ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից Խորհրդային Միության հոտ է գալիս: Հանրապետականն իրեն համարում է Կոմունիստական կուսակցություն, այսինքն՝ ղեկավարող կուսակցություն:
«Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը, կարծիք է հայտնում «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ երեկ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի՝ չառաջադրվելու եւ ապագայում վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտարարությունը Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել եւ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապագա տասնամյակում պետք հասկանան, որ դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է։
Էդուարդ Շարմազանվը հավելել է, որ այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով, իսկ ապագա տասնամյակում ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը ՀՀԿ-ն է լինելու:
Կարդացեք նաև
«Նման հայտարարությունից հետո արդեն զարմանալի չի լինի, եթե ՀՀԿ-ի առաջնորդող դերն ամրագրվի նաեւ Սահմանադրության մեջ, ինչպես ժամանակին Կոմունիստական կուսակցության դերն էր ամրագրված ՍՍՀՄ Սահմանադրության մեջ»,- «Մեդիալաբի» ասում է Աղասի Ենոքյանը :
Վերլուծաբանի խոսքով, ԽՍՀՄ-ում էլ այնպես էր, որ պաշտոններին հավակնողները պարտադիր պետք է լինեին Կոմունիստական կուսակցության անդամներ, այլ տարբերակ չկար:
«Սրա նման ակնարկ կար, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է անցնել զուտ կուսակցական աշխատանքի: Ինչպես խորհրդային ժամանակներում գլխավոր քարտուղարներն էին որոշում երկրի քաղաքականությունը, այստեղ էլ, նույն մտայնությունը կա»,-նկատում է Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլեւս երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնին եւ եթե քննարկումների արդյունքում պառլամենտական կառավարման մոդել ընտրվի, չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ ՀՀԿ-ն կշարունակի իր դերակատարությունը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում