժամանակ տեղեկացրել էր, որ գործի քննությունը նշանակվել է մայիսի 30-ին:

Դատարանի որոշումը 3 համակարգչային էջից է բաղկացած:

Դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել էր պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու համար: Պատասխանողի ներկայացուցիչը հայտնել էր, որ սույն գործով Հրանտ Սուվարյանի եւ վարչական գործով անցնող մյուս երրորդ անձանց դիմումների հիման վրա, Հրանտ Սուվարյանի լիազորված անձ Հայկ Սարգսյանի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում 2013թ. նոյեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետի կողմից ընդունվել է թիվ 5896-Ա որոշումը: Ըստ այդ որոշման, ճանաչվել է նրա սեփականության իրավունքը 1036.13 քմ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող գույքի նկատմամբ: Իսկ շենք-շինությունների մեջ մտել է նաեւ Լեմբերիկ Խաչատրյանի կողմից կառուցված ավտոտնակը, առանց վերջինիս գիտության: Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը վարչական գործով իր պատասխանում գրել է. «Նշված ավտոտնակը դեռեւս 1985թ.պատկանել է Հրանտ Սուվարյանին», այն դեպքում, երբ նա գործով անցնող հասցեում նվիրատվության պայմանագրով գույք է ձեռք բերել 1993 թվականին եւ նշված ավտոտնակը ձեռքբերված գույքային միավորների մեջ չի մտնում:

Դատարանը կասեցման որոշման մեջ նշել էր պատասխանողների այն տեղեկությունը, համաձայն որի՝ քաղաքապետարանի հիշյալ որոշումից հետո Հրանտ Սուվարյանի լիազորված անձը 3 առանձին դիմումներ է ներկայացրել անշարժ գույքի պետական կոմիտե՝ կադաստր, առանձին ներկայացնելով 3 բնակելի տներն ու ընդհանուր հողամասի հատակագիծը:
Դիմումը չի բավարարվել եւ, հետեւաբար, պետական գրանցում չի եղել:
Դատարանն արձանագրել էր, որ Հրանտ Սուվարյանի կադաստրային գործի վարույթը դադարեցվել էր, քանի որ Լեմբերիկ Խաչատրյանի ավտոտնակի հետ կապված առկա են եղել գույքի պատկանելությունը վիճարկող, պատասխանողի օգտին իրավահաստատող փաստաթղթեր:

Սարգսյանի, Սուվարյանի գործով կասեցման որոշման այլ մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031