Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արջուտի դպրոցի տնօրենի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը

Մայիս 01,2014 14:30

Դատարանի կայացրած արդարացման վճիռը նույնն է մնացել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահող դատավոր Լ. Թադեոսյանի գլխավորությամբ, օրինական ուժի մեջ է թողել Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը:

Անդրանիկ Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012 թվականի սեպտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված զգալի չափերով՝ 195.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը:

Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը, սակայն, անհիմն ու ապօրինի է որակում առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով իրավազուրկ ու անտրամաբանական: «Բացարձակ անհիմն, ակնհայտ ապօրինի մեղադրանք է»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր փաստաբանը՝ պատմելով դեպքի՝ դատաքննության ընթացքում պարզված հանգամանքները:

Նա ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դպրոցի սառնարանն ու տեսախցիկը յուրացնելու համար, այնինչ, վերջինս մտադրություն չի ունեցել յուրացնելու վերոնշյալ ապրանքատեսակները:

«Պարզվեց, որ սառնարանը կայծակից վնասվել է, տնօրենը տեղափոխել է իր տուն, իր անձնական միջոցներով վերանորոգել է: Այդ ընթացքում դպրոցում պետական ծրագրով շինարարական աշխատանքներ են սկսվել, փոխվել են պատուհանները: Անդրանիկ Սողոմոնյանը սպասելիս է եղել շինարարության ավարտին, որպեսզի սառնարանը վերադարձնի դպրոց: Այդ ընթացքում, սակայն, սառնարանը հայտնաբերվել է եւ տարվել է դպրոց: Տեսախցիկն էլ խուզարկությունից երկու օր առաջ իմ պաշտպանյալը օգտագործել է կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ, ով նույնպես այդ դպրոցում մանկավարժ է աշխատում: Տեսախցիկը նորից դպրոց պիտի վերադարձվեր: Խուզարկության ժամանակ դա էլ է տանը եղել, համարել են, որ երկու իրը յուրացվել է»,- ասել էր Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ առաջադրված մեղադրանքը ոչ միայն իրավաբանության հետ առնչություն չունի, այլեւ առարկայազուրկ է, նման մեղադրանքներն էլ եզակի են լինում:

Անդրանիկ Սողոմոնյանն էլ մեզ հետ զրույցում զրպարտություն էր որակել իրեն վերագրվող արարքը:

«Իմ տանը սառնարանը տեսել են հոսանքից անջատված, դռները բաց վիճակում, դիմացն էլ իմ սառնարանն էր՝ ուտելիքներով: Ինչ վերաբերում է տեսախցիկին, եթե ես մտածեի, որ կկասկածեն, շատ արագ կտանեի, տեղը կդնեի, բայց ես գիտեմ, որ ես հափշտակող չեմ: Ես ազատամարտիկ եմ, այդ դպրոցի հիմնադիր տնօրենն եմ, 25 տարի առաջ ես իմ ջանքերով հիմնեցի այդ դպրոցը, հիմա ինձ յուրացման մեջ են մեղադրում»,- նշել էր Անդրանիկ Սողոմոնյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031